HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի նշան բողոքի՝ կիսավեր շենքի վերջին բնակիչները վտանգում են իրենց կյանքը

Սիսակյան 3 հասցեում նախկին «Մետաքս» գործարանին պատկանող հանրակացարանային շենքի վերջին բնակիչները հրաժարվում են հեռանալ՝ պահանջելով արդարության վերականգնում: Նրանք պնդում են, որ շենքի հատակագիծը գծագրողները մոռացել են նշել իրենց կացարանի հատվածը, որի պատճառով նրանք մնում են ձեռնունայն:

Ռոլանդ Գասպարյանը կնոջ՝ Անահիտ Աբրահամյանի և երկու որդիների՝ 8-ամյա Էրիկի և 11 տարեկան Ստեփանի հետ ապրում են կոմունալ հարմարություններից զուրկ կիսաքանդ շենքում, որի մյուս հատվածում շինմոնտաժման աշխատանքներ էին ընթանում: Ցերեկները նրանք անցկացնում են շենքի բակում, գիշերելու համար ստիպված են լինում ներս մտնել էլեկտրականությունից ու ջրից զրկված իրենց կացարան: Շինարարներն, անսալով  բնակիչների հորդորին, սպասել քաղաքապետարանի պատասխանին, շենքի այդ հատվածում շինմոնտաժման աշխատանքները դադարեցրել են: Բայց նրանք երկար սպասել չեն կարող, քանի որ այդ աշխատանքների կատարման համար պայմանագիր ունեն կնքված և ժամկետները սեղմ են:

Աշխղեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ շինարարներն աշխատում են շատ զգույշ լինել, որպեսզի չվնասեն մարդկանց, բայց՝ «երեխաներ են, վազվզում են, կարող են վնասել իրենց ու մի փորձանքի գալ»:

Սեպտեմբերի 13-ին Անահիտ Աբրահամյանը բնակարան հատկացնելու մասին դիմումը, որտեղ նշված է շենքի հատակագծի նախագծման ժամանակ տեղի ունեցած սխալի մասին, հասցրել է քաղաքապետարան, որտեղից պատասխանը սպասվում է մոտ օրերս:

Գասպարյանների երկու որդիները սեպտեմբերի սկզբից դպրոց չեն հաճախում: Ճիշտ է, «տանն» արտագրություններ են անում ու գիրք կարդում, բայց կենցաղային պայմանների պատճառով դպրոց գնալն անհնարին են համարում: Տատիկը՝ Սեդա Գասպարյանն, ասում է որ սա նաև բողոք է այն իրավիճակի դեմ, որում հայտնվել է ընտանիքը:

«Երեխաները դպրոց չեն հաճախում, չենք կարողանում լողացնել, էս պայմաններում դասերը պատրաստելն էլ դժվար է,- ասում է երեխաների մայրը՝ Անահիտը: -Քաղաքապետարանից ասացին, որ պատասխանի համար մի տասը օր պիտի սպասենք. ամեն դեպքում նախագծման ժամանակ սխալմունք է եղել, մոռացել են հատակագծի վրա նշել մեր տարածքը: Ես  պնդեցի, որ գան ու տեղում ստուգեն»:

Ռոլանդի մայրը՝ 62-ամյա Սեդան, Սիսակյան 3-ի  43-րդ համարի 9 քմ սենյակը ստացել է 1980-ականների սկզբին: Սենյակն ընդամենը 9 քմ է, իսկ նկուղային հարկում կային ազատ  տարածքներ, որոնք խորհրդային ժամանակներում երեկոյան դպրոցի համար էին ծառայել: Սեդան երեխաների հետ միասին տեղավորվում է նկուղային հարկի երկու փոքրիկ սենյակում, իսկ 43-րդ սենյակը հանձնում պետությանը:  

Սիսակյան 3 հասցեի հանրակացարանային շենքը վթարային է ճանաչվել 2007թ.: 2013թ. սկսվել է շենքի վերաբնակեցման գործընթացը, որն արդեն քաղաքապետարանը համարում է ավարտված: 

Ռոլանդ Գասպարյանի և Անահիտ Աբրահամյանի մանկահասակ դուստրը՝ Սեդան, մահացել է 2008թ.: Մահվան պատճառը վկայականում նշված է «օրգանիզմի ընդհանուր ինտոկսիկացիա, երկկողմանի թարախային թոքաբորբ»:  Խոնավության պատճառով ծանր հիվանդացել էր նաև փոքր որդին՝ Էրիկը, որն  այդ ժամանակ 3 ամսական էր: Երեխայի մանկության ժամանակ առաջացած առողջական խնդիրներն իրենց հիմա էլ զգացնել են տալիս. թեև Էրիկը շատ աշխույժ ու կենսուրախ երեխա է, նա հիմա էլ բժիշկների հսկողության տակ է: 

«Խոնավության պատճառով էր, երեխան գաղտնի թոքաբորբ էր տարել, չենք հասկացել, - պատմում է Անահիտը դստեր հետ պատահածի մասին, - մինչև հասցրեցինք երեխային հիվանդանոց, չկարողացանք փրկել: Պարզվեց, որ նույն վիճակը Էրիկի մոտ էր սկսվել: Աղջկաս յոթի օրը հիվանդանոցից ստորագրությամբ եմ դուրս եկել, որ կարողանամ գնալ գերեզմանոց»:  

Ծնողները որոշում են երկու ողջ մնացած տղաներին վերցնել ու վարձով բնակարան տեղափոխվել: Բայց այսօր բնակարանների վարձը թանկացել է, ու կայուն եկամուտ չունեցող ընտանիքը չի կարող իրեն թույլ տալ նույնիսկ ամենահամեստ բնակարանը վարձել:

Սեդա Գասպարյանը գտնում է, որ մեկ ընտանիքին մի քանի բնակարան հատկացնելը ու իր մեծ որդուն առանց բնակարան թողնելը անխղճություն է: Մյուս որդին՝ Վրեժը, ստացել է մեկսենյականոց բնակարան: Վրեժը նույնպես երկու զավակ ունի, ու շուտով լույս աշխարհ կգան ևս երկուսը. բժիշկներն ասել են, որ փոքր հարսը զույգ երեխայի է սպասում:

«Էս շենքից բոլորը բնակարան ստացան, ոչ մեկին չնեղացրեցին, որոշ ընտանիքներ նույնիսկ երեք բնակարան ստացան, - ասում է Ռոլանդի մայրը, - Իմ տղան, ճիշտ է, երիտասարդ ժամանակ պատիժ է կրել դասալքության համար (ծանր պայմանների ու ծեծի պատճառով հիասթափվել էր ծառայությունից ու փախել), բայց էսօր պատրաստ է բոլորից առաջ հայրենիքը պաշտպանել. ապրիլի 2-ին նա եղբոր հետ մեկնել է առաջնագիծ ու 45 օր մնացել այնտեղ: Էսօր էլ նրա ընտանիքում երկու զինվոր է մեծանում: Բայց էս երեխեքը էսօր մնացել են դուրսը: Բակի ընկերները չեն ուզում հետները խաղալ: Ասում են, թե դուք բոմժ եք, տուն չունեք: Ես իրենց հետ մնալու եմ այստեղ այնքան ժամանակ, մինչև լսեմ քաղաքապետարանի պատասխանը»:

 

Սեդան էլ ընտանիքին սիրտ տալու համար հաճախ այցելող նախկին հարևանների պես հույս ունի, որ քաղաքապետարանի պատասխանը դրական է լինելու:

«Հետքը» հարցում է ուղարկել քաղաքապետարան: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք ավելի մանրամասն տեղեկություններ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter