HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տխուր թվեր՝ Հայաստանում կատարված ներդրումների մասին

Ինչպես երևում է, Հայաստանը գնալով պակաս գրավիչ է դառնում օտարերկրյա ներդրողների համար. ներդրումները հանրապետությունում շարունակում են զգալի տեմպերով նվազել։

Այնպիսի տեմպերով, որ  այս տարվա առաջին կիսամյակում կատարված ներդրումների զուտ հոսքերը բացասական թիվ են կազմել։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ), այս հունվար-հունիսին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է -16.919 մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը (ՕՈՒՆ) 16.5778 մլրդ դրամն է: Հիշեցնենք, որ զուտ հոսքերը ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են։ Դրանով պայմանավորված՝ այն կարող է բացասական թիվ կազմել, ինչպես տեղի է ունեցել այս կիսամյակում։

Այդպիսով, 2015  թվականի առաջին կիսամյակի համեմատ ընդամենը ներդրումները (խոսքը հենց զուտ հոսքերի մասին է) պակասել են 98.7861 մլրդ դրամով։ Իսկ միայն ՕՈՒՆ-ները՝ 14.1239 մլրդ դրամով։

Հայաստանում ներդրումների հաշվարկման մեթոդաբանությունը փոխվել է 2014 թվականից, ինչը թույլ չի տալիս դրանց ծավալը համեմատել նախորդող տարիների հետ։ Մինչև 2014-ը, առնվազն 5 տարում, ներդրումները հիմնականում նվազման տենդենց են ունեցել։ Մեթոբանության փոփոխություններից հետո այդ տենդենցը պահպանվել է։

Երեք տարվա առաջին կիսամյակների կտրվածքով ամենատխուրը հենց այս տարվա պատկերն է։ Միայն ՕՈՒՆ-ները 2015-ի առաջին կիսամյակի համեմատ նվազել են 46%-ով, իսկ 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 4.4 անգամ։


Create column charts

Իսկ հիմա տեսնենք, թե այս տարի որ երկրները և ինչ ծավալի ներդրումներ են կատարել Հայաստանում։

Առաջին տեղում Միացյալ Թագավորությունն է

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կատարած օտարերկրյա ընդամենը ներդրումների զուտ հոսքերի ծավալով առաջին տեղում Միացյալ Թագավորություն է։  Հաջորդում է Կանադան։ Ընդ որում՝ 2015-ի առաջին կիսամյակի համեմատ ամենամեծ աճը գրանցել է Միացյալ Թագավորությունը, իսկ ամենամեծ նվազումը՝ Ռուսաստանը (տես ինֆոգրաֆիկան 

Համեմատության համար նշենք, որ  2015 թվականի տարեկան տվյալներով՝  ընդամենը ներդրումների ծավալով առաջատարը Արգենտինան էր։ Հաջորդում էին Շվեյցարիան ու Ռուսաստանը։ Հնգյակում էին նաև Լյուքսեմբուրգն ու Գերմանիան։ Ինչպես տեսնում ենք, այս տարի պատկերը փոխվել է։

Իսկ ինչ վերաբերում է միայն ՕՈՒՆ-ներին, ապա այս տարի դրանց ծավալով առաջատարը կրկին Միացյալ Թագավորությունն է։ Հաջորդում է Գերմանիան։ 2015-ի տարեկան տվյալներով՝ ՕՈՒՆ-ների ծավալով առաջին տեղում Շվեյցրիան էր։ Հաջորդում էին Ռուսաստանն ու Լյուքսեմբուրգը։ 2014-ին՝ Ռուսաստանը, Գերմանիան և  Միացյալ Թագավորությունը։  

Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք այն երկրների ցուցանիշները, որոնց կողմից  Հայաստանում կատարած ներդրումների ծավալը 2015 և 2016 թվականների առաջին կիսամյակներում քիչ թե շատ զգալի է եղել մնացածի նկատմամբ։


Create bar charts

Մի փոքր էլ խոսելով ներդրումների աշխարհագրությունից` նշենք, որ 2006-2011թթ. Հայաստանում կատարված ներդրումների ծավալներով առաջին տեղում Ռուսաստանն է եղել, 2012-ին՝ Ֆրանսիան, 2013-ին՝ Արգենտինան, իսկ 2014-ին՝ Կիպրոսը։

Ներդրումների մեծ մասն ուղղվել է չորս ոլորտների 

Կես տարվա կտրվածքով Հայաստանում օտարերկրյա ներդրումների մեծ մասն ուղղվել է գլխավորապես երեք ոլորտների։ Խոսում ենք այն ոլորտների մասին, որոնց դեպքում ներդրումների զուտ հոսքերի ծավալը գերազանցել է մյուսներին։ Այդ ոլորտներն են` հանքարդյունաբերությունը (13.8 մլրդ դրամ, Միացյալ Թագավորության ներդրումներն ուղղվել են հենց այս ոլորտ), հեռահաղորդակցությունը (10.8 մլրդ դրամ, ներդրումների մեծ մասը կատարել է Կիպրոսը, մնացածը՝ Լիբանանը, Ռուսաստանն ու Սեյշելները) և ծխախոտի արտադրությունը (5.2 մլրդ դրամ, ներդրումներ է կատարել Կանադան):

Ուղղակի ներդրումների մասով ևս գրեթե նույն պատկերն է։ Միայն առանձնանում է նաև հիմնային մետաղների արտադրությունը։

Համեմատության համար՝ 2015-ի դրությամբ ներդրումներ ներգրավված երեք առաջատար ոլորտներին էին հանքարդյունաբերությունը, էլեկտրականության-գազի-գոլորշու-լավորակ օդի մատակարարումը և օդային տրանսպորտի գործունեությունը։ 

Տնտեսության շարժիչ ուժերից մեկը հանդիսացող ներդրումների նման զգալի նվազումը, իրականում, բավականին մտահոգիչ է։ Այն խոսում է երկրի թույլ տնտեսական վիճակի, մրցակցության ու բիզնեսի պաշտպանվածության ոչ պատշաճ մակարդակի և բազմաթիվ այլ բացասական երևույթների մասին։ Եվ նվազման նման տեմպերի շարունակվելու դեպքում այդ երևույթներն ավելի կխորանան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter