
Հանձնարարություն եմ ստացել համալսարանից՝ գրել կուրսային աշխատանք
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Սլավոնական համալսարանի դասախոսներից կուրսային աշխատանք պատրաստելու հանձնարարություն եմ ստացել: Երևի բնական էր, որ պիտի ընտրեի ցմահ ազատազրկման թեման՝ պատժի նշանակումից մինչև կիրառում:
Առաջին հարցը, որ բարձրացրել եմ. ինչո՞ւ է առաջադեմ պետությունների մեծ մասը հրաժարվել ու հրաժարվում մահապատժից: Տեսաբանների մեծ մասի հիմնավորմամբ՝ առաջին ու կարևորագույն պատճառն այն է, որ որևէ համակարգ ապահովագրված չէ դատական սխալներից: Ես այս հիմնավորման պաշտպաններից եմ:
Հայաստանը հրաժարվեց մահապատժից 2003-ին, սակայն, ի տարբերություն ողջ քաղաքակիրթ աշխարհի, մինչ օրս իշխանություններն, ասես, վախենում են ընդունել 1990-ականների նոր ձևավորվող և դեռ սովետական ոգով ու օրենքով գործող դատական համակարգի հնարավոր սխալները: Ստացվում է, որ Հայաստանի դատաիրավական համակարգն անսխալական է, հետևաբար ասել կուզեն, որ մեզ մոտ երբեք չեն սխալվել՝ մահապատժի դատավճիռներ կարդալով:
Կուրսայինը գրելիս տարբեր աղբյուրներ ուսումնասիրելով`իմացա, որ բազմաթիվ երկրներ արդեն իսկ հրաժարվել են ոչ միայն մահապատժից, այլև ցմահ ազատազրկում պատժատեսակից (իհարկե, պետություններ կան, որտեղ դեռ մահապատիժ կա, բայց դրանց թիվը շատ քիչ է):
Պորտուգալիայում դեռ 1989թ. Սահմանադրությամբ արգելվել է ցմահ ազատազրկումը: Այն արգելված է նաև Իսպանիայում, որտեղ պատիժների կիրառման դոկտրինան ասում է՝ ցմահ ազատազրկումը հակասահմանադրական է, քանի որ հենց Սահմանադրության համաձայն՝ բանտային համակարգի պարտականությունն է`դատապարտյալին հնարավորություն տալ ապացուցելու, որ սոցիալապես վերականգնվել է, իսկ դա անհնար է հասարակությունից դուրս: Մահապատժից հրաժարվելով`իրենց քրեական օրենսգրքերում ցմահ ազատազրկումը բացառել են նաև Նորվեգիան, Սլովենիան, Հորվաթիան, Բրազիլիան, Վենեսուելան և մի շարք այլ երկրներ:
Հետաքրքիր է նաև իրավիճակն այն երկրներում, որտեղ կա ցմահ ազատազրկումը որպես պատժի առավելագույն չափ, բայց ակտիվ կիրառվում է պայմանական ազատումը: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Պայմանական-վաղաժամկետ ազատման վերաբերյալ» հանձնարարականներում ասված է, որ ցմահ ազատազրկվածների պայմանական ազատման հարցը պետք է քննրակվի 8-14 տարի ազատազրկվելուց հետո, իսկ մերժման պարագայումհամապատասխան աշխատանքներ պետք է տարվեն: Մեզ մոտ ցմահ բանտարկյալի պայմանական ազատման նախադեպ դեռ չկա, թեպետ օրենքով կա նման հնարավորություն:
Կուրսայինում անդրադարձել եմ նաև տեսակցությունների ցավոտ խնդրին: Միջազգային պայմանագրերում, որոնց Հայաստանը միացել է, և ՄԻԵԴ-ի որոշումներում պաշտպանվում է տեսակցությունների հաճախակիության գաղափարը: Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է:
Տասնյակ տարիներ դատապարտյալներն ու նրանց հարազատները գիտեն, թե կարճատև տեսակցությունները սահմանափակված են մեկ ժամով: Մինչդեռ իրականում օրենքում հստակ գրված է, որ կարճատև տեսակցությունը մինչև չորս ժամ կարող է լինել: Իրավագիտություն սովորելով եմ իմացել այս օրենքի մասին: Եվս մեկ պատճառ, որ բանտի պաշտոնյաները չէին ցանկանում, որ իրավագիտություն սովորեմ: Եթե գիտես օրենքներն ու իրավունքներդ, նաև պահանջում ես, որ դրանք հարգվեն ու կիրառվեն:
Բանտի վարչակազմը ներկայացնում է, թե իբր ցմահ բանտարկյալը տարվա մեջ կարող է ընդամենը մեկ անգամ ունենալ երկարատև տեսակցություն: Իրականում օրենքում գրված է`առնվազն մեկ անգամ, այսինքն` կարող են տրամադրել երկու, երեք և ավելի երկարատև տեսակցություն: Այս հարցերի կարգավորումը թողնված է բանտի պետերի և վարչակազմի հայեցողությանն ու բարի կամքին:
Չգիտես ինչու, երբ հարցը վերաբերում է տեսակցություններին, ղեկավարությունը սկսում է կամայական մեկնաբանել օրենքները, բայց հենց հարցը վերաբերում է օրենքով սահմանված սննդամթերքի տրամադրմանը, իսպառ մոռանում են օրենքով սահմանվածի մասին:
Հանուն արդարության ասեմ, որ «Նուբարաշեն» բանտի նախկին պետ Արամ Սարգսյանն իմ հիշողության մեջ մնացել է որպես առաջադեմ, մարդասեր անձնավորություն: Նա հեղափոխական մոտեցումներ ուներ. անգամ կարճատև տեսակցությունները որպես երկարատև էր տրամադրում: Կար ևս մեկ պետ`Գենադի Սարգսյանը, որը նման մոտեցում էր ցուցաբերում: Եվ սա 5-10 տարի առաջվա մասին եմ գրում: Այսինքն՝ համակարգը գնալով հետընթա՞ց է ապրում...
Մեկնաբանել