HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

13-րդ վարչապետի թողած «ժառանգությունը». պետական պարտք

Այս տարի կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ խիստ պայքար հայտարարած Հայաստանի 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ կառավարության նիստին հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ։   

Վերը նշվածն  այս կառավարության  միակ հայտարարությունները չէին, որ այդպես էլ լուրջ արդյունքներ չտվեցին։ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը ստանձնել է 2014 թվականի ապրիլից։ Թեև այդ ժամանակ էլ Հայաստանի տնտեսական ցուցանիշները  առանձնապես բարվոք վիճակում չէին, սակայն Հ. Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում  դրանց մեծ մասն ավելի են վատթարացել, իսկ որոշ ցուցանիշներ էլ՝ դրական միտում գրանցել։  Այս ընթացքում Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցություն ունեցան արտաքին գործոնները, գլխավորապես՝ Ռուսաստանի տնտեսական անկումը։  Սակայն պատճառները փնտրել միայն արտաքին գործոններում, սխալ է։ Միայն այն, որ արտաքին գործոնների նկատմամբ տնտեսությունը բավականին զգայուն է, և այդ զգայունությունը պահպանվել է, արդեն երկրի «ներքին խոհանոցի» խնդիրն է։

Փորձենք առավել մանրամասն անդրադառնալ այդ ցուցանիշներից հիմնականներին։

Նոր ձևավորվելիք կառավարությանն արդեն նախկին վարչապետի թողած ամենակարևոր տնտեսական «ժառանգությունից»  մեկը պետական պարտքն է։ Այն ժառանգություն է ոչ միայն նոր կառավարությանն, այլև՝ սերունդներին, որոնք էլ ստիպված են լինելու անուղղակիորեն մարել այդ պարտքը։

Հ. Աբրահամյանի վարչապետության օրոք ՀՀ պետական պարտքը հատեց 5  մլրդ դոլարի շեմը ու հասավ մոտ 5.4 մլրդ դոլարի։ Իսկ վարչապետության սկզբում այն  մոտ 4.6 մլրդ դոլար էր։

Այսօրվա դրությամբ (հուլիսի վերջի տվյալներով) ՀՀ պետական պարտքը կազմում է 5  մլրդ 384.2 մլն ԱՄՆ դոլար, որից՝ 4 մլրդ 493 մլն դոլարը կամ մոտ  83.5%-ը արտաքին պարտքն է, մոտ 891.2 մլն դոլարը կամ 16.5% ՝ ներքին։

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման օրոք (եթե համեմատում ենք 2014-ի մարտի վերջի և 2016-ի հուլիսի վերջի տվյալները) աճել է  18%-ով։


Create line charts

Միայն արտաքին պարտքի աճը կազմել է 16.2%,  ներքին պարտքի աճը՝ 28.6%:


Create line charts

Արտաքին պարտքի մոտ 89%-ը ՀՀ կառավարության պարտքն է

Ներկա դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքի 3  մլրդ 990.611 մլն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է։ Դա կազմում է արտաքին պարտքի  մոտ 88.9%-ը։ Իսկ 502.4 մլն դոլարը կամ 11.1%-ը ՀՀ կենտրոնական բանկի պարտքն է։

Իսկ ներքին պարտքի գերակշիռ մասը՝ 91%-ը, ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերն են։

Ում է պարտք Հայաստանը

Բազմակողմանի վարկային ծրագրերի շրջանակներում Հայաստանը վարկեր  է ստացել միջազգային կառույցներից։ Այս տարվա երկրորդ եռամսյակի վերջի տվյալներով՝ նրանցից ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է՝ ի դեմս Զարգացման միջազգային ընկերակցության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի։

Համաշխարհային բանկին Հայաստանի պարտքը կազմում  1 մլրդ 674.6 մլն դոլար։ Դա էլ կազմում ընդհանուր արտաքին պարտքի 37.5%-ը, որից 25.6%-ը Զարգացման միջազգային ընկերակցությանն ունեցած պարտքն է, 11.8%-ը՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին։  

Մյուս համեմատաբար խոշոր վարկատուներն են Ասիական զարգացման բանկն (կշիռը ընդհանուր արտաքին պարտքում՝ 9.6%) ու Արժույթի միջազգային հիմնադրամը (9.5%)։

Իսկ երկկողմանի վարկային ծրագրերի շրջանակներում Հայաստանը պարտք է մի քանի երկրների կառույցների, որոնց շարքում այս պահի դրությամբ համեմատաբար մեծ է Ճապոնիային  (JICA)  ունեցած պարտքը,  որը կազմել է արտաքին պարքի 6.2%-ը և Գերմանիայի նկատմամբ  (KFW) պարտքը (4.4%)։

Պետական պարտքն այսչափ մտահոգիչ երևույթ չէր համարվիր, որքան Հայաստանի դեպքում համարում են մասնագետները, եթե այն ծառայեր տնտեսական աճին ու զարգացմանը։ Սակայն տնտեսական մյուս ցուցանիշները, որոնք ևս առաջիկայում կներկայացնենք,  վկայում են, որ  արտաքին աղբյուրներից ներգրովվող վարկերը նկատելի ու էական ազդեցություն չեն ունեցել երկրի տնտեսության զարգացման  հարցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter