
ՀՀ պետական պարտքն օգոստոսին ավելի քան 100 մլն դոլարով աճել է
Քանի դեռ Հայաստանի ներկա տնտեսական վիճակով անհանգստացողները շարունակում են տարբեր ամբիոններից բարձրաձայնել, որ երկրի պետական պարտքը հատել է 5 մլրդ դոլարի շեմը և դա վտանգավոր է, այդ ընթացքում պետական պարտքը շատ սահուն մոտենում է 5.5 մլրդ դրամի սահմանագծին։
Ինչպես վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը (ՀՀ ԱՎԾ) Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալներն, այս տարվա օգոսոստի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է մոտ 5.485 մլրդ դոլար։ Մեկ ամսում՝ հուլիսի համեմատ, այն աճել է 100.65 մլն դրամով կամ 1.9%-ով։
Ընդ որում՝ աճել է թե ներքին, թե արտաքին պարտքը։ Օգոստոսի վերջի դրությամբ արտաքին պարտքը կազմել է մոտ 4.542 մլրդ դոլար՝ մեկ ամսում ավելանալով 48.8 մլն դոլարով կամ 1.1%-ով։ Արտաքին պարտքի կազմում 89%-ը ՀՀ կառավարության պարտքն է, մնացածը՝ ՀՀ կենտրոնական բանկինը։ Եվ աճը գրանցվել է բացառապես կառավարության պարտքի ավելացման հետևանքով, իսկ ԿԲ-ի պարտքը նվազել է մոտ 5.4 մլն դոլարով։
Իսկ ՀՀ ներքին պետպարտքը կազմել է 943 մլն դոլար՝ մեկ ասում ավելանալով 51.8 մլն դոլարով։ Ներքին պարտքի կազմում գերակշիռ մասը ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերն են, որոնց հաշվին էլ հենց գրանցվել է աճը։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Պատկերն ավելի տխուր է տարեսզբի համեմատությամբ։ 2015 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ ՀՀ պետական պարտքն աճել է 407 մլն դրամով կամ 8%-ով։ Միայն արտաքին պարտքն աճել է մոտ 226 մլն դոլարով կամ 5.2%-ով, իսկ ներքին պարտքը՝ 181.5 մլն դոլարով կամ 23.8%-ով։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Իսկ դրամային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքը ներկայում կազմում է 2 տրլն 603.8 մլրդ դրամ, որից 2 տրլն 156.1 մլրդ դրամը արտաքին պարտքն է, 447.681 մլրդ դրամը՝ ներքին պարտքը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել