HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու ՀՀԿ-ական եւ երկու անկուսակցական թեկնածու՝ խոշորացված Այրում համայնքի ղեկավարի ընտրություններում

Սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի Այրում համայնքում կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ։

Խոշորացված Այրում համայնքը ներառում է Այրում քաղաքը, Լճկաձոր, Արճիս, Հաղթանակ, Պտղավան, Դեղձավան, Դեբեդավան եւ Բագրատաշեն գյուղերը։

Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են Բագրատաշենի նախկին գյուղապետ Արկադի Մակյանը (ՀՀԿ), Պտղավանի նախկին գյուղապետ Արայիկ Պարանյանը (ՀՀԿ), ինչպես նաև՝ անկուսակցականներ Արարատ Պետրոսյանը և Դավիթ Փարսադանյանը։ Չորս թեկնածուներից երեքը ինքնաառաջադրվել են, միայն Արայիկ Պարանյանն է առաջադրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից։ Ըստ բնակիչների՝ վերջինս մտերմիկ հարաբերություններ ունի Տավուշի մարզպետ, Մաքսային ծառայության գնդապետ Հովիկ Աբովյանի հետ (ՀՀԿ)։

Ավագանու թեկնածություն է առաջադրել 36 անձ, որոնցից 22-ը անկուսակցական են, 7-ը՝ ՀՀԿ-ից, 3-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, 2-ը՝ ԲՀԿ-ից, 1-ը՝ ՀՅԴ-ից, 1 հոգի էլ՝ «Հզոր Հայաստան» կուսակցությունից։

Ընտրությունները կկազմակերպվեն 9 տեղամասային կետրոններում։

Այրումցի Դ.Ս.-ի խոսքերով (չցանկացավ ներկայանալ-հեղ.)՝ ամռան սկզբից քաղաքում նախընտրական տրամադրություն է։ Կուսակցական շտաբերում կազմակերպվում են «ուտուշ-խմուշներ» քաղաքի «պարապ տղամարդկանց» կողմից։ Մինչդեռ Արճիս գյուղում տրամադրությունը լարված է։ Գյուղացիների համար անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է մանր թղթաբանությունների համար հասնեն Այրում:

«Մարդկանց հիմանական մտայնությունը թղթաբանական հարցերն են, այստեղից պարզ է դառնում, թե գյուղապետարանը որքան արժեզրկված և գործ չանող կառույց է, որ մարդկանց մոտ ընկալվում է միայն թղթաբանության հետ»,- ասում է Արճիսի բնակչուհի Կ.-ն (անունը չի ցանկանում նշել)։

Տավուշի մարզի Այրում քաղաքը գտնվում է Բագրատաշեն-Ալավերդի մայրուղու վրա։ Այրումը Վրաստանը երկաթգծով կապում է Հայաստանի հյուսիսին, ունի ռազմավարական նշանակություն։

1996թ. ուներ գյուղի կարգավիճակ, իսկ 2006 թվականից՝ քաղաքի կարգավիճակ։ Նախկինում բնակավայր չի եղել, և համայնքը ձևավորվել է հարակից բնակավայրերից վերաբնակեցվածներով, ուստի խոշոր տոհմեր չկան։ Այրումում բնակվում է 80 բռնագաղթված ընտանիք։

Բնակչության թվով Տավուշի մարզի ամենափոքր քաղաքն է։ Մշտական բնակչության թվաքանակը 2015թ. հունվարի 1-ի դրությամբ 2019 մարդ է։ Մինչդեռ 2008 թվականի մարդահամարի տվյալներով՝ գյուղում ապրում էր 2381 մարդ։ Բնակչության հիմնական զբաղվածությունը մանրածախ առևտուրն է:

Այրումը հիմնվել է 1937թ. պահածոների գործարանի կառուցման հետ միաժամանակ։ Գործարանն այժմ չի գործում, տեղացիներն ասում են՝ սեփականատիրոջ հայտնվելուն պես գործարանի վերագործարկման հույսը մարեց։

2008 թվականից Այրումի պահածոների գործարանի հիմնական բաժնետերը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն է: Երբ 2008թ. Սերժ Սարգսյանի ներկայությամբ Այրումի պահածոների գործարանում գործարկվեց խյուսի հոսքագիծը, Կարապետյանը Սերժ Սարգսյանին հավաստիացնում էր, որ տեղի բերքն ամբողջությամբ կմթերվի եւ կվերամշակվի: Սակայն 2013թ. այդ հոսքագծի սարքավորումները հանվեցին եւ տեղափոխվեցին Արտաշատ։ Այրում պահածոների գործարանի արտադրանքը թողարկվում էր «Արտֆուդի» ապրանքանիշով:

2012թ. ապրիլի 21-ին, խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական այցով Այրում էր եկել Սերժ Սարգսյանը, և բնակիչները վերջինիս խնդրում էին միջոցներ ձեռնարկել Այրումի պահածոների գործարանը աշխատեցնելու, այդկերպ այրումցիների աշխատանքի հարցը ինչ-որ չափով լուծելու համար:

2008 թվականից Այրումի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Գիգոլ Եգանյանը «Դե Ֆակտո» ամսագրին այս տարվա մայիս ամսին տված հարցազրույցում խոսելով քաղաքի մասին՝ ասել էր. «Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում կատարվել են մի շարք վերանորոգման աշխատանքներ. ամբողջությամբ վերանորոգվել է գործող դպրոցը, մանկապարտեզը, որտեղ այժմ հաճախում է ավելի քան 68 երեխա, կառուցվել է սպորտդահլիճ, ուր գործում են կարատեի, ըմբշամարտի խմբակներ: Կարգավորվել են գազի և խմելու ջրի խնդիրները, ամբողջ քաղաքը գազիֆիկացված է և ապահովված 24-ժամյա խմելու ջրով: Երեխաների համար կառուցվել է երկու խաղահրապարակ: Այս տարիների ընթացքում լուծվել է քաղաքի գիշերային լուսավորության հարցը»։

Ասել, որ այսքանով քաղաքի խնդիրները լուծվել են, դժվար է։ Ըստ բնակիչների՝ քաղաքում կա աշխատատեղերի խնդիր, որն առաջնային է։

Հերմինե Վիրաբյան

Լուսանկարը՝ http://www.customs.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter