
«Աշխատելուց չեմ խուսափում, ուղղակի իմ կարիքը կա եւ՛ տան գործերում, եւ՛դրսի»
Մետաքսե Պետրոսյան
Ալլան հազիվ 25 տարեկան լինի եւ պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալու։ Նրա առաջնեկը՝ Նարեն, մեկ տարին նոր է բոլորել։ Նրան շրջապատել են երեք ավագ քույրերը՝ 7 տարեկան Լենան, 6 տարեկան Մարիաննան, 4 տարեկան Անահիտը, որոնք ամուսնու՝ Մյասնիկ Գեւորգյանի առաջին ամուսնությունից ծնված երեխաներն են։ Քույրերից չորրորդը՝ 2 տարեկան Սյուզանը, գտնվում է Նոր-Նորքի հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների կենտրոնում:
Գառնեցի Մյասնիկի առաջին կինը՝ քսանութամյա Սյուզան Իսրայելյանը, երկու տարի առաջ մահացել է չորրորդ երեխային ծննդաբերելու ժամանակ։ Ամուսնու ասելով՝ կինը հղիության ընթացքում առողջական խնդիրներ չի ունեցել։ Նախքան ծննդաբերությունը, Նոր-Նորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատանը կատարված վեջնական անալիզները եղել են նորմայի մեջ, որից հետո կնոջը տարել են ծնարան։ Ինքը չկարողանալով մորը եւ երեք մանկահասակ երեխաներին ողջ օրը միայնակ թողնել, վերադարձել է տուն։
«Միշտ կապի մեջ եմ եղել հիվանդանոցի հետ։ Տասնյակ անգամներ զանգել եմ, պատասխանել են, որ ամեն ինչ նորմալ է։ Երեկոյան կրկին զանգեցի, պատասխանեցին, որ կինս իրեն լավ չի զգում։ Անմիջապես գնացի, բայց կնոջս մահացած տեսա։ Նրանց ասելով՝ կնոջս մոտ արյունահոսություն էր սկսվել ծննդաբերությունից հետո եւ հեռացրել էին արգանդը, բայց չէր փրկվել։ Երեխայիս էլ հաշմանդամ են դարձրել՝ ծննդաբերության ժամանակ ծնոտից քաշել են։ Աղջիկս պարանոցից ներքեւ թույլ է, շարժվել չի կարողանում, մշտապես պառկած է։ Արդեն երկու տարեկան է, բայց տուն բերել չեմ կարող, որովհետեւ այս պայմաններում հնարավոր չէ նրան պահել»,- պատմում է Մյասնիկը։
Երեխային անվանակոչել են մոր անունով: Հիվանդանոցն իր խնամակալության տակ վերցնելով հաշմված երեխային հորն առաջարկել էր հրաժարվել նրանից։ «Ես մերժեցի: Ո՞նց կարող եմ հրաժարվել իմ երեխայից։ Ժամանակ առ ժամանակ այցելում եմ, ինձ ճանաչում է։ Հույս ունեմ, որ կբուժվի»,- ասում է Մյասնիկը։
Մյասնիկի մայրը՝ Լենա Գեւորգյանը, կաթվածի հետեւանքով կորցրել է խոսելու, ընկալելու, շարժվելու ունակությունը եւ արդեն հինգ տարի գամված է անվասայլակին։ Ալլան ասում է, որ միայնակ չի կարող սկեսրոջը տեղաշարժել: Բազմաթիվ ու տարաբնույթ խնդիրներին լուծում տալու ողջ ծանրությունն ընկած է ընտանիքի միակ տղամարդու ուսերին։ Նրա կարիքը կա եւ՛ տան գործերում, եւ՛դրսի: Մյասնիկի ասելով՝ կենցաղային պայմաններն իրեն հնարավորություն չեն տալիս լիարժեքորեն զբաղվել հողագործությամբ, որպեսզի ցանկալի արդյունք ունենա։
Բազմանդամ ընտանիքը՝ յոթ շունչ, ապրում է մի ընդարձակ սենյակի մեջ, որը վարագույրներով կիսված է երկու մասի։ Վարագույրից այն կողմ այսպես կոչված ննջարանն է երկու մահճակալով եւ հինգամսական փոքրիկի օրօրոցով։ Ճաշասենյակ ենթադրվող հատվածում էլ պատերի երկայնքով տեղավորված են մահճակալներ ու օրօրոցներ։ Մնացած մասը զբաղեցնում են ճաշասեղանը, մի հնամաշ բազմոց, նույնքան հնամաշ երկու սպասքապահարան, մի աթոռ եւ մի հեռուստացույց։ Սա է նրանց ունեցած ողջ կահկարասին։ Տունը ծմակ է, արեւ գրեթե չի թափանցում ու խոնավահոտ է բուրում, բետոնե հատակը ծածկող թաղիքը բորբոսած է։
Մեր այցելության պահին տեղատարափ անձրեւ սկսվեց, եւ առաստաղի տարբեր հատվածներից ջուր սկսեց թափվել հեռուստացույցի, անկողինների, պահարանների վրա։ Ամուսիններն սկսեցին փութով մահճակալներն ու պահարաններն այս ու այն կողմ քաշել անձրեւի ներխուժումից պաշտպանելու համար։ «Կտուրը վաղուց քայքայվել է, բայց ի վիճակի չեմ փոխելու,- բացատրում է Մյասնիկը, ապա հավելում,- աշխատելուց չեմ խուսափում, ուղղակի մորս չեմ կարողանում թողնել ու տնից ամբողջ օրով բացակայել, որպեսզի որեւէ աշխատանքի տեղավորվեմ։ Սեփականաշնորհված հող ունեմ, չեմ հասցնում ինչպես հարկն է մշակել»։
Նախամուտքի ծածկի տակ դրված է մի գազօջախ, որտեղ պատրաստվում է ընտանիքի հանապազօրյա կերակուրը։ Սանհանգույց կամ նման բան հիշեցնող ոչինչ չկա։ Երիտասարդ տանտիկինն ասում է, որ չափազանց դժվար է այդ պայմաններում կազմակերպել չորս մանկահասակ երեխաների ու հաշմանդամ սկեսրոջ կենցաղը։ Ալլան խիստ երիտասարդ է նման ծանր բեռ իր ուսերին կրելու համար: Մեր հարցին, թե ինչպե՞ս է համաձայնել այդպիսի պատասխանատվություն ստանձնել, պատասխանում է. «Սկզբում չէի համաձայնվում, սակայն հետո երեխաներին մեղքս եկավ ու համաձայնեցի ամուսնանալ»։
Ընտանիքի ֆինանսական միջոցները կազմում են 54.000 դրամ ընտանեկան նպաստը ու երեխաներին հատկացված 110 000 դրամի չափով թոշակը։ Ունեն մեկ կով եւ մեկ խոզ, տնամերձ հողամասն առանձնապես բերքատու չէ։ Բնականաբար, այս նվազ միջոցներով բազմանդամ ընտանիքը չի կարող իր նվազագույն կենսական կարիքները հոգալ եւ ապրում են մի կերպ՝ ծայրը ծայրին։ Խանութների, դեղատան պարտքերը վերջ չունեն։ «Աղջկաս ծննդյան համար գնված հագուստեղենի ու այլ անհրաժեշտ պարագաների պարտքը դեռ չենք կարողացել փակել»,- իրենց ծայրահեղ վիճակն է ներկայացնում Ալլան։
գնության ձեռք մեկնողները քիչ են, բայց կան։ Գառնիի դեղատան տնօրեն Արուսյակ Այվազյանն ընտանիքին օգնում է տարբեր հարցերում։ Նա իր դեղատանը հանգանակության արկղիկ ունի սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար: Մյասնիկի տան անմիջական շարունակություն հանդիսացող նախկին գոմի տարածքն այս տարի նրա օժանդակությամբ մաքրվել, պատ է շարվել ու միացվել է տանը, որպեսզի աղջնակները ննջասենյակ ունենան։ Իհարկե, աշխատանքները դեռ չեն ավարտվել, բայց դրսում կուտակված ավազն ու քարը հույս են ներշնչում, որ մինչեւ ձմեռ աղջիկներն իրենց սենյակը կունենան։
Մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել ուսումնական տարվան, բայց վեցամյա Մարիաննան ոչինչ չունի դպրոց գնալու համար։ «Գումար չունենք դպրոցական հագուստ ու գրենական պիտույքներ ձեռք բերելու համար: Մտածում ենք այս տարի դպրոց չուղարկել»,- հերթական խնդրի մասին քաշվելով պատմում է տանտիկինը։
Մեր հարցին, թե համայնքապետարանը օժանդակո՞ւմ է ընտանիքին ծայրահեղ սոցիալական վիճակը թեթեւացնելու հարցում, Մյասնիկը պատասխանեց․«Եթե դիմում եմ՝ ընդառաջում են, բայց ես ինձ թույլ չեմ տալիս»։
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել