HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում հատվել են քաղաքի կենտրոնում գտնվող 50 տարեկան եղևնիները

«Տեղի է ունեցել հանցագործություն»,- վստահ է Էդմոն Մարուքյանը

Երեկ Վանաձորի կենտրոնական հատվածում գտնվող շուրջ 50 տարեկան 5 հատ եղևնիների հատումը զայրույթ է առաջացրել վանաձորցիների շրջանում: Վրդովված վանաձորցիներից մի քանիսը հատումից րոպեներ անց տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակել ֆեյսբուք սոցիալական ցանցում, կատարվածի համար մեղադրելով թե հատումն իրականացնողներին, թե Վանաձորի քաղաքապետարանին:

Ահազանգն ստանալուց անմիջապես հետո եղանք դեպքի վայրում: Քաղաքի սրտում գտնվող այդ հատվածը, որը կրում է Ազատամարտիկների պուրակ անվանումը, վանաձորցիների սիրելի վայրերից է: Այստեղ աջ մայթեզրի երկայնքով հաստաբուն եղևնիներ են:

Հատված եղևնիների հետնամասում գտնվում է կիսավեր եռահարկ կառույց: Երեկ կեսօրին կիսակառույցի դիմաց գտնվող եղևնիները հատվել են, իսկ զայրացած բնակիչներին տեղեկացրել են, որ հատման թույլտվություն ունեն:

«Իրանք շատ վստահ եկան, կտրեցին, գնացին: Առանց արտահագուստի մարդիկ էին: Բանվորները մենակ 5-ից ավել էին: Երկու հրեշտակ սկզբից կանգնացրել էին, որ չկտրեն, հետո նրանք գնացին թուղթ բերեցին, թե հեռախոսով ում  հետ խոսացին, պարզվեց ՝ թուղթ էլ ունեն, ամեն ինչ ունեն»,- ասում է այդ թաղամասում մեծացած Սամվել Առաքելյանն ու ցավով նշում՝ իր մանկության տարիներին տնկված ու իր հետ մեծացած ծառերն այսօր արդեն չկան:

Վերջինս անմիջապես ահազանգել է 911՝ ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից փոխանցել են, որ ահազանգի մասին պատկան մարմիններին տեղյակ կպահեն:

«Քաղաքապետարանից ոչ մեկն էլ չեկավ: Եթե մինչև էս պահը ոչ միլիցիայից ա մարդ եկել, ոչ բան, ուրեմն էդ կտրողները ճիշտ են: Ես ստեղ մի թուփ էի ուզում էտեմ, 100 հոգի ինձ եկավ ամոթանք տվեց, թե մի էտի: Եթե էդ եքա ծառերը էտել են, ուրեմն դակումենտ ունեն: Դա հենց ընենց ոչ մի մարդ չէր գա կտրեր ու գնար»,- նշում է Սամվելն ու կարծիք հայտնում, որ հատումներ իրականացնողը կիսակառույցի սեփականատերն է, որի շենքի դիմային մասը ծառերն ուղղակի փակում էին:

Դիմեցինք Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության ու բարկերագման բաժնի պետ Լյովա Մելիքյանին, որը ծառերի հատման հետ կապված մեր հարցադրումներին ի պատասխան տեղեկացրեց, որ կիսակառույցն ու դիմացի հատվածը, որտեղ գտնվում էին եղևնիները, պատկանում է Վահե Կարապետյանին:

«Քաղաքացու սեփականությունն ա, դիմել է մեզ, որ իր սեփականության տարածքում շինարարության համար եղևնիները խանգարում են: Նաև թեքված հին ծառեր էին և վտանգ էին ներկայացնում: Դիմել են մեզ, որ հատեն, տեղը տնկեն տույա տեսակի ծառեր: Թույլտվություն ունեն, իրենց սեփական տարածքում հատում են, որպեսզի շինարարությունից անմիջապես հետո տույա տեսակի ծառեր տնկեն... Այսինքն՝ իրանց սեփական տարածքում իրանք իրավունք ունեն ամեն ինչ տնօրինելու, իրանց սեփականությունն ա»:

Հարցիս՝ ո՞վ է Վահե Կարապետյանը, Լ. Մելիքյանը պատասխանեց՝  չի ճանաչում:

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետի տեղակալ Արշավիր Ղուկասյանից փորձեցինք ճշտել, թե երբ եւ ինչ հիմունքներով է տարածքը հատկացվել սեփականատիրոջը:

«Դա լուծարայինով է գնացել, մեր բաժնով ոչինչ չի գնացել: Ըստ ինձ հասած լուրերի՝ եղել է ինչ-որ մեկի սեփականությունը, էդ հիմնարկը լուծարվել ա, լուծարայինով վաճառվել ա»,- ասաց Արշավիր Ղուկասյանը:

Թե ում սեփականությունն է եղել տարածքը նախկինում, բաժնի պետի տեղակալը վստահեցրեց, որ չգիտի:

«2003-2004 թվականներին  տրվել է կառուցապատման թույլտվությունը»,- նշեց նա:

Վանաձորյան եղևնիների սպանդին արդեն իսկ արձագանքել է նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ես գտնում եմ, որ այստեղ տեղի է ունեցել հանցագործություն»,- նշում է պատգամավորը, որը նախ եղել է դեպքի վայրում, ապա գրությամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա. Հարությունյանին՝ հաղորդում տալով հանցադործության մասին.

 «Հարգելի՛ պարոն Հարությունյան,
Այսօր Վանաձորի Ազատամարտիկների պուրակի սկզբնամասում ապօրինի հատման են ենթարկվել արծաթափայլ հինգ եղևնիներ: 
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի՝ բազմամյա տնկիները համարվում են անշարժ գույք: 
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի՝ համայնքների սեփականությանն են պատկանում տվյալ համայնքի սահմանագծի ներսում գտնվող հողերը, բացառությամբ պետությանը, քաղաքացիներին, իրավաբանական անձանց և սեփականության այլ սուբյեկտներին պատկանող հողերի: 
Հետևաբար, վերոնշյալ տնկիները, որպես անշարժ գույք, պատկանել են Վանաձոր համայնքին, այսինքն՝ հանդիսացել են համայնքային սեփականություն: Ըստ այդմ՝ ապօրինի ծառահատմամբ խախտվել են համայնքի իրավունքները:
Ըստ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի՝ անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը (…) եթե այդ գործողություններն առնվազն զգալի վնաս են պատճառել, համարվում են հանցագործություն:
Որպես Վանաձոր համայնքի բնակիչ և նույն համայնքից ընտրված պատգամավոր՝ խնդրում եմ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ հանցագործության մասին սույն հաղորդմանը, ինչպես նաև գործի հետագա ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրել նաև ինձ»,- նշված է գրության մեջ:

«Հետքը» հետամուտ է լինելու խնդրի հետ կապված հետագա զարգացումներին:

Գայանե Սարգսյան

        

Մեկնաբանություններ (2)

Նարիե
Մեր հասարակության մեջ արմատացած սխալ գաղափորները ծնում են նույնպիսի սխալ արարքներ, եթե համարում են. , ամեն ինչ սկսվում է այդ գաղափարից: Բերեմ մեկ այլ օրինակ, մեր Վանաձոր քաղաքում, կենտրոնական մասում տեղակայված սրճարանի մոտ նույնպես գտնվում է եղևնի, բայց սրճարանը կառուցելուց եղևնին ՉԿՏՐԵՑԻՆ, այլ գտան շատ հետաքրքիր լուծում, այն արձավ սրճարանի մի մաս!
Սիրարփի Առուստամյան
Հարգելի Hetq, տարիներ շարունակ այդ այսպես կոչված Ազատամարտիկների պուրակը գտնվում է անմխիթար վիճակում, այդ տգեղ կիսակառույց շինությունն էլ վերածվել էր աղբավայրի: Պուրակի վերևի մասում նախկինում իբր թե անցում էին կառուցել, որը վերածվել է հանրային զուգարանի: Պարզ է, թե ինչպես են մեր քաղաքում վերաբերվում ազատամարտիկներին: Իսկ ինչ վերաբերվում է ծառերի հատմանը, դա նորություն չէ, քաղաքի տարբեր հատվածներում է դա կատարվում, օրինակ՝ խանութների դիմաց գտնվող շատ ծառեր հատվել են, և դա քաղաքի պատկան մարմիններին բոլորովին չի հետաքրքրում: Սպիտակի կողմից քաղաքի մուտքը գեղեցկացնող բարդիները աստիճանաբար հատվում են, դրանց տեղը արագությամբ գրավում են տարբեր տգեղ շինություններ և տարածվում է ամերիկյան թխկին, որը մոլախոտ է համարվում: Այս է մեր այսպես կոչված քաղաքի տխուր պատկերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter