HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք թեկնածու, երկու հիմնական մրցակից` Էջմիածնի ՏԻՄ ընտրություններում

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Հայաստանի մի շարք մարզերում, այդ թվում՝ Արմավիրի մարզում: Թեժ ընտրություններ են սպասվում հատկապես Էջմիածին քաղաքում: Այստեղ առաջադրվել է երեք թեկնածու, այդ թվում՝ գործող քաղաքապետ Մանվել Գրիգորյանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին:

Սա Կարեն Գրիգորյանի երրորդ ընտրարշավն է: Նա արդեն երկու անգամ ընտրվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում: Այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է: Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանից տեղեկացանք, որ գործող քաղաքապետն այս օրերին բակային հանդիպումներ է անցկացնում Էջմիածնի բնակիչների հետ:

Գրիգորյանի երկու մրցակիցներից մեկը անկուսակցական, 54-ամյա Արթուր Խաչատրյանն է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում նրա մասին նշված է, որ նա Էջմիածնի քաղաքապետարանի սպասարկման բաժնի պետն է, մյուսը՝ նույնպես անկուսակցական, ինքնաառաջադրմամբ հանդես եկած 47-ամյա Արթուր Թումանյանը: Վերջինս Էջմիածնի ավագանու նախկին անդամ է: Հատկանշական է, որ անկուսակցական Կարեն Գրիգորյանին ոչ թե իշխող ՀՀԿ-ն է առաջադրել, ինչպես կարելի էր ենթադրել, այլ նա հանդես է եկել ինքնաառաջադրմամբ: Նախօրեին այցելելով Էջմիածին՝ ականատես եղանք, որ քաղաքի Մաշտոցի փողոցի վրա գտնվող մի պուրակում մաքրման ակտիվ աշխատանքներ էին իրականացվում: Տարածքը մաքրող կանանցից մեկից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ միջոցառում է տեղի ունենալու: Նա պատասխանեց, որ ժամեր անց Կարեն Գրիգորյանն այդտեղ նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է անցկացնելու Էջմիածնի բնակիչների հետ:

«Կարեն Գրիգորյանից բացի այլ թեկնածու չկա». կարծում են իր համակիրները

37-ամյա քաղաքապետ Կարեն Գրիգորյանի զբաղված լինելու պատճառով իր փոխարեն մեր հարցերին պատասխանեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը: «Կարեն Գրիգորյանը իրականում մրցակից չունի: Մենք ծրագրեր ունենք եւ այդ ծրագրերով ենք առաջնորդվում: Այն երկու թեկնածուն, որ առաջադրվել են, ինչ-որ այլ նպատակներով են առաջադրվել: Ես չգիտեմ, թե նրանք ինչու են առաջադրվել՝ ջուր պղտորելու, թե այլ: Նրանք քաղաքապետ աշխատելու մտադրություն չունեն: Ասեմ՝ ինչու: Համայնքի ղեկավարը պետք է թիմում ավագանու հետ աշխատի: Եթե նա չունենա ավագանու աջակցությունը, ապա նա չի կարող ոչ մի հարց լուծել, որեւէ դրամ ծախսել առանց ավագանու համաձայնության»,-նշեց քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը:

Ըստ նրա՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններում ավագանու 15 տեղի համար առաջադրվել է 23 թեկնածու, որից 19-ը Կարեն Գրիգորյանի ընկերներն ու թիմակիցներն են՝ այն մարդիկ, ովքեր նրա հետ աշխատել եւ նրա ծրագրերն են կյանքի կոչել: «Ենթադրենք՝ ինչ-որ մի հրաշք է տեղի ունենում, եւ այն երկու թեկնածուներից մեկն է ընտրվում քաղաքապետ եւ 15 տեղանոց ավագանու կազմում 4 համակիր ունենում: Նա կամ պիտի չաշխատի՝ հենց առաջին օրը հրաժարական տա, կամ պիտի իրականացնի Կարեն Գրիգորյանի ծրագրերը»,-ասաց Վարդան Վարդանյանը:

Թեկնածու, որին գործընկերները չեն ճանաչում

Կարեն Գրիգորյանի մրցակիցներից Արթուր Խաչատրյանի մասին ԿԸՀ կայքում գրված է, որ նա Էջմիածնի քաղաքապետարանի սպասարկման բաժնի պետն է: Քաղաքապետարանի կայքի աշխատակազմի մասին պատմող էջում նրա մասին ոչինչ չկա գրված այն դեպքում, երբ մյուս բաժինների եւ դրանց պետերի վերաբերյալ բավականին մանրամասն տվյալներ են ներառված: Ավելին, «Հետք»-ը հենց տեղում պարզեց, որ Խաչատրյանը ոչ միայն քաղաքապետարանի սպասարկման բաժնի պետը չէ, այլեւ, ըստ քաղաքապետարանի աշխատակիցների, քաղաքապետարանում չի աշխատում: Էջմիածնի քաղաքապետարանի սպասարկման բաժնի աշխատակցուհիներից մեկն ասաց, որ Արթուր Խաչատրյան անուն-ազգանունով թեկնածուն քաղաքապետարանում չի աշխատում: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Աշոտ Ասլանյանն ու սոցիալ- առողջապահության բաժնի պետ Հրաչ Սարգսյանն էլ չցանկացան «Հետք»-ին պատասխանել, թե արդյո՞ք նման աշխատակից ունեն: Ասլանյանն ասաց, որ հանդիպման է եւ չի կարող այս պահին խոսել, իսկ Սարգսյանն էլ նշեց, որ Խաչատրյանին չի ճանաչում եւ իրավասու էլ չէ նման հարցերի պատասխանել:

Մեր ուսումնասիրությամբ, Էջմիածնում Խաչատրյանն անգամ նախընտրական շտաբ չունի, նախընտրական քարոզչապաստառներ նույնպես չհայտնաբերեցինք: «Հետք»-ի այն դիտարկմանը, թե համայնքների գործող ղեկավարները սովորաբար նախաձեռնում են եւս մեկ թեկնածուի գրանցում, որպեսզի առաջադրումների փուլում առանց մրցակից չլինեն եւ Արթուր Խաչատրյանի առաջադրումն էլ հենց այդ նպատակով է կատարվել՝ Վարդան Վարդանյանը ասաց, որ սա այդ դեպքը չէ:

Միակ իրական մրցակիցը «Սմե՞րտն» է

Հետեւելով մամուլում տեղ գտած վերջին հրապարակումներին՝ կարելի է ենթադրել, որ մրցակցությունը հիմնականում ընթանում է Կարեն Գրիգորյանի եւ Արթուր Թումանյանի միջեւ: Թումանյանը բավական «խոսուն» մականուն ունի՝ Սմերտ: Արթուր Թումանյանը կայքերից մեկին տրված հարցազրույցում նշել է, որ ավագանու անդամ եղած ժամանակ պայքարել է Կարեն Գրիգորյանի ապօրինությունների դեմ, եւ որ ժամանակն է Էջմիածինն ազատել Մանվելից ու մանվելիզմից:

Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանն իր հերթին հանդես էր եկել հոդվածով, որտեղ գրել էր. «Եթե իսկապես կարծում եք, թե կարող եք խանգարել սեպտեմբերի 18-ի ընտրություններում Կարեն Գրիգորյանի հաղթանակին, ապա դա սիզիփոսյան աշխատանք է»: Արթուր Թումանյանը նույնպես քարոզչական պաստառներ չունի: Նրա նախընտրական շտաբում վերջինիս չհանդիպեցինք:

Շտաբի ներկայացուցիչներն ասացին, որ Թումանյանը «աշխատանքային այցով» Երեւանում է: Թումանյանի նախընտրական թիմից Կիրակոս Բաժակյանը, որը նաեւ ավագանու անդամի թեկնածու է, «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ քարոզչական պաստառներ ընդհանրապես չեն էլ տպագրել եւ բացատրեց, թե ինչու. «Մենք կարող էինք գումար ծախսել ու պաստառներ տպել, բայց արդյո՞ք Էջմիածնի խանութների սեփականատերերը կհամաձայնեին դրանք փակցնել իրենց խանութների դիմապակիների վրա»:

Արթուր Թումանյանն ու իր թիմը հրաժարվել են նաեւ բնակիչների հետ բակային հանդիպումներ անցկացնելու մտքից: Ասել է, թե՝ ընդհանրապես քարոզարշավ չեն իրականացնում: Բաժակյանն ասաց, որ քարոզարշավ չեն իրականացնում եւ բակային հանդիպումներ չեն կազմակերպում՝ «ելնելով էջմիածինցիների անվտանգությունից»: Ըստ նրա՝ հանդիպումների եկած մարդկանց համար կարող են «խնդիրներ առաջանալ»: Կիրակոս Բաժակյանը մեզ խոստացավ Արթուր Թումանյանի՝ քաղաք վերադառնալուն պես հաղորդել նրան մեր այցելության եւ նրա առաջադրվելու կապակցությամբ հարցեր ունենալու մասին: Սակայն մեզ այդպես էլ չզանգահարեցին:

Ի դեպ, Թումանյանին ճանաչող մի էջմիածնեցի մեզ հայտնեց, որ այս պահին քաղաքապետի թեկնածուն ռուսաստանաբնակ եղբոր միջոցներով իր տունն է վերանորոգում, քանի որ ընտրվելու դեպքում «սիրուն չի լինի, որ քաղաքապետի տունը լավ վիճակում չլինի»:

Վերջինս նաեւ ասաց, որ Արթուր Թումանյանին է ուզում տեսնել քաղաքապետի պաշտոնում ոչ այն պատճառով, որ Կարեն Գրիգորյանից են դժգոհ, այլ պարզապես ցանկանում են քաղաքում վախի մթնոլորտը վերանա: «Կարեն Գրիգորյանն առանձին վերցրած շատ լավ տղա է: Բայց մարդիկ էստեղ ամեն օր ապրում են վախի մթնոլորտում»,-պատմեց նա:

Կարեն Գրիգորյանի ունեցվածքը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ Էջմիածնի քաղաքապետ Գրիգորյանը 2015 թվականին 8 միլիոն դրամ արժողությամբ «AUDI Q5 3.2» մակնիշի ավտոմեքենա է գնել: Ըստ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ նա մեկ առանձնատուն եւ մեկ բնակարան ունի:

Գրիգորյանի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 6 միլիոն 200 հազար դրամ, 1800 ԱՄՆ դոլար եւ 5 հազար 200 եվրո,իսկ եկամուտները՝ 4 միլիոն 950 հազար դրամ եւ 2 միլիոն 549 հազար դրամ: Ընդ որում 4,9 միլիոնը՝ փոխառություններից:

Էջմիածնին գրագետ ղեկավար է պետք

Այսպես է կարծում մեր կողմից հարցված էջմիածնեցիների մեծ մասը: 45-ամյա տիկին Մարինեն ասում է, որ եթե քաղաքապետի գործունեության մեջ մտնում է միայն ասֆալտ անելը, ապա Կարեն Գրիգորյանն իր գործը լավ է արել:

«Չեմ կարող ասել, որ աշխատանք չի արվել: Բայց ինձ համար քաղաքապետի աշխատանքը դրանով չի սկսվում եւ ավարտվում: Ինձ համար քաղաքի բարգավաճում նշանակում է բնակչության բարգավաճում, աշխատատեղերի ավելացում: Եթե ես քայլում եմ այս փողոցով, որը շատ լավ ասֆալտ ունի, իսկ իմ կողքին ձեռքը մեկնած մուրացկան է կանգնած՝ իմ աչքին այս ասֆալտը չի երեւում»,- նշում է նա:

Վերջինս նաեւ դժգոհում է, որ քաղաքային իշխանության ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է քաղաքի կենտրոնի վրա, իսկ ծայրամասերում կարելի է սարսափելի տեսարանների ականատես լինել:

Մեկ այլ էջմիածնեցի էլ, չցանկացանալով ներկայանալ, ասաց, որ Կարեն Գրիգորյանին ճանաչում է, լսել է նրան եւ գործն էլ տեսել, իսկ թեկնածու Արթուր Թումանյանի խոսքը պատահաբար լսել է յութուբյան մի տեսահոլովակում եւ, մեղմ ասած, ապշած է:

«Լսելով Արթուր Թումանյանի մի քանի րոպեանոց հարցազրույցը՝ իր մասին դրական կարծիք չեմ կազմել: Ես ուզում եմ գոնե կիրթ խոսող քաղաքապետ տեսնել: Բայց ես տեսնում եմ «լավ տղա», որ պիտի հարց լուծի քաղաքում: Արթուր Թումանյանի հետ հարցազրույցում ես ռազբորկաներով հարցեր լուծող մարդ տեսա: Ես ինքս բարեփոխումների կողմնակից եմ, բայց եթե հինը պետք է փոխվի ավելի վատ նորով, ապա ես դրան դեմ եմ», - նշեց մեր զրուցակիցը:

Էջմիածնում ընտրողների թիվն անցնում է 44 հազարը: Ըստ ԿԸՀ-ի կայքի՝ դեկտեմբերի 6- ին կայացած սահմանադրական հանրաքվեի ժամանակ Էջմիածին քաղաքում քվեարկելու իրավունք ունեցել է 44,773 քաղաքացի, որից մասնակցել է 32,016 ընտրող: Այսինքն՝ գրանցվել է 71.5 տոկոս մասնակցություն: Էջմիածնում 22 ընտրական տեղամաս կա, որոնց գերակշիռ մասում հանձնաժողովի նախագահը կամ ՀՀԿ-ից է, կամ էլ՝ «Բարգավաճ Հայաստանից»: Տեղամասերից 10-ում ընտրական հանձնաժողովի նախագահը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից է, 9- ում՝ Հանրապետական, երկուսում՝ Հայ Ազգային կոնգրեսից եւ միայն մեկում՝ «Ժառանգություն» կուսակցությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter