HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անկախ մասնագետը հիմնավորել է, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գործով պետությանը պատճառված վնասը զգալիորեն քիչ է

Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի անդամ (ACCA), Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների ասոցիացիայի անդամ, ՀՀ որակավորված աուդիտոր, անկախ խորհրդատու Հրաչյա Հովհաննիսյանը, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սաչկովի կնոջ՝ Եկատերինա Ազյոմայի նախաձեռնությամբ, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կրած վնասի հետևանքով պետությանը պատճառված վնասի մասով տվել է իր մասնագիտական անկախ եզրակացությունը:  

Վլադիմիր Սաչկովի գործով փաստաբան Նարինե Ռշտունին հայտնեց, որ այս եզրակացության համաձայն՝ պետությանը պատճառված վնասի չափը զգալիորեն պակաս է, քան իր պաշտպանյալի մեղադրանքում է:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի որոշ պաշտոնյաների և նույն կազմակերպությա հետ անուղղակիորեն կապված անձանիցի կազմված խումբը ստեղծել է մի կապուղի, որի միջոցով արտերկրյա օպերատորներից ստացվող միջազգային զանգերը շրջանցել են ընկերության հաշվարկային համակարգը և այդ կերպ հասել ընկերության բաժանորդներին: Այդ խմբի գործունեության արդյունքում էլ պետությանը վնաս է պատճառվել:

Գործի շրջանակներում կատարված դատաֆինանսատնտեսագիտական փորձաքննության եզրակացության համաձայն, պետության պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը  ԱՀՀ գծով կազմել է ավելի քան 431 մլն դրամ, գումարած շահութահարկի գծով՝ շուրջ 443 մլն դրամ, գումարած պետական տուրքի գծով՝ 500 հազար դրամ: Ընդամենը՝ 874 մլն դրամի վնաս: Իսկ «ԱրմենՏել» ընկերությանը պատճառվել է 2 մլրդ 601 մլն  դրամ կամ 6,4 մլն դոլարի վնաս: Հաշվարկը հետագայում վերանայվել է և վնասը կազմել է 2 մլրդ 657 մլն դրամ:   

Անկախ խորհրդատուն պարզել է, որ այս հաշվարկը չի բխում է ՀՀ օրենսդրության պահանջներից: Հրաչյա Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀ «ԱԱՀ մասին» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն, «ՀՀ-ում սահմանված կարգով գրանցված էլեկտրակապի օպերատորի կամ փոստային կապի օպերատորի օտարերկրյա համապատասխան օպերատորներին մատուցվող այն ծառայությունների, որոնց մասով, համապատասխանաբար՝ էլեկտրակապի միջազգային միության կանոնադրությանը կամ Համաշխարհային փոստային միության կանոնադրությանը համապատասխան, կատարվում է միջազգային փոխկապակցման ծառայությունների շրջանակներում միմյանց մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարների փոխադարձ հաշվարկ՝ կիրառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ»: Քանի որ «ԱրմենՏելի» հաշվարկային համակարգը շրջանցած զանգերը միջազգային փոխկապակցման ծառայությունների մաս են կազմում, ըստ վերը նշված օրենքի դրույթի, դրանց դիմաց ստացվող եկամուտների հետ կապված ԱԱՀ պարտավորություն չի գոյանում:

Այսինքն՝ պետական բյուջե չի վճարվել միայն շահութահարկի գումարի չափով: Հետևաբար՝ խմբի գործունեության արդյունքում պետության կրած վնասը կարելի է գնահատել պետությանը չվճարված շահութահարկի գումարի՝ 531 մլն 379 հազար դրամի չափով:

Այսպիսի տեսք ունի անկախ մասնագետի հաշվարկը․

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից չստացված հասույթը՝ 2 մլրդ 657 մլն դրամ,
Շահութահարկով հարկման ենթակա գումարը՝ 2 մլրդ 657 մլն դրամ,
Պետական բյուջե չվճարված շահութահարկը (20%)` 531 մլն 379 հազար դրամ։

Այս եզրակացությունը փաստաբան Ռշտունին չհասցրեց ներկայացնել դատարանին, քանզի օրակարգում դեռևս չքննված միջնորդություններ և չհարցաքննված վկաներ կային:

Դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր չքննեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գործով՝ Վլադիմիր Սաչկովի խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը, որի համար երաշխավորագիր էր հղել նաև Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Հիշեցնենք, նա գրավոր երաշխավորել է, որ դեսպանատունը, որպես կազմակերպություն, պատրաստ է համապատասխան գումար վճարել պետբյուջե, որպեսզի գրավով փոխարինվի «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գործով մեղադրվող Վլադիմիր Սաչկովի խափանման միջոցը, և Վլադիմիր Սաչկովը դատապրոցեսների ընթացքում լինի ազատության մեջ: Դեսպանը հիմնավորել է, որ նշված գործով տնտեսական հանցագործություն է քննվում, և Վ. Սաչկովը հասարակության համար վտանգ չի ներկայացնում:

Այս միջնորդությանն առարկեց մեղադրող Հայկ Հակոբյանը: Նա հիմնավորեց, որ չնայած որոշ վկաներ արդեն իսկ հարցաքննվել են, սակայն դեռևս բազմաթիվ վկաներ կան չհարցաքննված, և այս պահին պարզ չեն վկաների ներկայանալու կամ չներկայանալու հանգամանքները, հետևաբար, խափանման միջոց կալանավորման համար պահպանվում են նախաքննական մարմնի հիմնավորումները: Դատախազը նշեց, որ թեև միջնորդության մեջ նշվում է, որ Սաչկովը չի խուսափել քննությունից, քրեական գործով վարույթին ներկայանալուց, սակայն քրեական գործում կան նաև տվյալներ, որ Սաչկովը Բելառուսից Հայաստան իրեն արտահանձնելու համար բազմաթիվ դիմումներ է գրել Բելառուսի իշխանություններին՝ խնդրելով թույլ չտալ իրեն արտահանձնել ՀՀ-ին, ինչը վկայում է այն մասին, որ Սաչկովն ի սկզբանե չի ցանկացել ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին: Ելնելով վերոնշյալից՝ մեղադրողը խնդրեց մերժել միջնորդությունը և պահպանել մինչդատական և դատական վարույթում կայացված՝ Սաչկովին կալանքի տակ պահելու որոշումը:

Դատավոր Բեկթաշյանն էլ որոշեց չքննել այն այսօր, այլ քննել ՌԴ դեսպանի դիմումը հայերեն թարգմանվելուց հետո: Վլադիմիր Սաչկովի փաստաբան Նարինե Ռշտունին նկատեց, որ ինքն այդ միջնորդությունը դատարանի գրասենյակ է մուտքագրել դեռևս օգոստոսի 29-ին, հետևաբար դատարանը պատշաճ ժամկետ ուներ փաստաթուղթը թարգմանելու և նիստն անտեղի չհետաձգելու համար: Դատավոր Բեկթաշյանն էլ նկատեց, որ նիստերը դրանից հետո չեն կայացել: Նիստերն, իրապես, չեն կայացել, նախ՝ թարգմանչի բացակայության, այնուհետև՝ սեպտեմբերի 26-ին էլ դատավոր Բեկթաշյանի՝ մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում լինելու պատճառով: Մինչդեռ datalex.am համակարգում նշվում է, որ թե օգոստոսի 31-ին, թե սեպտեմբերի 26-ին նշանակված նիստերը կայացել են:

Այսօրվա նիստին դատարան էր ներկայացել մեկ վկա՝ Խաչատուր Գալստյանը: Նա «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի աշխատակից է: Ընկերությունն իրականացնում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տեսահսկումը, իսկ Խաչատուր Գալստյանը եղել է տեսահսկման օպերատոր: Վկան չնայած ի սկզբանե նշեց, որ երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, և իր հաշմանդամությունը կապված է իր հիշողության հետ, այդուհանդերձ պատմեց, որ քննիչի հարցերի, ինչպես նաև իրեն ներկայացված տեսանյութերի հիման վրա կարողացել է որոշ բաներ հիշել և ցուցմունք տալ նախաքննության ժամանակ, որը գրի է առել քննիչը: Իսկ այսօրվա հարցերի մեծ մասին նա պատասխանում էր, որ չի հիշում:

Կցկտուր պատմությունից պարզ դարձավ, որ վերջինս իր հերթափոխի օրերին երկու անգամ տեսել է Վլադիմիր Սաչկովին, ով եկել է Ֆրունզեի հասցեում տեղակայված մասնաշենք կեսգիշերին: Առաջին անգամ՝ միայնակ, երկրորդ անգամ՝ սլավոնական արտաքինով մի երիտասարդ տղամարդու հետ: Նա մոտ 40 րոպե անցկացրել է սենյակում, որտեղ օպերատորների մուտքն արգելված է եղել: Թե ինչով են զբաղվել Սաչկովն ու նրան ուղեցող տղամարդը, վկան չգիտեր: Վկայի պատմելով, անվտագնության հարցերով ղեկավարն է  այդ սենյակի մուտք ու ելքի համար կարգադրություններ արել, և միայն նրանց հանձնարարությամբ են թույլատրել մուտք գործել փակ սենյակ:

Մյուս վկաները չէին ներկայացել: Սաչկովի պաշտպանները կարևորեցին ՌԴ վկաների ներկայությունը դատարանում, քանզի նախաքննական մարմինն օգտվել է նրանց ցուցմունքներից մեղադրական եզրակացություն կազմելու համար, իսկ պաշտպանական կողմը հարցեր վկաներին հարցեր և հարցեր տալու իրավունք ունի: Դատարանին խնդրեցին հավասարություն ապահովել և սպասել այդ վկաներին ուղարկված ծանուցումների պատասխաններին:

Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 24-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter