HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսպիսի ֆուտբոլ մեզ պետք չէ

Հայտնի հեռուստամեկնաբանի թեւավոր դարձած այս խոսքերը միանգամայն կիրառելի են Չեխիա-Հայաստան (3-0) երեկվա ընկերական խաղի վերաբերյալ:

Մրցակցի ընտրության եւ չեխերի խաղի մասին

Սկսենք մրցակցի ընտրությունից: Հուլիսին պարզ դարձավ, որ աշխարհի առաջնության ընտրական մրցափուլի մեկնարկային՝ դանիացիների հետ արտագնա կարեւոր խաղից առաջ Հայաստանի հավաքականը մրցելու է Չեխիայի հետ: Ցանկացած ընկերական հանդիպում առաջին հերթին մարզչի տրամադրության տակ եղած ֆուտբոլիստների փորձարկում է, եւ որպես կանոն ընտրվում են այնպիսի սպարինգ-մրցակիցներ, որոնք ոճային նմանություններ ունեն պաշտոնական խաղում գալիք մրցակցի հետ: Ոճով Դանիան ու Չեխիան առանձնապես չեն տարբերվում. երկուսն էլ նախընտրում են ուժային ֆուտբոլը՝ շեշտը դնելով առաջին հերթին ֆիզիկական պատրաստվածության վրա: Նման թիմերը հիմնականում գերադասում են գրոհել եզրերով, ապա գնդակն ուղարկել մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ արդեն պայքար է ընթանում օդից եկած գնդակի համար: Այսինքն՝ ոճային առումով Չեխիան համապատասխան թեկնածու էր:

Սակայն ամենահետաքրքիրն ու, թերեւս, աննախադեպը հետեւյալն էր. Հայաստանը պաշտոնական խաղից առաջ փորձամրցում էր անցկացնում մի թիմի հետ, որը խաղով չի զիջում դանիացիներին, իսկ ընթացիկ վարկանիշով գերազանցում է նրան: Եթե կարծում ենք, թե մեր հավաքականն այնքան է աճել, որ իրեն կարող է թույլ տալ 5 օրում երկու հավասարազոր ուժեղ թիմերի հետ լավ խաղ անցկացնել, ապա սխալվում ենք: Հարց. ինչու՞ էր ընտրվել Չեխիան: Այո, մենք նրանց համար հարմար թեկնածու էինք Հյուսիսային Իռլանդիայի հետ խաղից առաջ, ընդ որում՝ ավելի թույլ, քան իռլանդացիները: Պատահական չէ, որ դանիացիներն էլ ընտրել էին Լիխտենշտայնին, որն այս պահին աշխարհում 182-րդն է: Ասել է թե՝ թե չեխերը, թե դանիացիներն իրենց գլուխը չէին դրել ցավի տակ եւ կարեւոր խաղերից առաջ «մկանները տաքացնելու» համար ընտրել էին ավելի թույլ, հարմար մրցակիցների: Իսկ ՀՖՖ-ն ու մարզչական շտաբը, երեւի ոգեւորված լինելով Գվատեմալայի ու Սալվադորի հանդեպ խոշոր հաշվով հաղթանակներից, որոշել էին բարդացնել նախապատրաստությունը՝ իրենց տրամադրության տակ ունենալով պրակտիկայից զրկված բազմաթիվ խաղացողներ:

Կարելի է ասել, որ հայ ֆուտբոլիստներն երկընտրանքի առաջ էին. կամ ամբողջությամբ նվիրվել չեխերի հետ խաղին, ներդնել բոլոր ուժերն ու սպառվել (ոչ հավասարազոր մեկնարկային եւ պահեստային կազմեր ունեցող մեր հավաքականը, կրկնում ենք, առայժմ չի կարող կարճ ժամանակում նույն որակի հանդիպումներ անցկացնել ուժեղ մրցակիցների դեմ), կամ խաղալ խաղալու համար՝ մտքում ունենալով սեպտեմբերի 4-ի հանդիպումը: Ինչպես տեսանք, մերոնք հենց երկրորդ տարբերակի տրամաբանությամբ էին դաշտ դուրս եկել, իսկ այդ դեպքում ուժերի փորձարկում ասվածը մնում էր թղթի վրա: Մեր կարծիքով՝ լավագույն տարբերակ կլիներ հյուսիսեվրոպական որեւէ միջակ թիմի հետ ընկերական խաղը. օրինակ՝ մերձբալթյան երկրների (Լիտվայի ու Լատվիայի հետ այս փուլում ընկերական խաղեր կազմակերպվել են նախկինում, «Եվրո-2016»-ի մեկնարկային Դանիա-Հայաստան խաղից առաջ փորձամրցում եղավ հենց լատվիացիների հետ) կամ Ֆարերյան կղզիների, որը Դանիայի տարածքն է, սակայն ՖԻՖԱ-ի անկախ անդամ է, ֆարերցիների մի մասն էլ խաղում է դանիական թիմերում: Հայաստանի հավաքականը, ինչպես հատուկ է ձեւավորման, կայացման փուլում գտնվող թիմերին, տրամադրության կոլեկտիվ է. հաջող ելույթը ոգեւորության ալիքի վրա է բարձրացնում ամբողջ թիմը: Այս հոգեբանական գործոնը կարեւոր է շատերի պրակտիկայի բացակայության ֆոնին, իսկ չեխերի հետ գորշ խաղի հետեւանքները (դրական կամ բացասական) կտեսնենք օրեր անց:     

Ինչպես տեսանք երեկ, մարզչական շտաբը չէր հաշվարկել նաեւ մեզ համար անդուր սլավոնական ֆուտբոլ դավանող չեխերի կոշտության հնարավորությունը: Պատահական չէ, որ Մխիթարյանը բառացիորեն թիրախավորվել էր մրցակցի կողմից. կոտրել Հենրիխին, նշանակում է թե խաղային, թե հոգեբանական առումով կոտրել Հայաստանի հավաքականի ողնաշարը: Սա է իրականությունն այս պահին: Հենրիխի հանդեպ ակնհայտ ագրեսիայի առաջին ապացույցը եղավ հանդիպման 20-րդ րոպեին, երբ Պոկորնին ուղղակի «չանչեց» գրոհի նետվող Մխիթարյանի շապիկից: Այդպիսի ցինիկ խախտումը նույնիսկ կարմիր քարտի էր արժանի, բայց միամտություն կլիներ սլովակ մրցավարից նման բան սպասել, եւ նա բավարարվեց դեղինով: 8 րոպե անց չեխերի ավագ Մարեկ Սուխին կատարեց «առաջադրանքը». անթույլատրելի պատնեշով նա «հերկեց» Հենրիխին՝ հուրախություն թե չեխերի, թե դանիացիների: Հիշեցնենք, որ «Եվրո-2016»-ի մեկնարկային խաղում Կոպենհագենում հենց Հենոն բացեց հաշիվը, սակայն այն հետո հավասարվեց, իսկ 71-րդ րոպեին վնասվածքի պատճառով Շալանդը փոխարինեց Մխիթարյանին, մեր թիմի գրոհների թափը կորավ, ու, ի վերջո, դանիացիները խփեցին հաղթական գոլը՝ 2-1:

Չեխերի համար ընկերական խաղը կարծես բաղձալի ռեւանշի հնարավորություն լիներ 2013-ի սեպտեմբերին Պրահայում Հայաստանից 1-2 հաշվով կրած պարտության դիմաց: Նրանց շարունակական խախտումները հիմնականում առավել ակտիվ խաղացողների՝ Մխիթարյանի, Մալաքյանի, Համբարձումյանի դեմ էին: Տհաճ էր նման ֆուտբոլ դիտելը, քանի որ դա ընկերական խաղ էր: Զարմանալի է, որ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը ոչ մի բառ չի ասել չեխերի կոշտության, երբեմն էլ կոպտության մասին: Չի կարելի այդքան հանդուժող լինել, մարզասերն էլ հո կույր չէ, այդքան բան տեսնում է: Ու՞մ ենք խաբում:

Սուքիասյանի փորձարկումների մասին

Մեր խաղացողների դասավորության մեջ առաջինը զարմացրեց պաշտպան Հրայր Մկոյանի՝ ձախ թեւում խաղալը: Դժվար է հիշել, թե երբ է Հրայրն այդ թեւում գործել: Նա նախկինում հանդես է եկել կենտրոնական կամ աջ պաշտպանի գոտում, չնայած լավագույն դիրքը կենտրոնն է: Հրայրը ֆիզիկապես պինդ է, երկրորդ հարկում լավ է գործում, բայց եզրային պաշտպանին խիստ անհրաժեշտ արագություն չունի: Պատահական չէ, որ չեխերը գրոհները զարգացնում էին աջ եզրով, քանի որ մերոնց ձախ թեւը կաղում էր. կիսապաշտպանությունում Գեւորգ Ղազարյանը նվազ պրակտիկայի պատճառով չէր հասցնում, Հրայրին էլ դավաճանում էր արագությունը:

Պաշտպանության Մկոյան-Անդոնյան-Հարոյան-Համբարձումյան դասավորությունը չարդարացրեց իրեն, չնայած միայն այս գծի խաղացողներն (բացի Անդոնյանից) ու դարպասապահը խաղացին մինչեւ վերջ: Սկզբնական շրջանում Գաել Անդոնյանի հետ մեծ հույսեր էինք կապում, բայց 2014-ից Մարսելի «Օլիմպիկի» առաջին թիմի խաղացող համարվող ֆուտբոլիստն այդ թիմում, պատկերացրեք, միայն մեկ խաղ է անցկացրել, իսկ 2015-2016 մրցաշրջանում, վարձավճարով խաղալով «Դիժոնում», մասնակցել է 6 հանդիպման: Շատ տխուր վիճակագրություն է ազգային թիմի ֆուտբոլիստի համար: Գաելի ու Գեւորգ Ղազարյանի բացթողումներն առաջին կեսում ակնհայտ էին, ինչի պատճառով երկրորդում նրանք փոխարինվեցին:

Ընդհանրապես, կաղում էին բոլոր օղակները: Մեկնարկային րոպեներից չեխերի պրեսինգին ու խաղին հաղորդած արագությանը մերոնք չկարողացան հակազդել: Հենց դրա արդյունքում արդեն 4-րդ րոպեին Մալաքյանից կենտրոնում խլեցին գնդակը, որը հասցեագրվեց տուգանային հրապարակ, եւ Կրեյչին առանց դիմադրության արագ գոլ խփեց: Ոչ պաշտպանները հասցրին արձագանքել, ոչ էլ դարպասապահը: Նույնը եղավ 34-րդ րոպեին, երբ կենտրոնից Վացլավ Կադլեցը տարօրինակ կորագծով գնդակն ուղարկեց դարպասի անկյունը: «Չեխիան մոբիլ եւ արագ թիմ է, ինչին մեր շատ ֆուտբոլիստներ ուղղակի պատրաստ չէին»,- խաղից հետո ասել է Սուքիասյանը: Համաձայն ենք, բայց այստեղ շատ ավելի էական դեր խաղաց տրամադրվածությունը, որովհետեւ մերոնք գործում էին մի տեսակ իմիջիայլոց, նաեւ նկատելի էր կաշկանդվածությունը, փոխանցումների խոտանը բարձր էր, երբեմն այնքան դանդաղ էին գնդակն ընկերոջը հասցեագրում, որ մրցակիցն ավելի շուտ էր հասնում: Առաջին կեսում չեխերի դարպասապահն այդպես էլ գործի մեջ չմտավ: Իսկ Արսեն Բեգլարյանի խաղը ոչնչով չուրախացրեց: Դեռ Գվատեմալայի ու Սալվադորի հետ հանդիպումներում նկատել էինք, որ Արսենն անվստահ է օդից եկած գնդակներին ընդառաջ դուրս գալիս: Այս անգամ նա նույնիսկ չէր լքում դարպասը՝ ամբողջ բեռը թողնելով պաշտպանների վրա: Բեգլարյանը կարծես նաեւ գնդակը ֆիքսելու խնդիր ունի. հարվածները կամ շեղում էր, կամ գնդակը վերցնում երկրորդ հպումից: Մեկ-երկու անգամ սխալվեց նաեւ ոտքով փոխանցում կատարելիս: Չնայած երեք գոլերում էլ դժվար է նրան մեղադրելը, բայց իր գործողություններով մի տեսակ փշերի վրա է պահում բոլորին: Սա Արսենի 4-րդ խաղն էր հավաքականում, սակայն նա մինչ այս հանդես է եկել երիտասարդականում եւ ակումբային միջազգային հանդիպումներում:

Կիսապաշտպանության հենակետային գոտում խաղում էին Կառլեն Մկրտչյանն ու Գոռ Մալաքյանը: Այս զույգը երեւի ամենահաստատուն օղակն է թիմում, չնայած երեկ ամբողջ թիմի պես ոչնչով աչքի չընկավ: Կիսապաշտպանության աջ թեւում Սուքիասյանը փորձարկում էր հարձակվող Գեղամ Ղադիմյանին, իսկ ենթահարձակվող Մարկոսին տեղափոխել էր հարձակվողի դիրք: Միակ տեսանելին այն էր, որ առաջին կեսում մերոնք փորձում էին հիմնականում գրոհել աջ թեւով, որտեղ համեմատաբար ակտիվ էին Համբարձումյանն ու Ղադիմյանը: Բայց դա արդյունք չտվեց: 38-րդ րոպեին թիմի շարժիչ Մխիթարյանի փոխարինումից հետո առջեւի գծում խաղն ընդհանրապես մարեց: Հենրիխին փոխարինած Եդիգարյանը մտավ Ղազարյանի դիրք, ով տեղափոխվեց կենտրոն, բայց դա էլ ոչինչ չէր կարող տալ, որովհետեւ ընդհանուր համակցվածությունն էր բացակայում:

Երկրորդ կեսում փոխարինման մտած Արասը, Սարկիսովն ու Մանոյանը, ապա Կորյանը, Ոսկանյանն ու Հակոբյանը նույն խամրած խաղի մասնակիցներն էին: Հիշվեց միայն Արասի տուգանային հարվածը, որի կորագիծը մի պահ ապակողմնորոշեց դարպասապահին, բայց նա, այդուհանդերձ, շեղեց գնդակի ճանապարհը: Երկրորդ կեսում չեխերն ամբողջությամբ փոխեցին թիմի կազմը, որն ավելի թույլ էր մեկնարկայինից, բայց խնդիրն այն էր, որ Հայաստանի հավաքականը երկրորդ կեսում ներկայացնում էր ոչ թե թիմ, այլ դաշտում գտնվող 11 հոգի: Չկար միտք, հստակ պլան, ուղղակի անշուք պայքար էր գնդակի համար: Չեխերի փոխարինող կազմը, չնայած որակական տարբերությանը, շարունակում էր տիրել նախաձեռնությանը՝ անընդհատ փոխանցումներով ու խաղարկումներով մրցակցին զրկելով գնդակից: Խաղի տրամաբանությանը համապատասխան էր Յան Կոպիցի՝ 86-րդ րոպեին խփած գեղեցիկ գոլը:

«Վատ չէինք սկսել, բայց, ինչպես տեսաք, առաջին գոլը նվեր տվեցինք, եւ դրանից հետո մեր խաղը փլուզվեց։ Առջեւում Դանիայի հետ կարևոր խաղն է, իսկ այս խաղում մենք հիմնականում փորձարկումներ էինք անում»,- հետխաղյա ասուլիսում նշել է Սուքիասյանը։ Եթե առաջին գոլից հետո թիմի խաղը փլուզվում է, ապա մենք չպիտի որեւէ հույս կապենք նման թիմի հետ: Իսկ ու՞ր մնացին կամային որակները, թե՞ մերոնք խաղում են մինչեւ մրցակցի առաջին գոլը՝ անկախ, թե որ րոպեին է խփվել այն: Երկրորդ՝ ի՞նչ տվեցին փորձարկումները եւ ընդհանուր խաղը, ի՞նչ քաղեց դրանից հավաքականը: «Շատ ֆուտբոլիստներ իրենց թիմերում խաղային պրակտիկա չունեն, եւ հենց այդ պատճառով մեզ համար կարևոր էր տեսնել, թե ով ինչ վիճակում է գտնվում»,- ասել է գլխավոր մարզիչը։ Եվ ի՞նչ. տեսանք, որ թիմն անատամ է ու շատ տխուր վիճակում է, եւ սեպտեմբերի 4-ի խաղի մասին արդեն վատատեսական կարծիքներ են հնչում: Դիրքային փոփոխություններն իրենց չարդարացրին, ֆուտբոլասերներից ոմանք էլ տրամաբանորեն հիշեցին ՀՖՖ նախագահի «սեւ ցուցակում» հայտնված դարպասապահ Գեւորգ Կասպարովին ու հարձակման երբեմնի առաջատար Յուրա Մովսիսյանին:

Ճիշտ է՝ Վարուժան Սուքիասյանի մեղավորությունը չէ, որ շատ ֆուտբոլիստներ չեն խաղում իրենց ակումբներում, բայց ինչու՞ չհրավիրել պրակտիկա ունեցողներին: Նույն Յուրան վերջին շրջանում իրեն շատ լավ է դրսեւորում ԱՄՆ-ում եւ գոլեր է խփում, իսկ նրան հեռացնելուց հետո արժանի փոխարինող հավաքականում չի գտնվել: Մարկոսը գրոհի ծայրում չունի Յուրայի «հոտառությունն» ու արագությունը, բնույթով նա կազմակերպիչ է ու ավելի օգտակար է խորքում: Բեգլարյանն էլ փորձով դեռ շատ է զիջում Կասպարովին, եթե նա չի բավարարում ազգային թիմի պահանջներին, պետք է փոխարինել, այլապես հետո ուշ կլինի: Մի առիթով ազգային թիմի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանն իրավացիորեն նկատել էր (Սարգիսը հավաքականում խաղացել է 20 տարի՝ 1992-2002 թթ., մինչեւ 40 տարեկան), որ հավաքականում սերնդափոխություն կոչվածը կիրառելի չէ, պետք է խաղան այդ պահին լավագույնները՝ անկախ տարիքից: Մեր կողմից կավելացնեինք՝ անկախ անձնական հակակրանքից:   

ԱԱ-2018-ի ընտրական փուլի մեկնարկային Դանիա-Հայաստան հանդիպմանը մոտենում ենք բազմաթիվ մտահոգություններով, որոնց վերջին խաղում ավելացավ Մխիթարյանի վնասվածքը: ՀՖՖ-ն այսօր հայտնել է, որ չեխերի հետ խաղից հետո վերականգնողական բնույթի մարզմանը չի մասնակցել թիմի ավագը, նա հետազոտման փուլում է, վնասվածքի լրջությունը դեռ հայտնի չէ, Կառլեն Մկրտչյանն ու Հովհաննես Համբարձումյանն էլ հանգստանալու հնարավորություն են ստացել: Դանիան ընկերական խաղում երեկ 5-0 հաշվով ջախջախել է Լիխտենշտայնին ու բարձր տրամադրությամբ կներկայանա գալիք հանդիպմանը:

Հ.Գ. Մի քանի խոսք հեռուստատեսությամբ մեր հավաքականի ու ակումբների խաղերի մեկնաբանության մասին: Զայրացնում է այն, որ թիմի անատամ խաղի պատկերին շարունակ հնչում է «փորձարկում» կամ «ընկերական խաղ» արտահայտությունը: Հայ հեռուստամեկնաբաններից շատերը ձգտում են աչք ծակող բացասական իրողությունները ներկայացնել շատ ավելի մեղմ տոներով՝ կարծես թեւի տակ առնելով խաղացողներին: Տպավորություն է, որ նույնիսկ առողջ քննադատությունը արգելքի տակ է (հետաքրքիր է, թե ումից են վախենում ոմանք), որովհետեւ դաշտում մերոնք են, իսկ եթե աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն է կամ, օրինակ, Չեմպիոնների լիգա, եւ խաղում են ուրիշները՝ թեկուզ մերոնցից կարգով մի քանի անգամ բարձր, նրանց կարելի է դատափետել, նույնիսկ սարկազմով մոտենալ: Իզուր չէ, որ հեռուստադիտողներից շատերի նյարդերը տեղի են տալիս, ու նրանք պարզապես անջատում են հեռուստացույցի ձայնը:

Գլխավոր լուսանկարում՝ Վարուժան Սուքիասյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter