HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փողերի լվացման մեխանիզմն ապացուցելու ջանքերը. «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահի ու տեղակալի ցուցմունքները

«Հայբիզնեսբանկի» փողերի լվացման գործով, վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի մասով մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը հարցեր տվեց Արա Կիրակոսյանին: 

Մեղադրողը խնդրեց պարզաբանել թղթակցային և ոչ թղթակցային բանկերի հետ աշխատելու տարբերությունները: Արա Կիրակոսյանը պարզաբանեց, որ այն բանկի հետ, որոնց հետ չունեն թղթակցային հարաբերություններ, աշխատում են միջնորդ բանկերի միջոցով, որի հետ հաստատված են թղթակցային հարաբերություններ: Միջնորդ բանկում թղթակցային հաշիվ ունենալով՝ լուծվում է միջոցների տեղափոխման հարցը:

Գործարք կատարելիս միջնորդ բանկը գործակալի ֆունկցիա է կատարում, և 1 մլն ու 9 մլն 980 հազար եվրոյի փոխանցման դեպքում, եթե անճշտություն լիներ, միջնորդ բանկից կարելի էր հարցում անել: Հարցում արվել է: Սակայն, Արա Կիրակոսյանի խոսքով, որևէ գործարք չի կատարվել այն ժամանակ, երբ պատասխան չեն ունեցել: Գործարք կատարվել է այն ժամանակ, երբ ստացվել են համապատասխան փաստաթղթերն ուղարկողից: Դրանք հենց DHL ծառայության միջոցով ստացված փաստաթղթերն են, որոնք և Արա Կիրակոսյանը հիմք է ընդունել և միջոցները փոխանցելու ցուցում տվել: Հիշեցնենք՝ այդ փաստաթղթերը նախաքննական մարմնի կողմից արված փորձաքննություններով կեղծ են ճանաչվել: Իսկ այդ փաստաթղթերը հիմք են ընդունվել, քանզի ուղարկող «Միր բիզնես բանկ»-ն այլևս թղթակցային հարաբերություններ չուներ «Սբերբանկ»-ի հետ՝ պատժամիջոցների ցուցակում հայտնվելու պատճառով: Միջնորդ բանկի հետ կապն ընդհատված է եղել հուլիսի վերջից, և հիմք են ընդունվել DHL-ով ստացված փաստաթղթերը:

«DHL-ը անընդհատ շեշտում եք, բայց դա ընդամենը ծառայություն մատուցող կառույց է: Նույնը կարող էր առձեռն բերվել բանկ, էլեկտրոնային եղանակով կամ ֆաքսով ուղարկվել: Պաշտոնական գրություն եմ ստացել բանկից, որի հետ եղել են նաև համապատասխան փաստաթղթեր՝ կնքված ու ստորագրված, որը պաշտոնապես եկել է DHL ծառայության միջոցով, որի վրա էլ եղել են ստորագրություններ ու կնիքներ տվյալ բանկի (նկատի ունի՝ «Միր բիզնես բանկը»-հեղ.) կողմից հանձնած DHL կազմակերպությանը»,- ասաց Արա Կիրակոսյանը:

Արա Կիրակոսյանը շեշտեց, որ չնայած եղել են գումարի հետ գանձման պահանջներ, սակայն գումարները հետ չեն ուղարկվել, քանի որ հետ ուղարկվելու համար անհրաժեշտ էր շահառուհի համաձայնությունը, ինչը չի եղել:

«4 ամիս այդ գումարներին ձեռք չի տրվել: Եթե անելու լինեի, ենթադրենք՝  եթե ես մասնակից լինեի, կանեի այդ 4 ամսվա ընթացքում, ինչի՞ էի սպասում 4 ամիս, որևէ քայլ չէր արվում, գումարների տեղաշարժ չէր արվում, 4 ամիս հետո նոր տեղաշարժեի՞»,- հիմնավորեց Արա Կիրակոսյանը:

Դատախազի հարցադրմանը, թե արդյոք համապատասխան աշխատակիցները զեկուցել են այդ գումարների հետագա շարժի մասին, Արա Կիրակոսյանն ասաց, որ ամեն ինչ վարչության նախագահին չի զեկուցվում, համապատասխան բաժիններն ու վարչություններն են զբաղվում այդ հարցերով: Սպասարկում է կատարվել, թե որ գումարն ուր է փոխանցվել՝ տեղյակ չէ:

««Հայբիզնեսբանկի» ակտիվները կազմում են 500 մլն դոլարին համարժեք գումար, այդպիսի վճարումներ՝ 1 մլն, 5 մլն, 9 մլն, 30 մլն, 40 մլն՝ նորություն չէ, դրանք ամենօրյա գործարքներ են՝ գալիս և գնում են, 1 մլն-ը բանկի համար մեծ գումար չէ, որ դրա համար դիմեին վարչության նախագահին, վարչության նախագահը խորհրդակցություն հրավիրե՞ր, դա աշխատանքային պրոցես է»,- բացատրեց Ա. Կիրակոսյանը:

Հրապարակվեց նաև գործով մյուս մեղադրյալ՝ Մելիք Եսայանի նախաքննական ցուցմունքը, քանզի նրան դատարան չեն բերում վատառողջ լինելու պատճառաբանությամբ:

Մելիք Եսայանը «Հայբիզնեսբանկ»-ում աշխատել է մինչև 2013թ. մարտ ամիսը որպես Տարածքային կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն-բանկի վարչության նախագահի տեղակալ: Իր ցուցմունքում Մելիք Եսայանը պատմել է, որ 2012թ. գարնանը Սուրեն Գաբրիելյանն իր աշխատավայր է գնացել Իրանի 2 քաղաքացիների հետ, որից մեկը ներկայացել է որպես իրանական «Քիշ» բանկի նախագահ, մյուսը՝ գործարար: Նրանք ցանկություն են հայտնել համագործակցել «Հայբիզնեսբանկ»-ի հետ և թղթակցային հաշիվ բացել բանկում: Այդ հարցի քննարկման համար հրավիրել են նաև Միջազգային գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Սարգիս Իգնատոսյանին և Սպասարկման վարչության պետ Վահե Հարությունյանին: Պայմանավորվել են հաշվի բացելու համար ներկայացնել համապատասխան փաստաթղթեր: Սակայն Սարգիս Իգնատոսյանը հետագայում տեղեկացրել է, որ փաստաթղթերը թերի են եղել, ինչի պատճառով թղթակցային հաշիվ չի բացվել:

Գումարների փոխանցումից հետո Սուրեն Գաբրիելյանն ու նրա հետ առաջին անգամ այցելության եկած իրանցին նորից են եղել Մելիք Եսայանի աշխատասենյակում և հայտնել, որ գումարները իրանի քաղաքացունն են: Նա խնդրել է նստեցնել իր կազմակերպություններից մեկի հաշվին, ինչը չի արվել, քանի որ հիմք չի եղել և շահառուն նշված չի եղել: Մի քանի ամիս շարունակ իրանցին և Սուրեն Գաբրիելյանը խոստացել են, որ ուղղումները swift-ով նորից կուղարկվի, սակայն այդպես էլ չի արվել, և ի վերջո DHL-ով ստացվել են վերևում նշված փաստաթղթերը, որից հետո կատարվել է 9 մլն 980 հազար եվրոյի փոխանցումը:

Մելիք Եսայանը հայտնել է, որ Սուրեն Գաբրիելյանին ճանաչել է վաղուց՝ 2003-2004թթ., այն ժամանակ, երբ աշխատել է «Արչինբանկ»-ի Շենգավիթի մասնաճյուղի կառավարիչ: Սուրեն Գաբրիելյանը ցանկացել է վարկ ստանալ բանկից, և նրա հետ Մելիք Եսայանին ծանոթացրել է իր ուսանողական ընկերը: Մելիք Եսայանն ու Սուրեն Գաբրիելյանը նորմալ հարաբերություններ են ունեցել:

«Դավ տրանս ստրոյ» ՍՊ ընկերության հիմնադիր և տնօրեն Դավիթ Դերձյանին Մելիք Եսայանը չի ճանաչել: Դերձյանը մշտապես բանկ է հաճախել մուգ ակնոցներով և Տիգրան անունով մի անձի հետ: Չի ճանաչել նաև այդ անձին: Մելիք Եսայանը հետագայում հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Սակայն մեղադրանքն առաջադրելուց հետո հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: 

Նշենք, որ տարօրինակ պայմաններում Դավիթ Դերզյանին մահացած են հայտնաբերել և որպես դժբախտ պատահար գործը փակել: Իսկ այս գործով գլխավոր անձ Սուրեն Գաբրիելյանը փախուստի մեջ է: Քրեական գործի ընթացքում նա կարողացել է փախչել իրավապահներից, հասնել Վրաստան, այնուհետև՝ Թուրքիա, Ռուսաստանի Դաշնություն և անցնել Եվրոպա: Փաստաբան Հակոբ Ճարոյանի տեղեկություններով՝ նա այժմ Շվեյցարիայում է:   

Հակոբ Ճարոյանը վերջում «Հետքի» հետ զրույցում նշեց, որ չնայած մեղադրողի հարցադրումներին, դատարանում հիմնավորվեց, որ իր պաշտպանյալ Արա Կիրակոսյանը որևէ կերպ չի առնչվել գումարներին և տեղաշարժերին, և նրան առաջադրված մեղադրանքները դատարանում չեն հիմնավորվել: «Ռուսաստանում փաստաթղթեր են կեղծվել: Չկա որևէ ապացույց, որ Արա Կիրակոսյանը մասնակցել է այդ փաստաթղթերի կեղծիքին, և չկա որևէ ապացույց, որ Արա Կիրակոսյանը տեղյակ է եղել, որ կեղծ փաստաթղթերով է փոխանցումը կատարում»,- հիմնավորեց Հակոբ Ճարոյան:

Դատաքննության փուլն այդպիսով ավարտվեց: Դատական հաջորդ նիստին մեղադրողը հանդես կգա մեղադրական ճառով:

Հիշեցնենք՝ Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ. օգոստոսի 21-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 01-ը, հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ՝ իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, նույն բանկի վարչության նախագահի տեղակալ–Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանի, Իրանի և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ․ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Մանուկյանսի, Շվեյցարիայի Համադաշնության ժնև քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր֊ տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ժամանակահատվածում, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր և վճարման հանձնարարականներ, խարդախությամբ՝ խաբեության եղանակով հափշտակել, ապա օրինականացրել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից, «Սբերբանկ» ՓԲ ընկերության միջոցով (միջնորդությամբ), «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերություն փոխանցված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումար, որից՝ 1.000.000 եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, Բանկում թղթակցային հաշվեհամարներ բացած, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» ընկերության համար, իսկ 9.980.000 եվրոն՝ «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու և վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով, ենթակա Է եղել վերադարձման ուղարկող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» և «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերություններն իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ երկայացնել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ, որը հատուցման պարտավորություն Է ստանձնել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter