HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արայիկ Խանդոյանի կալանքը երկարացվեց

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ քննիչի՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը։ Խանդոյանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով և մերժվել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

«Հետք»-ի հետ զրույցում Խանդոյանի փաստաբան Արա Կարագյոզյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի կալանքը երկարացնելու միջնորդությունում ներկայացված հիմքերն անհիմն և անապացույց են։

Ըստ փաստաբանի՝ կալանքը երկարացնելու որպես հիմնավորում է ներկայացվել այն հանգամանքը, որ Խանդոյանը ազատության մեջ գտնվելով, փախուստի կդիմի, կխոչընդոտի քննչական մի շարք գործողությունների։

«Դատարանում մեր առարկությունները ներկայացրեցինք, ինչպես նաև փաստեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներ, որով անձը կարող է գրավով ազատ արձակվել և գրավի չափը դատարան կդիտարկի որպես փախուստի չդիմելու երաշխիք։ Բացի այդ, եթե այսօր անկախություն ունենք, այն նաև Արայիկ Խանդոյանի շնորհիվ է. նա փոքր տարիքից կռվել է Արցախյան պատերազմում և եթե թուրքից չի փախել, հաստատ Հայաստանից կամ քննչական մարմնից չի փախնի»,- նշում է փաստաբանը։

Արայիկ Խանդոյանը ևս ներկա է գտնվել դատական նիստին։ Դատավորը Խանդոյանին հարցրել է՝ ինչ ունեք դատարանին ասելու, փաստաբանի հաղորդմամբ, դրան ի պատասխան` իր պաշտպանյալը հայտարարել է՝ «որևէ բան չունեմ ասելու, քանի որ դուք կատարում եք քաղաքական պատվեր, բացի այդ՝ իմ դատավորը ժողովուրդս ու Աստվածն է»։

Կարագյոզյանի գնահատմամբ՝ քննչական մարմնի կողմից դատարանում օրենսդրական շաբլոնային ձևակերպումներ են ներկայացվել՝ առանց որևէ հիմնավորման։

Նշենք, որ Արայիկ Խանդոյանը մեղադրվում է Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter