HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամցխե-Ջավախքի հայաբնակ գյուղը` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղից 10 տարի անց

Երբ սկսվեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն Թբիլիսիի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան նավահանգիստ Ջեյհանին միացնող նավթամուղի շինարարությունը և պարզ դարձավ, որ նավթամուղն անցնելու է Սամցխե-Ջավախքի Մոլիթ գյուղի հողատարածքներով, տեղացիներն ուրախացան։ 

Կասպից և Միջերկրական ծովերը միացնող 1768 կմ երկարությամբ խողովակաշարի շուրջ  2 կմ հատվածն էլ Մոլիթի վարչական տարածքով պետք է անցներ, ինչի համար գյուղացիներին փոխհատուցումներ խոստացան։ 

Մոլիթցիներն էլ որոշեցին, որ անկախ այն հանգամանքից, թե ում հողատարածքներով է անցնելու նավթամուղը, գումարը գյուղում առկա ծխերի միջև հավասար է բաժանվելու։ Այդպես էլ արվեց։ Մոլիթի յուրաքանչյուր ծուխ 14000 լարի ստացավ (այժմ՝ մոտ 6000 դոլար)։

2004-2005թթ․ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի շինարարությամբ Մոլիթում աշխուժություն մտավ։ Մոլիթցիներն իրենց կարևոր և ուշադրության կենտրոնում զգացին։ Շինարարության ավարտից հետո էլ նավթամուղը հսկելու համար տարբեր ժամանակներում 20-40 աշխատատեղ ստեղծվեց տեղացիների համար։ Գյուղի ճանապարհները չասֆալտապատեցին, բայց ավազով բարեկարգեցին։

Ծովի մակարդակից 2050 կմ բարձրության վրա հիմնված այս գյուղում առանց այն էլ բնակչությունը սակավաթիվ է։ 2002 թվականի մարդահամարի պաշտոնական տվյալներով՝ գյուղում 273 մարդ է ապրել՝ շուրջ 54 ծուխ։ Հիմա 45 ծուխ է մնացել։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի փոխհատուցման գումարը ստանալով՝ 9 ընտանիք գյուղից հեռացավ։ Ոմանք առիթը բաց չթողեցին, ոմանք էլ վաղուց հարմար առիթի էին սպասում։

Բաքու-Ջեյհանից ստացած արժեքավոր «ներդրումը» գյուղում դպրոցի բարեկարգումն էր։ 9-ամյա դպրոցում, սակայն, ընդամենը 36 աշակերտ է սովորում։ Այս ուսումնական տարվա սկզբին դպրոցը կդիմավորի 3 առաջին դասարանցու։ 3-րդ և 5-րդ դասարաններ ընդհանրապես չկան։

Մանկավարժի որակավորմամբ երկու մասնագետ է դասավանդում դպրոցում՝ հայոց լեզվի և գրականության և մաթեմատիկայի ուսուցիչները։ Մյուսները կամ տվյալ առարկան դասավանդելու «հարմար» թեկնածու են, կամ տվյալ ոլորտում որոշակի գիտելիքներ ունեցող անձինք, կամ Ախալքալաքի մասնավոր բուհերի շրջանավարտներ։ Նույնիսկ վրացերենի ուսուցիչը մանկավարժ չէ. ազգությամբ վրացի է, այդ իսկ պատճառով նրան է վստահվել առարկայի դասավանդումը։ Ինֆորմատիկայի մասնագետ չկա, իսկ քաղաքագիտությունը միայն դասացուցակում է։ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ Քնար Հարությունյանն այժմ Մոլիթի դպրոցում անգլերեն է դասավանդում։ Հիշում է, որ երբ ինքն էր աշակերտ՝ շուրջ 10 տարի առաջ, Մոլիթի դպրոցում ավելի քան 100 աշակերտ էր սովորում։  

Նավթամուղի գործարկումից 10 տարի է անցել։ Մոլիթը նորից հետընթաց է ապրում։ Աշխատատեղերը հետզհետե կրճատվել են։ Նավթամուղի հսկողությունն ուժային կառույցներին է վստահվել։

Այժմ գյուղ հասնելու համար տրանսպորտային հատուկ միջոց է հարկավոր, որովհետև տարիների ընթացքում անձրևները ավազը քշել, տարել են։ 64 կմ է գյուղը հեռու շրջկենտրոն Բորժոմից: Բակուրիանից հետո ավելի քան 30 կմ-ը քարուքանդ ու գրունտային է։ Ախալքալաք քաղաքից ավելի մոտ է, բայց տաքսի վարողները կտրուկ հրաժարվում են դեպի Մոլիթ վարել՝ անկախ խոստացած գումարից։ Երրորդ մերժումից հետո «Նիվա» ունեցող բարեկամներս են ստանձնում սարերի ու քարերի միջով ինձ Մոլիթ հասցնելու պատասխանատվությունը։ 

Խոտհնձի ժամանակն է Մոլիթում։ Աջ ու ձախ խոտհավաքի տեսարաններ են։ Խստաշունչ 8 ամիս տևող ձմռանը հաջորդում է 2 ամիս համեմատաբար մեղմ, իսկ 2 ամիս էլ՝ ամառային խանձող արևը։ Օգոստոսյան կիզիչ արևից պաշտպանվելու համար կանայք դեմքերը ծածկել են հատուկ ջոկատայինների նման՝ թողնելով միայն աչքերը։ Ոմանք մեքսիկական ոճի լայնեզր գլխարկներով են պատսպարվում արևից։ Ձիուն հարմարեցված հատուկ սարքավորումներով գյուղացիները հավաքում են խոտը, «պրեսի» տրակտորը սպասում է խոտը «լոդա» անեն, որ իր գործն անի։ Բեռնատարը կամ այդ գյուղերում տարածված «Ֆորդ» մեքենան էլ վերջում տուն կհասցնի խոտը։

Գյուղամեջը դատարկ է։ 66-ամյա Շոթա Մարգարյանն է մոտենում ու նստում «գյուղամեջի պատի տակ»։ Պատմում է, որ Բորժոմի շրջանի չորս գյուղերից՝ Տաբածղուր, Մոլիթ, Չիխարուլա և Բալանթա (Բալանթան է միայն վրացիներով բնակեցված-հեղ․) միայն Մոլիթը գազիֆիկացված չէ։ Օրերս գյուղ է այցելել այս շրջանից պատգամավորի թեկնածություն առաջադրած Տարիել Լոնդարիձեն։ Խոստացել է գազիֆիկացման հարցը լուծել և վերանորոգել ճանապարհը։ «Սահակաշվիլին որ հրամանը տվեց, խողովակները քաշեցին, բայց ոնց քաշած է, այդպես էլ մնացել է։ Բոլոր եկողներն ասել են՝ ամեն ինչ կլինի։ Պրեֆեկտը մեկ անգամ խոստացավ, որ ամեն ինչ կլինի, ասաց ու գնաց»,- պատմում է Շոթա Մարգարյանը։

«Մեր գյուղն ի՞նչ կա որ։ Ո՛չ ճանապարհ կա, ո՛չ մարդկություն կա, ո՛չ նայող կա, տերը մարդ չկա,- Շոթա Մարգարյանի խոսքին հավելում է մոտեցող համագյուղացին,- թե ճանապարհը սարքի, նոր ձայն կտանք»։

Մոլիթի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ։ Վարելահողեր քիչ ունեն, հիմնականում կարտոֆիլ են աճեցնում, որի մի մասն անջրդի է մնում։ Մնացած հողատարածքներից խոտ են հնձում, որպեսզի անասուն պահեն։ Քիչ անասուն և շատ խոտ ունեցողներն ավելացածը երբեմն վաճառում են։ Կախված տարուց՝ չորային, թե խոնավ, խոտի գինն է որոշվում․շատ խոտ եղավ՝ էժան է, քիչ եղավ՝ թանկ։

Մի քանի ընտանիք էլ եկամուտ է ստանում Տաբածղուր լճից։ Մոլիթը Տաբածղուր գյուղից 4 կմ է հեռու։ Տաբածղուր գյուղից բացի՝ լճից տարիներ շարունակ օգտվել է նաև Մոլիթը։

Այս լճի պատմությանը «Հետքի» ընթերցողները ծանոթ են։ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանն է այն վարձակալել, ինչից հետո Տաբածղուր և Մոլիթ գյուղերի բնակիչներին արգելվել է ձկնորսություն անել։ Հիմա հսկողություն չկա, բայց ոչ այն պատճառով, որ Վարդան Այվազյանն է թույլ տվել վերսկսել ձկնորսությունը, պարզապես լճում այլևս ձուկ չի մնացել։

«Ձուկ ե՞րբ է մնացել, որ բռնենք։ Խեցգետինը խժռել է ձկներին»,- խոտի դեզի վրա  խոտը հարմարեցնելով՝ ասում է Ռուբիկ Հարությունյանը։ Նա նույնպես զբաղվում է ձկնորսությամբ։ Ռուբիկ Հարությունյանը որևէ տարակուսանք չունի, որ Վարդան Այվազյանի խեցգետիններն են խժռել ձկներին, որովհետև հենց իր ցանցում է տեսել, թե ինչպես է խեցգետինը մորթազերծ արել ձկանը՝ թողնելով միայն ոսկորները։

Իջնում ենք դեպի լիճը։ Արևի տակ ձյան նման փայլատակում է մոլիթցի տիկնոջ լվացած բուրդը։ Ռուզաննա Միկոյանն է։ Լիճը նրա ամենամյա բուրդ լվալու տեղն է։ Ասում է՝ լճում հարմար է, որովհետև ջուրն առատ է, և բուրդն այնպես է սպիտակում, որ ձյուն է դառնում։ «Տղայիս օր նշանեմ էս տարի, պառկի վրան,- ցույց տալով լվացած բուրդը՝ հպարտանում է Ռուզաննա Միկոյանը։ -Բուրդը բամբակ է դարձնում էս լիճը։ Բա որ շոր ես լվանում, ժավելն ի՞նչ է դեմը, սպիտակեղենը օճառում, գցում ենք արևին, հետո լճում լվանում, միանգամից սպիտակում է»։

Զրույցի ընթացքում պարզվում է, որ տիկին Ռուզաննան հարս է եկել Մոլիթ հարևան Չիխարուլա գյուղից, որտեղ ապրուստն ավելի հեշտ է, քան Մոլիթում։ «Այստեղ գաս հանգստանաս, թե չէ՝ ապրելու տեղ չէ։ Ապրուստ կա, բայց տանջանքը չափազանց շատ է»,- գանգատվում է նա։ 

Լճափին երեք երեխաներ են հագուստից ազատվում՝ աճապարելով վայրկյան առաջ ջուրը մտնել։ 7-8 տարեկան են, բայց լճին վաղուց ընտելացել են։ Նրանց չի հետաքրքրում՝ ով և ինչ պայմաններով է վարձակալել լիճը։ «Էդեվ (հետո) ինչ, մեր լիճն է»,- լճի մասին խոսակցություններին արձագանքում են փոքրիկ լողորդները։ 

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Ապրես Քրիստինե ջան, ընթերցելով քո ռեալիստական, թախիծով լի, սակայն լավատեսական նոտայով ավարտվող հոդվածը, նայելով հրաշալի լուսանկարները՝ մտովի տեղափոխվեցի երիտասարդ տարիներս։ Բանը նրանում է, որ ես Ջավախքեցի լինելուց բացի անմոռանալի հուշերով կապված եմ Մոլիթ գյուղի և Տաբացղուր լճի հետ ։ Այնտեղ են ապրել, այժմյ էլ ապրում են իմ հարազատները։ Հույսով եմ, որ իմ հասակը, տարածությունը և ժամանակը ինձ թույլ կտան մեկ անգամ ևս լինել այդ չքնաղ երկրում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter