
Անզոր հակակարկտային կայաններ. Արմավիրում վնասի չափը հաշվում են միլիարդներով
Գրեթե յուրաքանչյուր տարի կարկտահարությունը մեծ վնասներ է հասցնում Արմավիրի մարզի գյուղատնտեսությանը: Այս տարին ևս բացառություն չէր: Որոշ համայնքներում 100%-ով ոչնչացվել է պտուղ բանջարեղենը, խաղողի, նորատունկ այգիները: Գյուղացիները հույս չունեն, որ վնասված վազերը եկող տարի բերք կտան:
Ներկայումս մարզի 38 համայնքներում տեղակայված է 172 հակակարկտային կայան: Դրանք տեղադրվել են, ինչպես պետական բյուջեի, այնպես էլ մասնավոր ընկերությունների կամ անհատների ֆինանսական միջոցներով: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ներկայումս 5 համայնքներում իրականացվում են 12 հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքներ, որից հետո 12 համայնքներում տեղադրվելու են ևս 22-ը:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հանդիպումը գյուղացիների հետ կարկուտից հետո
172 կայաններից 11-ը սեփականության իրավունքով պատկանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, 43-ը՝ համայնքներին, իսկ 118-ը՝ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությանը:
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը տեղեկացրեց, որ գազագեներատորային հեռակառավարվող հակակարկտային կայանքներն աշխատում են հիդրոմետ ծառայության համակարգում 24-ժամյա աշխատանքային ռեժիմով գործող օդերևութաբանական ռադիոտեղորոշիչների դիտարկումների տվյալների հիման վրա: 24-ժամյա հերթապահություն իրականացնող մասնագետները հեռակառավարմամբ գործարկում են այն կայանները, որոնց կողմից պաշտպանվող տարածքներին են մոտենում կարկտաբեր ամպեր:
Նախարարության պաշտոնյայի ասելով՝ 1 միավոր հակակարկտային կայանքի պաշտպանող տարածքը կազմում է 80 հեկտար:
Հարկ է նշել, որ 2014թ. Հայաստանում տեղադրված բոլոր հակակարկտային կայաններն ընդգրկվել են արտակարգ իրավիճակների նախարարության միասնական կառավարման համակարգ և դրանց շահագործումն ու սպասարկումն իրականացվում է հիդրոմետ ծառայության կողմից:
Սակայն հակակարկտային կայանները երաշխիք չեն, որ կարկուտը չի վնասի բերքը: Տեղացած կարկուտներից վնասվել են նաև հակակարկտային կայանի հարևանությամբ գտնվող հողատարածքները: Ըստ նախարարության՝ կարկտային պրոցեսների ուժգնությունը դասակարգվում է չորս կարգի. առաջին կարգի դեպքում հակակարկտային կայանքների արդյունավետությունը 90% է, երկրորդ կարգի դեպքում՝ 50%, երրորդի դեպքում՝ մինչև 20%, իսկ չորրորդ կարգի դեպքում 0%:Հակակարկտային կայաններն անզոր են գտնվել
Նալբանդյան համայնքում գործում է 12 հակակարկտային կայան: Համայնքապետ Գրիգոր Մկրտչյանը նշեց, որ հուլիսի կարկուտից գյուղացիները մեծ վնասներ են կրել և մինչ օրս «հետքերը» երևում են: 400-500 հեկտար, որը մոտավոր գյուղի կեսն է, ամբողջությամբ ոչնչացվել է: Վնասը կազմում է 100%: Նշենք, որ հենց այդ տարածքում են տեղադրված 12 հակակարկտակայանները: Համայնքապետը տեղեկություններ ունի, որ կարկուտի պահին կայանները չեն աշխատել: Ըստ նրա՝ դրանք գործի են դրվում հեռահար՝ GPS-ի միջոցով: Ուժեղ քամու ժամանակ «Յուքոմի» ինտերնետ կապը կորել է և մասնագետները չեն կարողացել կառավարել աշխատանքը:
![]() |
![]() |
«Այդ օրը քամին շատ ուժեղ էր ու հակակարտակայանները օգուտ չէին կարող տալ: Ինչքան կարկուտի մեծությունը չէր, ինչքան որ քամին էր: Կարկուտին խփում էր բույսին ու լրիվ ջարդում թափում էր»,- նշում է համայնքապետը:
Գ. Մկրտչյանի խոսքերով՝ այդ տարածքում այժմ հողերի 80%-ը մնացել է անմշակ: Ով հնարավորություն է ունեցել, վարկ է վերցրել, մշակել է, բայց քանի որ հիմնական մասը վարկերի տակ են, նոր վարկեր չեն կարողացել վերցնել, հողն էլ մնացել է պարապ:
«Այդ տարածքից այս տարի բանջար ընդհանրապես շուկա չի գնում: Դա լեզվով ասելու չէ, գոնե 1 հատ միրգ այդ տարածքից շուկա չեն տարել»,- ավելացնում է համայնքապետը:
Բագարանի համայնքապետ Գևորգ Մարգարյանն ասաց, որ այս տարվա հուլիսի 11-ի տեղացած կարկուտից Բագարանը ևս շատ է տուժել: Ըստ նրա՝ գյուղում 20 հա գարու ցանքատարածություն վնասվել է 90%-ով, իսկ ընդհանուր առմամբ 57 հա հողատարածք է վնասվել: Բագարանում գործում է թվով 7 հակակարկտային կայան: Դրանցից 5-ը տեղադրված է դաշտերում, իսկ երկուսը բնակելի հատվածում: Գևորգ Մարգարյանն ասաց, որ գյուղամեջի հակակարկտային կայանները օգուտ տվել են, իսկ դաշտերում գտնվող կայանները ճիշտ հակառակը:
«Տնամերձ հողատարածքներում քիչ վնաս է եղել կարկուտից, կարելի է ասել՝ չենք արձանագրել: Իսկ դաշտերում ընդհանրապես չի օգնել: Դա էլ երևի քամու ուժգնության հետ է կապված, կամ չեն հասցրել կրակել: Մի քիչ մասնագիտական հարց է, չեմ կարող ասել»,- ասում է Գևորգ Մարգարյանը:
Այս տարվա ուժեղ կարկտահարությունից տուժել է նաև Ակնալիճ գյուղը: Համայնքապետ Գևորգ Միսակյանը նշեց, որ այն տարածքներում որտեղ վնասը քիչ է եղել հավանաբար գործող 7 հակակարտային կայանների շնորհիվ է: Ըստ համայնքապետի՝ դաշտերում վնասվածության աստիճանը 80-100% է, իսկ տնամերձների հատվածում 20-70%:
«Բայց ընդհանրապես շատ ահավոր էր կարկուտի ամպը: Հակակարկտային կայաններն այն հատվածում են տեղադրված, որտեղից գալիս է կարկուտի ամպերը: Բայց այս անգամ լրիվ հակառակ կողմից եկան: Ոչ թե հարավից եկան, այլ հյուսիսից: Տեղադրված կայանն ընդամենը 500մ շառավիղով է օգտակար լինում: Արդեն զգացինք, որ ամպը հակառակ կողից է գալիս և հակակարկտային կայաններն ի զորու չէին լինելու պայքարել, պարզ երևաց»,- ասում է Գևորգ Միսակյանը:
Քարակերտ համայնքի ղեկավար Մհեր Հարթենյանի ասելով՝ համայնքի հողօգտագործողներն այս տարի տուժել են հատկապես հուլիսյան կարկտահարությունից, դրանից առաջ իրենք կարկուտ չեն տեսել: Հիմնականում վնասվել են խաղողի, սալորի այգիները, ինչպես նաև բանջարաբոստանային կուլտուրաները: Վնասվածության աստիճանը կազմում է մինչև 70%:
Համայնքում գործում է 3 համայնքային սեփականության կարկտակայան և 1 մասնավոր: «Այս անգամ կարկուտը շատ ուժեղ է, անհնար էր ինչ-որ բան անել: Եթե շատ ուժեղ է լինում, հնարավոր չէ պայքարել»,- նշեց համայնքապետը:
Որտեղի՞ց են ձեռք բերվել հակակարկտային կայանները
Արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկության համաձայն՝ 2011թ. 40 հատ հակակարտային կայան ձեռք է բերվել «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ՍՊԸ-ից: Մեկ միավոր հակակարկտային կայանի գինը կազմել է 8 միլիոն 586 հազար դրամ:
Նույն ընկերությունից 13 հատ հակակարկտային կայան ձեռք է բերվել 2013թ-ին: Այս անգամ միավորի գինը կազմել է 6 միլիոն 337 հազար դրամ:
2014թ. ձեռք է բերվել 50 հատ հակակարկտային կայան, այս անգամ՝ «Բարվա» ՍՊԸ-ից: Մեկ հակակարկտային կայանի արժեքը կազմել է 3 միլիոն 500 հազար դրամ: Նշված բոլոր հակակարկտային կայաններն արտադրվել են Հայաստանում:
«Պոստ Լեքս Քոնսալթինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ-ին` փաստաբան Արգամ Նազանյանի և ևս երկու հոգու կողմից: Ա. Նազանյանը 2009թ. դուրս է եկել ընկերությունից: Այժմ ընկերության 100% բաժնեմասը պատկանում է Սվետլանա Ալախվերդյանին:
Վերահսկիչ պալատը դեռևս 2011թ. իր տարեկանն հաշվետվության մեջ նշել էր, որ գյուղատնտեսության նախարարությունը 2009թ. մրցույթի արդյունքում, իսկ 2010թ.-ին` մեկ անձից գնման ձևի կիրառմամբ, համապատասխանաբար 28 և 48 հատ հակակարկտային կայանների տեղակայման աշխատանքների պայմանագրեր է կնքել «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ՍՊԸ-ի հետ:
Ծրագրով նախատեսված 14 հատ ֆրանսիական ռեագենտով գործող գեներատորային կայաններից, որոնք տեղադրված գազագեներատորային կայաններից կրկնակի էժան են, պաշտպանում են 8 անգամ ավելի մեծ տարածք և որոնց տեղադրմամբ պետք է ապահովվեր լրացուցիչ տեղումների՝ անձրևի, ձյան ստացումը, ոչ մի հատ չի տեղադրվել:
Նվազագույն քանակությամբ կայանների տեղադրմամբ առավելագույն բարձր արդյունավետություն ստանալու ուղությամբ, ըստ վերահսկիչ պալատի, որևէ աշխատանք չէր իրականացվել: Չէին կատարվել պաշտպանվող տարածքների աշխարհագրական և բնակլիմայական բնութագրիչների ուսումնասիրություններ և որոշված չեն եղել ծրագրով նախատեսված կայանների տեղադրման վայրերը: Կայանների տեղադրման վայրերի ընտրությունները ոչնչով չեն հիմնավորվել: Արձանագրվել էին նաև այլ խախտումներ:
Ըստ վերահսկիչ պալատի՝ հակակարկտային կայանների տեղակայման, շինարարական և վերանորոգման աշխատանքներում արձանագրված ծավալագնային հավելագրումները կազմել են մոտ 15,5 միլիոն դրամ, որը պետք է վերականգնվեր պետական բյուջե:
«Պոստ Լեքս Քոնսալթինգ» ՍՊԸ-ն ընդդեմ վերահսկիչ պալատի 2012թ. դիմել էր վարչական դատարան: Ընկերությունը պահանջում էր ոչ օրինաչափ ճանաչել «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ՍՊԸ-ին ծավալագրային հավելագրումներ և պայմանագրերի կատարման այլ խախտումներ վերագրելու, ինչպես նաև ընթացիկ հաշվետվությամբ գյուղատնտեսության նախարարությանը 15.558.300 դրամը պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ վերահսկիչ պալատի գործողությունները: Ընկերության հայցը մերժվել էր:
«Բարվա» ընկերությունը հիմնադրվել է 2005թ-ին: Ընկերության ներկայիս միակ սեփականատերը Արամ Վարդանյանն է:
Նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2013թ-ին «Բարվա» ընկերության հետ 280 միլիոն դրամի պայմանագիր է կնքել: Շիրակի մարզպետարանը 2014թ. 7 մլն 790 հազար դրամի, իսկ Արագածոտնի մարզպետարանը՝ 19 մլն 500 հազար դրամի պայմանագրեր են կնքել «Բարվա»-ի հետ: Նույն տարում Լոռու մարզպետարանը մարզում հակակարկտակայանների կառուցման նպատակով «Բարվա» ընկերության հետ կնքել է 40 մլն դրամի պայմանագիր, Կոտայքի մարզպետարանը՝ 39 մլն դրամի:
2015թ. 1 հատը 2 մլն 650 հազար դրամով 25 միավոր հակակարկտային կայան ձեռք բերելու պայմանագիր է կնքել նաև Արարատի մարզպետարանը: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 66 միլիոն 250 հազար դրամ և այլն:
Մեկնաբանել