HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սեդրակ Նազարյանը կալանավորվել է

Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը։ Դատական նիստից հետո Սեդրակ Նազարյանին տեղափոխել են ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

Հուլիսի 31-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում, ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը։ Այդ օրվանից նա գտնվում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության ներքո։ Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Նազարյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը, երեկ՝ ժամը 18:00-ի սահմաններում, նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ, և դրանից անմիջապես հետո սկսվել են քննչական գործողություններ։

Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։ Մեղադրանք առաջադրելուց ժամեր անց նշանակվել էր դատական նիստ, որում քննվել է Նազարյանի խափանման միջոցի հարցը։

«Երեկվա ամբողջ գործընթացը, այդ թվում նաև դատական նիստը և դատավորի վարքագիծը,  առնվազն անմարդկային վերաբերմունքի դրսևորում էր մեղադրյալի նկատմամբ: Դատավորը ոչ մի կերպ դատական նիստը չէր հետաձգում եւ անցկացնում էր այն պայմաններում, երբ անձը ի վիճակի չէր դրան մասնակցել: Սեդրակը այդպես էլ չիմացավ, թե ինչի մասին էր նիստը և ինչի համար ենք այնտեղ հավաքվել, քանի որ նիստի հիմնականում մասում նա քնած էր»,- «Հետք»-ի հետ զրույցում նշում է Վարոսյանը:

Հարցին, թե ինչու է դատարանը մերժել նիստը հետաձգելու միջնորդությունը, փաստաբանը պատասխանեց, որ իր կարծիքով ո՛չ դատավորն էր որոշել, որ այդ օրը նիստ պետք է անցկացնի, ո՛չ քննիչն էր որոշել, որ երեկ պետք է Նազարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրի:

Մինչ դատական նիստը Երվանդ Վարոսյանը իր և մյուս փաստաբան Լուսինե Սահակյանի անունից, իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել, նշելով, որ Սեդրակ Նազարյանին մեղադրանքը պարզ չէ, նա հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից և արտաքին աշխարհի հետ որևէ կապից, մինչ օրս չի ճանաչվել տուժող և իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Սեդրակ Նազարյանի համագյուղացիներն ու հարազատները քարերով, ավտոմեքենաներով փակել էին նրա հայրենի գյուղի՝ Սպանդարյանի ճանապարհը և միայն ժամեր անց, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այնտեղ ժամանելուց հետո, միջպետական ճանապարհը բացվել էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter