HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուլսարի ծրագրի շինարարությունը մեկնարկել է

Օգոստոսի 19-ին Վայոց Ձորի մարզում տեղի է ունեցել Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարության մեկնարկի արարողությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Միջոցառմանը ներկա  էին Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, էներգետիկայի  և բնական պաշարների նախարար Լ. Յոլյանը, Էկոնոմիկայի նախարար Ա. Մինասյանը, շրջակա համայնքների ղեկավարներ, մարզպետներ, այլ պաշտոնատար անձինք: Մասնակիցների թվում էին Լիդիան Ինթերնեյշնլի տնօրենների խորհրդի անդամները, ընկերության բաժնետերեր, IFC և ՎԶԵԲ ներկայացուցիչներ, Հայաստանում Համաշխարային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակների ղեկավարներ Լորա Բեյլին և Տերեսա Դաբան Սանչեսը: Ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Հարյուրից ավելի հյուրերին, համայնքների ներկայացուցիչներին և ընկերության աշխատակիցներին դիմելով Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրեն պարոն Հովարդ Սթիվենսոնը շնորհավորեց բոլոր շահագրգիռ կողմերին Ամուլսարի ծրագրի նոր և կարևոր փուլի մեկնարկի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը, շրջակա համայնքներին, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին վստահության և շարունակական աջակցության համար. «Վստահ եմ, որ ձեր ցանկությունն է տեսնել տարբեր ու ավելի լավ հանքարդյունաբերական ծրագիր Հայաստանում: Ես ուզում եմ վստահեցնել, որ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ցույց տանք, որ հնարավոր է այլ կերպ աշխատել, որ հանքարդյունաբերությունը կարող է լինել պատասխանատու, անվտանգ և կարող է օգուտներ բերել շրջակա համայնքներին: Մենք, բոլորիդ հետ միասին, առաջիկա 12 տարիներին դա իրականություն ենք դարձնելու»:
Ներկաներին ուղղված իր խոսքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասաց. «Առաջին իսկ օրվանից մենք լիովին աջակցել ենք Ամուլսարի ծրագիրն և վստահ ենք, որ այն հաջողությամբ կյանքի կկոչվի: Մենք անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարևորը այսօրվա շինարարության մեկնարկն է, որի համար ես շատ ուրախ եմ, որպես կառավարության ղեկավար: Օտարերկրյա ներդրումների նվազման պայմաններում կարևոր է այս խոշորագույն ծրագրի մեկնարկը: Ցանկանում եմ հատկապես ողջունել միջազգային հեղինակավոր ֆինանսական ինստիտուտների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մասնակցությունը: Ուղղակի համոզված եմ, որ Ամուլսարի ծրագիրը զարգացման նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության համար»:
Ամուլսարի ծրագրի շինարարության մեկնարկի կապակցությամբ ուղերձ էր հղել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը. «Շնորհավորում ենք «Լիդիան» ընկերությանը այս հիշարժան օրվա առիթով և ողջունում ենք Ամուլսարի ծրագիրը Հայաստանում, որը կօգնի ամրապնդել երկրի տնտեսությունը: Ուրախ ենք, որ Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի անդամ, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության աշխատանքային խմբի անդամ «Լիդիան» ընկերության շնորհիվ Հայաստանում գործարար խաղի հավասար պայմանների ձևավորման և սոցիալական պատասխանատվության ամուր մշակույթի կայացման ականատեսը դարձանք: Վստահ ենք, որ ընկերությունը կշարունակի պատասխանատու հանքարդյունաբերության օրինակելի գործունեություն իրանակացնել՝ գործելով թափանցիկ և միջազգային բնապահպանական ու սոցիալական ստանդարտներին համապատասխան»:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի ուղերձում ասված է.

«Այս հիմնարկեքը կարևոր իրադարձություն է ոչ միայն «Լիդիան»-ի, այլև Հայաստանի համար: Ես շնորհավորում եմ «Լիդիան»-ին և իր բազմաթիվ հայ գործընկերներին այս նշանակալի օրվան հասնելուն ուղղված տարիների քրտնաջան աշխատանքի համար: Կարծում եմ, որ այս հաջողությանը հասնելու բանալիներից մեկը եղել է այն երկխոսությունը, որը «Լիդիան»-ը վարել է Հայաստանի կառավարության, տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության և, որ թերևս առավել կարևոր է, տեղական համայնքների հետ: Այս ներգրավման միջոցով «Լիդիան»-ը վստահեցրել է, որհանձնառու է իրականացնել պատասխանատու հանքարդյունաբերություն՝ Հայաստանին բերելով տնտեսական ուսոցիալական օգուտներ և միաժամանակ հարգելով շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը:»

Այս մոտեցումը համահունչ է «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) սկզբունքներին:Մենք ողջունում ենք Հայաստանի հանձնառությունը՝ միանալ ԱՃԹՆ-ին և վստահ ենք, որ «Լիդիան»-ը կառուցողական դեր կխաղա որպես Բազմաշահառու խմբի անդամ: Միացյալ Թագավորության դեսպանատունը պատրաստ էբրիտանական փորձն ու գիտելիքները կիսելու միջոցով շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանին այս գլոբալ ստանդարտին հասնելու իր ջանքերում՝ խթանելով բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը: Մենք հավատում ենք, որ Հայաստանի անդամակցությունը ԱՃԹՆ-ին կխթանի ներդրողների վստահությունը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ և կգրավի ներքին ու օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը: Բրիտանական դեսպանատունը նաև շարունակելու է աշխատել ՀՀ կառավարության և արդյունաբերողների հետ՝ օգնելով բարելավել գործարար միջավայրը և խթանել տնտեսական բարեփոխումները Հայաստանում՝ ի շահ բոլորի»:

Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Ծրագրի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Շինարարության առավել ակտիվ շրջանում ծրագրում զբաղված կլինի 1300 մարդ, արդյունահանման 10 տարիների ընթացքում Լիդիան Արմենիան  կապահովի 700 աշխատատեղ:
Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է IFC և ՎԶԵԲ չափանիշներին համապատասխան Բնապահպանական  և սոցիալական ազդեցությունների գնահատում:
Իր խոսքում Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը վերահաստատեց ընկերության պարտավորությունը կառուցել և շահագործել Ամուլսարի հանքավայրը արդյունաբերական լավագույն փորձի կիրառմամբ, ապահովելով օգուտներ երկրի և  ընկերության բաժնետերերի համար»:

Մեկնաբանություններ (1)

Լևոն
Սրա հետևանքները շատ լուրջ են լինելու, եթե իսկապես շահագործեն այս ոսկու հանքավայրը։ Վտանգվում են Սևանա լիճը, Ջերմուկը Վայոց ձորն ու Զանգեզուրի հյուսիսային հատվածը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter