HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ամասիա համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցող երեք թեկնածուներից երկուսը կին են

Շիրակի մարզի Ամասիայի նախկին տարածաշրջանում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով խոշորացող համայնքների արդյունքում ձեւավորվելու է երկու փունջ: Ամասիա փնջում ներառվելու են Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Բյուրակն, Գտաշեն, Հովտուն, Մեղրաշատ, Ողջի, Ջրաձոր համայնքները: Տարածաշրջանի հյուսիսում գտնվող 9 համայնքներն էլ ձեւավորվելու են  Արփի փունջը՝ Բերդաշեն, Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Գառնառիճ, Զարիշատ, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ համայնքներով: Խոշորացվող համայնքներում հոկտեմբերի 2-ին սպասվում են ՏԻՄ ընտրություններ:

Ամասիա փնջի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված 5 թեկնածուներից Ամասիայի գործող համայնքապետ Աղասի Ամիրյանն ու Մեղրաշատ համայնքի գործող համայնքապետ Վահրամ Սաղաթելյանը սեպտեմբերի 22-ին ինքնաբացարկ են հայտնել՝ ընտրապայքարը թողնելով Արեգնադեմի գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Աղունիկ Հազրյանին, Կադաստրի Ամասիայի տարածքային սպասարկման գրասենյակի պետ անկուսակցական Վարդան Հարությունյանին ու նույն գրասենյակի օպերատոր, անկուսակցական Ջեմմա Հարությունյանին:

Արեգնադեմը 11 տարի ղեկավարած Աղունիկ Հազրյանին սեփական կուսակցությունը չի առաջադրել: Առաջադրվել է սեփական նախաձեռնությամբ՝ հասկանալով նաեւ, որ խոշորացող համայնքների դեպքում լուրջ դժվարություններ է հաղթահարելու: «Համագյուղացիներս շատ պնդեցին, որ առաջադրվեմ, դա էլ է լուրջ ազդեցություն ունեցել որոշմանս վրա,-ասում է Աղունիկ Հազրյանը,-քայլս ռիսկային էր՝ հաշվի առնելով, որ 9 համայնք է միանում, բայց մյուս կողմից էլ հանգիստ էի, քանի որ այդ բոլոր համայնքներում ինձ ճանաչում են, երկու-երեք ծրագիր եմ իրականացրել: Եվ հետո, կարծում եմ` էդ նույն համայնքների բնակիչներին պիտի որ ծանոթ լիներ, թե իմ ղեկավարման տարիներին Արեգնադեմն ինչ զարգացում է ունեցել»:

Թեպետ ճանաչվածությանը, Աղունիկ Հազրյանը խոստովանում է, որ քարոզարշավի ընթացքում որոշակի դժվարությունների է հանդիպել համայնքներում: Գրեթե բոլոր գյուղերն այցելել է, հանդիպել մարդկանց, ներկայացրել ծրագրային դրույթները:

Խոշորացող համայնքի համայնքապետի մյուս թեկնածուն՝ Ջեմմա Հարությունյանը եւս առաջադրվել է 9 համայնքների բնակիչների կյանքը բարելավելու մտադրությամբ: «Խորհրդային տարիներին գործկոմի նախագահի տեղակալ եմ աշխատել երկար տարիներ: Այսինքն՝ ղեկավարման, մարդկանց հետ աշխատելու փորձ ունեմ այդ տարիներից: Ներկայիս աշխատանքն էլ նպաստել է, որ գործի բերումով շփում ունենամ նշված բոլոր համայնքների բնակիչների հետ: Ես իրենց եմ լավ ճանաչում, իրենք էլ ինձ» ,-ասում է Ջեմմա Հարությունյանը: Քարոզարշավի ընթացքը Ջեմմա Հարությունյանը գնահատում է դրական. եղել է բոլոր գյուղերում, հանդիպել մարդկանց հետ, ծրագրային դրույթներով բուկլետներ բաժանել:

Միակ տղամարդ թեկնածուն՝ Վարդան Հարությունյանը չի նեղվում կին թեկնածուների հետ մրցակցելուց: Ասում է, որ ամեն մեկն իր չափով քարոզարշավ է իրականացրել, միմյանց չեն խանգարել: Մտադիր է գրասենյակային ղեկավարման փորձը տեղափոխել համայնքային կառավարման դաշտ: «Բնակչության 80-90 տոկոսն ինձ ճանաչում է, ես երեւի էն հազվագյուտ չինովնիկներից եմ, որ նմանատիպ կառույցում աշխատելով հանդերձ՝ կարող եմ առանց որեւէ վախի կամ ամաչելու, բաց ճակատով հանդիպել մարդկանց հետ: Կարծում եմ՝ կադաստրի ամեն պետ չէ, որ նման ռիսկի կգնար»,- ծիծաղում է թեկնածուն:

Ամասիա խոշորացող համայնքի համայնքապետի երեք թեկնածուներն էլ նշեցին, որ ընտրվելուց հետո առաջին խնդիրը, որի լուծմանը կլծվեն՝ ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը կլինի:

Լուսանկարում՝ ամասիացիները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter