HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ թեկնածուով քաղաքապետի ընտրություններ Գորիսում

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում  այսօր համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են: Համայնքների խոշորացման արդյունքում Գորիս համայնքը ներառում է Ակներ, Վերիշեն, Հարթաշեն, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Աղբուլաղ, Վանանդ գյուղերը:

Գորիսի ղեկավարի ընտրություններում ընդամենը մեկ թեկնածու է առաջադրվել՝ գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը: Մյուս թեկնածուն՝ Նախկին Որոտան համայնքի ղեկավար Օհանջանյան Սուրիկը, ինքնաբացարկ է հայտնել:

Ավագանու թեկնածուները  26-ն են, որոնցից մեկը՝ անկուսակցական Բադալյան Արբակը, ինքնաբացարկ է ներկայացրել: Ավագանու անդամի 8 տեղի համար այժմ մրցում են Հանրապետական կուսակցությունից 10, ՀՅԴ-ից՝ 1,  ԲՀԿ-ից՝ 3 եւ 11 անկուսակցական թեկնածուներ:

Այս ցուցակում բացարձակ մեծամասնություն են կազմում տղամարդիկ: Կին թեկնածուն մեկն է՝  անկուսակցական Իրինա Յոլյանը: Նա Գորիսի կանանց ռեսուրսների կենտրոնի անդամ է, լրագրող:

Այս առավոտ մենք թիվ 37/5 ընտրատեղամասում էինք: Նկատեցինք, որ ընտրողներից շատերը քվեախցիկից դուրս են գալիս քվեաթերթիկը ձեռքում պահած, քվեատուփի մոտ հանձնաժողովի անդամի օգնությամբ տեղավորում քվեատուփի մեջ: Պատճառաբանում են, թե շփոթվել են: Արձանագրեցինք, որ որոշ դեպքերում հանձնաժողովի անդամը մոտեցավ ու օգնեց քվեաթերթիկը ծրարի մեջ դնել: Այս պահին վստահված անձինք 10-ն են, որոնցից 2-ը՝ Առուստամյան Վարազդատը ու Էդիկ Ադունցը, համայնքապետի միակ թեկնածու Վաչագան Ադունցի վստահված անձինք են, երկուսն էլ միաժամանակ գտնվում են ընտրատարածքում: Ընտրական օրենսգրքով արգելվում է թեկնածուին մեկից ավելի վստահված անձ ունենալ: Երբ այս մասին հարց ուղղեցինք հանձնաժողովի նախագահին, ասաց՝ «կարող աա էդպես լինել, նորմալ ա»: 

Նշենք, որ վստահված անձինք հիմնականում դրսում են հսկում: Ընտրատարածքում խոշորացույց չկա, ինչի հետեւանքով ընտրողներից մեկը ստիպված եղավ վերադառնալ քվեաթերթիկը ձեռքին եւ իր ակնոցը վերցնել:

Անժելա Պողոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter