
Համայնքային ընտրություններ, մաս 2. ինտերակտիվ պատկերը
Հրանտ Գալստյան
Երեկ Հայաստանի վեց մարզերի 377 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Գրանցվեցին տարբեր ընտրախախտումներ՝ կուտակումներից մինչև քվեարկության գաղտնիության խախտումներ, լրագրողների գործունեության խոչընդոտում: Մինչ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները գնահատական կտան ընտրություններին, ծանոթացեք ընտրողների մասնակցության ընդհանուր պատկերին՝ ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների:
Հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48%-ը: Ամենացածր մասնակցությունը եղել է Կոտայքի Պտղնի գյուղում, որտեղ ընտրության է գնացել ընտրելու իրավունք ունեցողների միայն 18%-ը: Մինչդեռ Լոռու մարզի Հովնանաձոր գյուղում, ըստ ԿԸՀ տվյալների, ընտրելու իրավունքից օգտվել են գրեթե բոլորը՝ 48 ընտրողներից 45-ը:
Համայնքների մեծ մասում նշանակված էին և՛ համայնքապետի, և՛ ավագանու անդամների ընտրություններ: Որոշ համայնքներում նշանակված էր միայն մեկը, սակայն ի տարբերություն սեպտեմբերի 18-ին մյուս մարզերում տեղի ունեցած ընտրությունների՝ այդ հանգամանքը էական ազդեցություն չի ունեցել ընտրողների մասնակցության վրա: Թեև միայն համայնքապետ ընտրող բնակավայրերում ընտրությանը հիմնականում մասնակցել է բնակիչների 40%-ից ավելին, միայն ավագանու անդամների ընտրող որոշ համայնքներում ևս մասնակցության տոկոսը բարձր է եղել: Պեմզաշենում, օրինակ, ավագանու անդամների ընտրությանը մասնակցել է բնակիչների 76%-ից ավելին:
Եւս երկու համայնքներում՝ Գյումրիում և Վանաձորում, ընթացել են ավագանու ընտրություններ: Հիշեցնենք, որ ընտրական նոր օրենսգրքի հաստատումից հետո այս տարի առաջին անգամ այստեղ քաղաքապետներին ընտրում են ոչ թե բնակիչները, այլ նրանց կողմից ընտրված ավագանին: Ընտրություններին մասնակցել են Գյումրու բնակիչների 37, Վանաձորի բնակիչների՝ 43%-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների մասնակիցների թիվը՝ ամեն երեք ժամը մեկ: Մինչև 11:00-ն ընտրություններին մասնակել են ողջ օրը քվեարկածների մինչև 20%-ը, թեև կան համայնքներ (Վերին Շորժա, Անտառաշատ, Առաջաձոր, Գեղանուշ, Նոր Աստղաբերդ, Շրվենանց), որտեղ առավոտյան քվեարկել է բնակիչների կեսից ավելին:
Մինչև ժամը 2-ը այդ թիվը աճել է մի քանի անգամ: Շիրակի մարզի Կառնուտ և Քեթի, Գեղարքունիքի Զովաբեր գյուղերում, ըստ ԿԸՀ-ի, ընտրողների հոսքն աճել է ավելի քան 10 անգամ: Ինֆոգրաֆիկան ցույց է տալիս, թե քանի տոկոսով է աճել ընտրողների թիվը օրվա տարբեր ժամերի:
Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների տվյալներին ծանոթացեք այստեղ:
Մեկնաբանել