
«Սասնա ծռեր»-ի անդամ Աշոտ Պետրոսյանին կվիրահատեն
«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ժամեր առաջ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վաղը կվիրահատեն Պետրոսյանի՝ հրազենային վիրավորման հետևանքով ստացված ոսկրային վնասվածքը։
Նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը քիչ առաջ է տեսակցել իր պաշտպանյալ Պետրոսյանին։ Ասում է՝ նրա ինքնազգացողությունը շատ լավ է, առույգ տեսք ունի և գտնվում է բժիշկների հսկողության և ուշադրության ներքո։
Պետրոսյանին արդեն այցելել է բժիշկների մասնագիտական խումբ, հետազոտել և նախապատրաստել վիրահատության։
Պապիկյանը հստակ տեղեկություն չունի, թե իր պաշտպանյալը քանի օր կմնա քաղաքացիական հիվանդանցում, սակայն ենթադրում է, որ նրա ապաքինման հիմնական ընթացքը կայանալու է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ ոսկրային լուրջ վնասվածքով պայմանավորված։
Փաստաբանը հավելեց, որ Պետրոսյանը դեռևս մեկ վիրահատության կարիք ունի, սակայն բուժման հետագա ընթացքը ցույց կտա նրա ապաքինումը։
Մեկնաբանել