HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեքսանդր Քանանեան. «Քարվաճառ շրջկենտրոնում արդեն 16 ՕՐ ՋՈՒՐ ՉԿԱ՝ ՄԻ ԳՐԱՄ ՋՈՒՐ ՉԿԱ »

Ալեքսանդր Քանանեանը իր ֆեյսբուք էջում գրում է, որ 16 օր է Քարվաճառ շրջկենտրոնում ջուր չկա․ 

 «Երբ 2007 թ․ Արցախում մարզպետ նշանակվելուց հետո Բակո Սահակյանը կասեցրել է Քարվաճառի շրջանի վերաբնակեցումը, որպես «արդարացում» առաջ էր քաշվում այն միտքը, թե «այսուհետ պետք չէ մարդկանց թիվը շատացնել, այլ եղած բնակչության սոցիալ֊ենթակառուցվածքային պայմանները բարելավել»։ Անկեղծ ասած, այս պահին ցանկություն չունեմ վերլուծելու հիշյալ անձի շրջապատի մարզային կառավարման «հանճարեղ հայեցակարգերը»․․․ Ասեմ միայն, որ Քարվաճառ շրջկենտրոնում արդեն 16 ՕՐ ՋՈՒՐ ՉԿԱ՝ ՄԻ ԳՐԱՄ ՋՈՒՐ ՉԿԱ։ ՉԿԱ՝ Ո՛Չ ԽՄԵԼՈՒ, Ո՛Չ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ։ Քաղաքում ստեղծվել է ծանր կենցաղային և սանիտարական իրավիճակ։ Ծանրագույն վնաս է կրել ու համարյա վերացել է մարդկանց ողջ տարվա աշխատանքի արդյունք՝ տնամերձ հողամասերի բերքը․․․

Քարվաճառի սարահարթային դիրքն այնպիսին է, որ խմելու ջրի ամենամոտիկ աղբյուրը քաղաքից մի քանի կմ հեռու է՝ Տրտուի ափին։ (Երբ 200 մետր խորությամբ ձոր իջար ու շշերդ լցրիր, պետք է արդեն «բեռնված» զարիվայր ճանապարհով մի քանի կմ վերև բարձրանաս) Հակառակ կողմի խորը ձորով հոսող Եղիշաջուր գետակն էլ օգոստոսին խիստ սակավաջուր է և քաղաքացիների զգալի մասի համար՝ նույնքան դժվարորեն հասանելի։

Մեր ջուրը գալիս էր Ծարի ժայռապարը հարավ֊արևմուտքից երիզող Գեղախաչ գետից՝ դեռևս 1960-1970-ական թվականների կառուցված՝ շուրջ 17 կմ երկարությամբ հենքային ջրագծով, որը վնասվել է Ծարի կարճ ճանապարհի մաքրման աշխատանքների ժամանակ։

Նշեմ, որ Համահայկական հիմնադրամի միջոցներով 2012 թ․ քաղաքում գործարկվել է նոր ջրամատակարարման համակարգը, բայց Գեղախաչ գետից քաղաք ինքնահոս ջուր հասցնող խիստ վթարային ջրագիծը մնացել է նույնը։ Այն իբր «նորոգվել» է 1999 թ․, բայց հասկանալի է, որ սոսկ անվանապես․․․

Միակ մարդն, ով վթարի հաջորդ իսկ օրվանից տան տեղը մոռացած փորձում է ձեռքի տակ եղած համարյա զրոյական միջոցներով խնդիրը կարգավորել՝ շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանն է (Բակո Սահակյանի կադրային մղձավանջի եզակի միանշանակ դրական դեմքերից)։

Հիմա հարց․ դեռ քանի՞ օր կամ շաբաթ պէտք է անցնի, որ Ստեփանակերտը վերջապէս պատշաճ քանակի աշխատանքային մասնագիտացված խումբն ուղարկի՝ Քարվաճառ շրջկենտրոնի ջրամատակարարումը վերականգնելու համար։ Խմբին էլ չմոռանա անհրաժեշտ տեխնիկայով ու պահեստամասերով օժտել։ Ի վերջո, սա չէ՞ ձեր «կառավարած» պետությունը․․․ »,- գրել է Ա․ Քանանեանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter