
Ի՞նչ հիվանդություն է տարածված Մարգահովիտ գյուղում. գյուղապետն ու գյուղացիները նշում են դաբաղ, պատասխանատուները՝ ժխտում
«Մարգահովիտ համայնքում վերջին օրերին դաբաղի մասսայական դեպքեր են գրանցվում»,- ասում է Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի համայնքապետ Սամվել Անանյանը` մատնանշելով, որ հիվանդության առաջին դեպքերը գրանցվել են դեռ 20 օր առաջ:
«Սարից տեղեկացրին, որ անասունների ոտքերի հետ կապված ինչ-որ հիվանդություն կա, բայց ստույգ չեն կարողանում ասել` ինչ է: Մասնագետների հետ գնացինք սար, պարզվեց` դաբաղ է: Ճշտեցին, որ դաբաղ է, մարդկանց ասեցին, թե ինչ պետք է անեն բուժման համար»,- պատմում է համայնքապետը:
Չնայած մասնագետների տված ցուցումներին, հիվանդությունը շարունակել է տարածվել: Հստակ որքան է հիվանդ անասունների թիվը, համայնքապետը դժվարանում է ասել, բայց մ մոտավոր նշում է` շուրջ 200:
Գյուղում կասկածներ ունեն, որ սարում պահվող անասունները վարակվել են հարակից սարերում պահվող Հրազդանի անասուններից:
«Անասնապահների խոսքով, ըստ երևույթին, դաբաղն եկել է Հրազդանի կողմից: Սարում և' մանր եղջերավոր, և' խոշոր եղջերավոր անասուն ունենք: Էդ մանր եղջերավոր անասունը երևի անցել է նրանց տարածքը, հետը վարակը բերել էստեղ»,- նշում է գյուղապետը:
Անասունների ոտքերի ախտահարմամբ սկսելով` հիվանդությունը տարածվել է նաև մարմնի այլ մասեր, ինչի հետևանքով կովերը կաթից կտրվել են: Հիվանդության պատճառով գյուղացիները ստիպված են եղել անասուններին սարից շուրջ 20 օր շուտ իջեցնել գյուղ:
Հիվանդության հետևանքով գյուղացիները զրկվել են կաթ մթերելու հնարավորությունից: Մինչ այժմ այն, կախված յուղայնության աստիճանից, մթերվում էր 100-130 դրամով: Գյուղում ամեն օր հաշվարկում են կրած վնասի չափն ու անասունների բուժման համար ծախսված գումարի չափը` չիմանալով, թե դեռ որքան կշարունակվի այս վիճակը:
«Մենք էդ կաթով ենք ապրում, հըմի կաթ չունենք, որ ծախենք, ապրենք: 4 կովից մի 30 լիտր կթում էինք: Դրանով ապրում էր իմ երեխեն, իմ թոռը»,- ասում է Ալվարդ Ալչանգյանը, որի ընտանիքի համար կովի կաթը եկամտի միակ աղբյուրն է: Վերջինս դժգոհում է. «100 դրամով կաթ էինք հանձնում, հիմի գնացել ենք տոկոսով փող ենք վերցրել, որ դեղ առնենք: 25.000-ի մենակ դեղ ենք առել էդ 4 կովի հըմար»:
«Ես էլ նիսյա եմ վեր կալել ապտեկից դեղերը, արդեն 15.000-20.000-ի դեղ եմ վեր կալել: Ամբողջ գյուղը էս վիճակին ա, ըտենց տուն չկա, որ անասունները հանդում էղնեն, լրիվ տանն են, լրիվ հիվանդ են»,- ավելացնում է հարևանուհին՝ Սիլվա Բոջուկյանը:
Թեեւ համայնքապետ Ս. Անանյանը վստահեցնում է, որ դաբաղից անկման դեպքեր չեն գրանցվել, գյուղացիներից ոմանք հակառակն են պնդում:
«Համարյա բոլորի անասունները հիվանդ են: Երեկ էլ տեգորս հորթը սատկեց: Դաբաղից էր, ասեցին տաքություն են տալիս, ինքն էլ փոքր ա, չի դիմացել տաքությանը: Երկու ամսական հորթ էր»,- պատմում է Աննա Թամրազյանը:
Դաբաղից անկման դեպքերը բացառում է նաև գյուղի անասնաբույժ Մարատ Վերանյանը` ասելով, որ վերջին օրերին գրանցված անասունների անկման դեպքերն այլ պատճառներով են. մի դեպքում թունավորում է եղել, մի այլ դեպքում՝ ծաղիկ հիվանդությունից:
Գյուղապետի խոսքով` դաբաղ հիվանդության դեմ անասունները գարնանն էին պատվաստվել:
«Մասնագետներին հարցրի, թե պատվաստվածը խի ա ընկել, բացատրել են, որ դաբաղի մի 7 տեսակ կա: Իրանք որ վակցինան ստացել են, 4-5 տեսակի ա պարունակում, այսինքն՝ ընդեղ ծերին 2-3 տեսակ բաց մնացել ա, էլի, կարող ա դա են ընկել»,- մասնագետների խոսքն է փոխանցում գյուղապետը` նույնը հաղորդելով նաև այս օրերին նույն հարցով բազմիցս դիմող գյուղացիներին:
Մարգահովտում դաբաղի դեմ պատվաստման ու հիվանդության տարածման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար Վանաձոր վերադառնալուն պես կապ հաստատեցինք ոլորտի պատասխանատուների հետ: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ դաբաղի դեպքի մասին ահազանգ վարչությունում չի ստացվել:
Դիմեցինք սննդամթերքի անվտանգության պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանին, ով վստահեցրեց, որ հարցն իրենց իրավասության շրջանակում չէ և հարկ է դիմել Անասնաբուժական ու բուսասանիտարիայի ծառայություն մատուցող ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Մուրադյանին:
Մեր հեռախոսազանգին պատասխանելով` Արմեն Մուրադյանը նախ նշեց, որ արձակուրդում է, ապա մի քանի րոպե անց զանգահարեց` առաջարկելով դիմել Կ. Սողոյանին. «Պատվաստումների կատարման ընթացքը մեր աշխատողներին հսկում է տեսչությունը, իսկ եթե դեպքեր են գրանցվել, դա արդեն իրենք են պատասխանատու: Պատվաստումների մասով տեսչությունում տեղյակ են, թե ինչքան ենք սրսկել, ոնց է, քանի որ հաշվետվություններն առանց իրենց ստորագրման չի հանձնվում: Գրաֆիկով ինչ հասնում է, իրանց բաշխման արդյունքում մենք անում ենք: Դրա համար ամբողջ պատասխանատվությունը իրենցն է: Բոլոր մասնագիտական հարցերով իրենք են զբաղվում»:
Ստիպված էինք կրկին զանգահարել Կ. Սողոյանին, ով այս անգամ պատասխանեց մեր հարցերին:
Վերջինս նշեց, որ դաբաղի դեմ տրվող պատվաստանյութը տարբեր տարիների փոփոխվում է`պայմանավորված դրա տարատեսակների ակտիվացմամբ: «Որը ավելի ռիսկային է, որը վտանգավորության աստիճան ունի, որ տիպից վարակվելու վտանգ կա, վակցինաների մեջ ընտրվում է այդ տիպը»,- նշեց նա:
Ճշգրտող հարցին՝ այսինքն Մարգահովտում տարածված դաբաղի տեսակի ռիսկայնությունը հաշվի չէր առնվե՞լ, Կ. Սողոյանը պատասխանում է. «Ո՞վ է ասել, որ դաբաղ է: Որտե՞ղ է դա գրած: Չի կարելի էդ ձև անգրագետ բաներ ասել: Դա պետք ա գրված լինի, լաբորատորիան պիտի ֆիքսի: Եթե ասում են, դա չի նշանակում, որ դաբաղ ա: Դա պետք ա լաբորատորիան հաստատի: Չկա մեզ մոտ ֆիքսված դա:Եթե փորձաքննություն ունեն, թող բերեն, մենք էլ տեսնենք, որ փորձաքննվել է, ու դա իսկապես դաբաղ է: Եթե գյուղապետն ասում է դաբաղ է, թող հիմնավորի»:
Ավելի ուշ հիմնավորման հետ կապված մեր հարցերին ի պատասխան համայնքապետը նախ նշեց՝ մեր անասնաբույժն էլ ա ասել, մարզի գլխավոր անասնաբույժ Մելիքյան Կարենն էլ:
Ապա առաջարկեց նեղ մասնագիտական հարցերի պատասխանը ստանալ գյուղի անասնաբույժից՝ Մարատ Վերանյանից:
Հարցին՝ ինչի՞ հիման վրա եք դաբաղ ախտորոշել, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել հիվանդության հստակ ախտորոշման համար, անասնաբույժը պատասխանում է. «Չէ, հաստատ չի որոշված, կասկած կա, էլի: Հաստատ լաբորատորիան ա որոշում, ես չեմ կարա ասեմ: Ես ո՞նց որոշեմ… Ծաղիկի ու նեկրոզի վրա էլ են կասկածում: Անտիբիոտիկներ ենք տալիս անասունին: Դաբաղն էլ ա նույն անտիբիոտիկով բուժվում, ծաղիկն էլ, նեկրոզն էլ»:
Հարցին՝ ինչու՞ լաբորատոր հետազոտություն չի կատարվել, անասնաբույժը պատասխանում է. «Էդ ախտանշանները դաբաղին էլ ա տանում, նեկրոզին էլ, ծաղիկին էլ: Պարզվի, չպարզվի, մենք օգնում ենք ժողովրդին, բուժում ենք: Դա էական էլ չի էդքան: Հայաստանով մեկ ա, հասել ա մեզ»:
Ապա հարցիս հարցով է պատասխանում. «Դե ո՞րն ա պատճառը, որ մինչև մեր գյուղը հասնելը չի անցել լաբորատոր հետազոտություն: Դեկտեմբերից կա Հայաստանում»:
Գայանե Սարգսյան
Մեկնաբանել