
Անդրիաս Ղուկասյանը շարունակում է հացադուլը, սակայն արյան ճնշումը ցածր է
Արդեն 16-րդ օրն է` «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը հացադուլի մեջ է: Օգոստոսի 1-ին Ղուկասյանը հացադուլ էր հայտարարել հետևյալ պահանջով՝ «Պահանջում եմ ժողովրդից Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ և վերականգնել արդարադատությունը իրեն հասանելի բոլոր միջոցներով։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։
Լուսինե Սահակյանը քիչ առաջ է տեսակցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող իր պաշտպանյալին: Ասում է՝ Ղուկասյանը հացադուլը շարունակում է, սակայն դրա պատճառով նրա առողջական վիճակը մի փոքր անկայունացել է, մասնավորապես՝ արյան ճնշումն է ցածր: «Այդքան օր շարունակվող հացադուլի համար, հասկանալի է, որ այսպես էլ պետք է լիներ»,- նշում է փաստաբանը:
Լուսինե Սահակյանը, Ղուկասյանի հարազատներն ու այցելող բժիշկերը նրան հորդորում են դադարեցնել հացադուլը, սակայն Սահակյանի խոսքով՝ իր պաշտպանյալը վճռական է տրամադրված և ոչ մի կերպ չի ցանկանում դադարեցնել հացադուլը:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում։
Մեկնաբանել