
Սերժ Թանկյանը և այլ արվեստագետներ Հայաստանում անհապաղ փոփոխությունների կոչ են անում
Ամերիկահայ երաժիշտ, System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանը այսօր հայտարարություն է տարածել, որով կոչ է անում միանալ մի խումբ սփյուռքահայերի և հայաստանցիների նախաձեռնած ստորագրահավաքին` Հայաստանում փոփոխություններ անելու և արդարադատություն հաստատելու մասին:
«Ընկերնե´ր (Հայաստանում և ամբողջ աշխարհում), այսօր նշվում է Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձը: Պետք է նշել այս փոքր, բայց լավ ժողովրդի որոշ հաջողությունները` միաժամանակ զբաղվելով մտահոգիչ հարցերով: Անկախությունը քիչ է, երբ ժողովրդի մի մեծ մասը դժգոհ է: Այդ պատճառով ես և մի խումբ ընկերներ Հայաստանի ժողովրդին աջակցելու և դրական քաղաքացիական փոփոխությունների ու բարեփոխումների դիմելու կոչով մի հայտարարության տեքստ ենք կազմել: Խնդրեմ անցեք արշավի հղումով և ստորագրեք, եթե համաձայն եք»,- լրատվամիջոցներին ուղարկված տեքստում գրել է Թանկյանը:
Նախաձեռնության կազմակերպիչները «Արդարադատություն Հայաստանում» կոալիցիայի անդամներն են` հիմնականում հայկական սփյուռքը ներկայացնող արվեստագետներ: Հաշվի առնելով 2016թ-ի ապրիլի և հուիսի դեպքերը` նրանք 25-ամյա Հայաստանի Հանրապետության քաղաքական առաջնորդներին կոչ են անում հրաժարվել համակարգված կոռուպցիայից, մոնոպոլիաներից, ոստիկանական դաժանություններից և մարմնավորել սկզբունքայնություն, հաշվետվություն, կարեկցանք:
«Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որը արժանի է մեր ժողովրդի տոկունությանը ու հասնել այդ նպատակին: Հաշվի առնելով մեր եզակի արժեքները եւ բնավորությունը, Հայաստանը կարող է եւ պետք է դառնա հնարավորությունների, ստեղծագործության, ժողովրդավարության եւ հույսի երկիր, մի տարածաշրջանում որը հղի է քաոսով։ Այլընտրանքը անհավատալի է»,- գրված է change.org-ում հրապարակված հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրած գործիչների կազմում են երաժիշտ Սերժ Թանկյանը, արտիստ Վահե Բերբերյանը, ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը և գործարար Ալեքսիս Օհանյանը Միացյալ Նահանգներից, ռեժիսոր Ատոմ Էգոյանը և դերասանուհի Արսինե Խանջյանը Կանադայից, ռեժիսոր Սերժ Ավետիքյանը Ֆրանսիայից և այլոք:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել