HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր գրքում գրանցված գորշ արջի քոթոթը՝ Երևանի Գոգոլի փողոցում

Քանաքեռ-Զեյթուն համայնքի Գոգոլի 107 հասցեի դիմաց՝ ճաղերով առանձնացված «բեսետկայում» մի քանի օր է՝ արջի քոթոթ են պահում:

Շաբաթ օրը՝ մեր այցելության պահին նրա վանդակ էին մտնում թաղի երեխաները, անկաշկանդ շփվում հետը: Իսկ քոթոթի բերանից փրփուր էր հոսում:  

Փոքրիկները, որոնք խաղում էին նրա հետ, պատմեցին, որ արջի ատամները հանել են, որպեսզի վնաս չտա: Դրա համար էլ բերանի խոռոչը «վիրավոր» է:

Տանտիրուհի Գայանեն պատմեց, որ արջը իրենցը չէ: Ամուսնու ընկերն է խնդրել մի քանի օրով պահել, մինչև վանդակը պատրաստեն, որպեսզի նրան տեղափոխեն:

Քիչ անց Գայանեի ամուսնու հետ եկավ նաև արջի տերը ներկայացող Շանթ Բագրատյանը: Վերջինս, պարզեցինք, որ Վայոց ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ ական Սերգեյ Բագրատյանի որդին է:

Երիտասարդը հավաստեց, որ բոլոր համապատասխան փաստաթղթերն ունեն, արջի գործն էլ ոստիկանությունում է, որովհետև Պարոնյան փողոցում նրան հեռուստատեսության աշխատողները  նկատել և նկարահանել էին: Այս անգամ, սակայն, արջը ապաստանել է Գոգոլի 107 հասցեի դիմացը, որպեսզի բժիշկը նրա ատամով զբաղվի: Իսկ արջի ժանիքը, ըստ Շանթ Բագրատյանի, կոտրվել է պատահաբար:

Քոթոթը 7 ամսական է: Թե ինչու են հիվանդ քոթոթին հանրային տարածք տեղափոխել, տերը բացատրեց ժամանակավոր լինելու և բուժվելու հանգամանքով: 

«Կենդանին հիվանդ կենդանի է, բուժում ենք, մեր կենդանին է: Չպահեն՞ք: Ատամը ջարդվել է, մտել է լնդի մեջ, հիմա էլ սրսկում են, անտիբիոտիկներ են տալիս»,- ասաց Շանթ Բագրատյանը:

Հարցնում եմ՝ գիտի, որ Կարմիր գրքում է գրանցված քոթոթը, երիտասարդը պատասխանում է. «Կարա լինի: Մենք հոմ վատ բան չենք անում: Որ կարմիր գրքում է, ավելի լավ, մի հատ օրինակ մենք ենք պահում,- հպարտանում է նա:  -Էս երկրում էնքան նկարելու բան կա, նկարեք, որ մարդկանց չեն թողնում աշխատեն, մարդիկ սոված վիճակում են և մահանում են սովից»,- խորհուրդ տվեց Շանթ Բագրատյանը:

Իսկ արջին պահելը, ըստ նրա, շատ էժան է նստում, օրը 500 դրամ, մարդկանց սննդի ավելցուկներով են նրան պահում: «Որը որ թթվում է, ինքը ուտում է»,- ասում է 107 տան սեփականատերը և խորհուրդ տալիս մեզ ջնջել նկարահանումները: -Քուրս, չես կարա նենց անես, որ լավ ձևով ճանապարհենք Ձեզ»:

«Լավ ձևը», ասում եմ, արջի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր ցույց տալն է: Շանթ Բագրատյանը խոստանում է զանգահարել և արջի փաստաթղթերը (որոնք, նրա ասելով, գտնվում են Տավուշի մարզում) մեզ ցույց տալ մինչ այսօր ժամը 14:00-ը: Սակայն առայժմ նա ոչինչ չի ներկայացրել:

Իսկ 107 հասցեի սեփականատերը խոստացավ բժշկի սրսկումից հետո արջին տեղափոխել իր նախկին տարածք՝ Սևանի փողոց: 

Մեկնաբանություններ (4)

Շուշան
Իսկ դուք դիմել եք կենդանիների պաշտպանության գրասենյակ (եթե իհարկե նման բան կա Հայաստանում)? Միգուցե հնարավոր է ինչ-որ միջոցով փրկել Արջուկին ու գոնե գազանանոց տեղափոխել?
Սիլվա
Եվ այսպես երեկ երեկոյան այցելեցինք Գոգոլի 107 : Առաջինը մեզ մոտեցան երեխաները ասելով թե արջուկին արդեն տարել են նույնիսկ ասեցին որ Սևանի փողոցումա հիմա: Քիչ անց մեզ մոտեցավ Գայանեն : Նա ասաց որ ինքը և իր ամուսին Կարենը խնամում էին արջուկին բժշկական օգնություն ցույց տալիս: Նա հերքեց այն փաստը որ հանված են արջուկի բոլոր ատամները: Գայանեն ասաց որ կենդանին անհանգիստ էր և նրանք ստիպված էին հրավիրել անասնաբույժի որը մի քանի սրսկում արեց և վերևի ծնոտի աջից հինգերրորդ, ձախից երրորդ ատամները հեռացրեց վորովհետև ատամները վատ վիճակում էին: Խոսեցի հեռախոսով նայև Կարենի հետ : Մեր հարցին թե ուրա հիմա արջուկը նա ասաց որ այլևս չէին կարող կենդանուն պահել վանդակում: Տեղափոխել են կենդանուն դեպի Եղեգնաձոր և բաց ողել վայրի բնություն: Թե ինչքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը դեռ չեմ կարող ասել : Հուսով եմ որ արջուկը իրոք ազատության մեջ է:
ԱՆՆԱ
Եթե ատամները կարգին վիճակում չեն ազատության մեջ կսատկի, մանավանդ որ վայրի կյանքին սովոր չէ։ Բայց չեմ կարծում ճիշտ են ասում, ու կարծում եմ որ հատուկ են ատամները հանել - կենդանուն ատամներից զրկելը հայ հոռփացածների զվարճանքներից ա․․․
Սիրանուշ
Դուք էլ գիտեք գազանանոցում լավ են նայում?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter