HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Սամվել Ալեքսանյան. «ոչ գործարարները»՝ հարկատուներ

Հայաստանի պետական պաշտոնյաներին պատկանող և նրանց փոխկապակցված հայտնի ընկերությունների մի մասը խոշոր հարկատուների ցանկում է։ Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած Հայաստանի 1000 խոշոր հարկատուների մասին ցանկի՝ կարելի է հասկանալ, թե այդ ընկերություններն ինչ ծավալի հարկեր են վճարում պետբյուջե։

Միևնույն ժամանակ, չնայած հայ պաշտոնյաները «խարիսխներ» ունեն բազմաթիվ բիզնեսներում և ընկերություններում, սակայն բոլորի մասին տեղեկություններ ստանալ չափազանց դժվար է, քանի որ նույն պաշտոնյաներն իրենց բիզնեսները գրանցում են բարեկամ-հարազատների, ծանոթների կամ առաջին հայացքից իրենց հետ բոլորովին կապ չունեցող մարդկանց անուններով։ Պատճառը շատ պարզ է՝ ՀՀ սահմանադրությունն արգելում է պաշտոնատար անձանց զբաղվել գործարարությամբ, բայց դա չի խանգարում մոնոպոլիաների դեմ խիստ «պայքարող» վարչապետ Հովիկ Աբրահամյանին, գործարարությամբ «չզբաղվող» Սամվել Ալեքսանյանին, որևէ բիզնես «չունեցող» Գագիկ Խաչատրյանին և այլոց օրեցօր ընդլայնել իրենց բիզնեսների սահմանները։

Այս տարվա առաջին կիսամյակի հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնի «ոչ գործարար» պաշտոնյաներին պատկանող ընկերություններից առաջինը հանդիպում ենք «Ալեքս Գրիգ»-ի անունը։ Այս ընկերությունը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից, երևի թե, ամենահայտնին է։ Ինչպես մյուսները, Ս. Ալեքսանյանը ևս մի քանի առիթով նշել է, որ «բիզնեսով չի զբաղվում», այլ՝ միայն «պալիտիկայով»։ Բայց նրա գործարար և օլիգարխ լինելու փաստն այնքան անհերքելի է, որ զավեշտալի է թվում քննարկելը։ Նրան պատկանող և հանրապետության խոշոր հարկատուների շարքում առավ բարձր դիրքեր զբաղեցնող մյուս ընկերություններն են «Նատալի ֆարմ» դեղատների ցանցն ու օղու արտադրությամբ զբաղվող «Ա և Գ»-ն։ Երեք ընկերություններն էլ այս տարվա առաջին կիսամյակում ավելի քիչ հարկ են վճարել, քան նախկինում։

Այսպես, «Ալեքս Գրիգ»-ն այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 5-րդ խոշորագույն հարկատուն է։ Այս կես տարում այն պետբյուջե է վճարել մոտ 7,304 մլրդ դրամի հարկ։ 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ վճարել է 1,32 մլրդ դրամով կամ 15,3%-ով ավելի քիչ։

Մյուսը «Նատալի ֆարմ»-ն է։ Թեև այն առավել հայտնի է որպես Հայաստանում դեղատների ցանց ունեցող ընկերություն, սակայն մեր նախորդ հոդվածներից մեկի պատրաստման ժամանակ պարզել էինք, որ այն զբաղվում է նաև թռչնամսի ներմուծմամբ ու մսամթերքի արտադրությամբ։ Հավանական է՝ նաև այլ ոլորտներում է գործունեություն ծավալում։

Ընկերությունն այս տարվա ցանկում 42-րդ տեղում է։ Կես տարում վճարել է մոտ 1,46 մլրդ դրամի հարկ։ Այն ևս ավելի քիչ է վճարել այս տարի, քանի 2015-ի նույն ժամանակաշրջանում։ Տարբերությունը կազմում է 172 մլն դրամ կամ 10,5%։

Ս. Ալեքսանյանին  պատկանող մյուս խոշոր ընկերությունը «Ա և Գ»-ն է, որը կիսամյակի կտրվածքով  51-րդ տեղում է։  Այս ընկերությունն առավել հայտնի է ռուսական և ուկրաինական օղիների նմանակմամբ ու կեղծմամբ։ Նախկինում այս գործով զբաղվում էր «Ալեքս Գրիգ»-ը։ 2010 թվականին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչական մի քանի վարույթ հարուցեց ու շուրջ 3,5 մլն դրամի տուգանք կիրառեց «Ալեքս Գրիգ»-ի նկատմամբ։  Պահանջ էր ներկայացվել դադարեցնել արտադրությունն ու կեղծ օղիների իրացումը։ Բայց Ս. Ալեքսանյանն այս խնդրի իր լուծումն ու բանաձաևը գտավ՝ «Ալեքս Գրիգ»-ի փոխարեն կեղծ օղիների արտադրությամբ սկսեց զբաղվել «Ա և Գ» ընկերությունը, որի անունն այդ ժամանակ դեռ անհայտ էր։ 2015-ի առաջին կիսամյակի հարկատուների ցանկում «Ա և Գ» ընկերության ՀՎՀՀ-ով (Հարկ վճարողի հաշվառման համարը) ներկայացված է  «Սամ-Սեր Գրուպ» ընկերությունը (թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, ՊԵԿ-ի պարզաբանումը կփորձենք ներկայացնել առաջիկայում)։ Այս տարի «Ա և Գ»-ն վճարել է մոտ 1,13 մլրդ դրամի հարկ՝ 158,5 մլն դրամով կամ 12,3%-ով ավելի քիչ, քան «Սամ-Սեր Գրուպ»-ը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում։ 


Create column charts

 Տվյալները՝ ՀՀ ՊԵԿ

Այսպիսով, Ս. Ալեքսանյանին պատկանող առավել հայտնի և հարկատուների շարքում առավել բարձր դիրքեր ունեցող երեք ընկերություններն այս միասին տարի պետբյուջե են վճարել մոտ  10 մլրդ դրամի հարկ։ Մեկ տարում երեքի հարկերը միասին նվազել են ավելի քան  1,3 մլրդ դրամով կամ 11,4%-ով։ Այդ 1,3 մլրդ դրամը հարկերի համար բավականին զգալի գումար է։

Համեմատության համար՝ այս տարվա 1000 խոշոր հարկատուներից միայն առաջին 57-ի հարկերն են գերազանցել 1 մլրդ դրամը։ Թե՛ Ս. Ալեքսայնանի, թե՛ մյուս պաշտոնյաների ու գործարարների ընկերությունների վճարած հարկերի նվազումը դեռևս չի կարող նշանակել, որ նրանց գործերը վատացել են։ Նույնն էլ՝ աճը չի կարող նշանակել, թե գործերն ավելի են լավացել։ Ինչպես նրանց բիզնեսներին առնչվող գրեթե ամեն ինչի, այնպես էլ՝ վճարած հարկերի առումով կասկածները շատ են։ Մեծ հարց է՝ որքանո՞վ են նրանց վճարած հարկերը համապատասխանում իրենց բիզնեսների ծավալներին։

Այլ պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների պատկանող հայտնի ընկերություններին կանդրադառնանք առաջիկայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter