
«Իմ նկատմամբ որևէ ուղղիչ աշխատանք չի արվել, և դրա կարիքն էլ չունեմ». Արթուր Մկրտչյան
Ամալյա Մարգարյան
«Հարգելի՛ ներկայացուցիչ, նախորդ նիստին ես հարց ուղղեցի՝ հստակեցնելու՝ ո՞րն է եղել Արթուր Մկրտչյանի վաղաժամկետ ազատման դիմումի մերժման պատճառը, Դուք նշեցիք միայն քաղհայցը, այլ պատճառաբանություն չկար, այդ ինչպե՞ս եղավ, որ Ձեր դիրքորոշումը փոխվեց»,- դատարանի դահլիճում փաստաբան Ռոբերտ Ռևազյանն իր հարցադրումն ուղղեց ՔԿՀ-ի ներկայացուցչին:
Հարցադրումը հնչեցնելուց հետո փաստաբանը նշեց նաև, որ նախորդ նիստի ավարտից առաջ դատարանի ուշադրությունը հրավիրել է այն հայտարարությանը, որ չի կարող փոխվել դիմումի մերժման պատճառը, քանի որ օրենքի խախտում է: Ինքն արել է այդ հայտարարությունը՝ կանխատեսելով, որ ՔԿՀ-ի ներկայացուցիչը կարող է ավելացնել և փոխել մերժման պատճառները:
Ցմահ ազատությունից զրկված Արթուր Մկրտչյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ նախորդ դատական նիստի ընթացքում ՔԿՀ-ի ներկայացուցիչը, որպես դիմումի մերժման հիմք, միայն նշել է քրեակատարողական օրենսգրքի 114 հոդվածը, այն էլ` բանավոր, քանի որ որոշման մեջ որևէ հիմք արձանագրված չի եղել:
Սակայն այսօր Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում դիմումի քննության ընթացքում ՔԿՀ-ի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը ներկայացրեց դիմումի մերժման նոր պատճառներ: Պատասխանելով դատախազ Հարությունյանի հարցին, թե որոնք են եղել դիմումի մերժման պատճառները` Արմեն Պետրոսյանը նշեց, որ բացի դատապարտյալ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ քաղաքացիական հայցը (նա պետք է վճարի տուժող կողմին՝ ավելի, քան 1 մլն դրամի չափով՝ ըստ քրեակատարողական օրենսգրքի 114 հոդվածի) վերջինս չունի նաև ամբողջական դրական վարքագծի բնութագիր:
Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը հետաքրքրվեց՝ ինչու է իր տված հարցին ՔԿՀ-ի ներկայացուցիչը տալիս միայն մեկ պատճառ, դատախազի նույն հարցադրման ժամանակ մի քանի պատճառներ նշում.
«Այդ ինչպես եղավ, որ երբ ես եմ հարցնում, մեկ պատճառաբանություն եք բերում, երբ դատախազն է հարցնում, մի քանի բան ավելացնում եք: Անձը, երբ գալիս է դատարան, պետք է հստակ իմանա ինչն է մերժվել և ինչն է վիճարվկում, ՔԿՀ-ի կողմից տրված որոշման մեջ որևէ պատճառ չկա, սա ապօրինի որոշում է»,- դատարանին դիմելով` ներկայացրեց փաստաբանը և ավելացրեց, որ դատարանը պետք է պատշաճ գնահատական տա այս ամենին:
Հարցին ի պատասխան` ՔԿՀ ներկայացուցիչ կապիտան Արմեն Պետրոսյանը պատասխանեց, որ իրենք պատասխանել են դատապարտյալի և նրա ներկայացուցչի դիմումի հիմք հանդիսացող հարցին:
Դատական նիստի ընթացքում նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հետաքրքրվեց, թե ինչ ուղղիչ աշխատանքներ պետք է իրականացվի ՔԿՀ-ում, որպեսզի դատապարտյալը ձեռք բերի դրական բնութագիր և կարողանա պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմում ներկայացնել:
«Աշխատանքները որևէ պարբերականություն չունեն, պարտադիր բնույթ չունեն և կախված է դատապարտյալի ցանկությունից: Երբ դատապարտյալին հրավիրում ես նմանատիպ աշխատանք կատարելու, դատապարտյալը կցանկանա` կներկայանա, չի ցանկանա` չի ներկայանա»,- պատասխանեց կապիտան Արմեն Պետրոսյանը:
Արթուր Մկրտչյանն էլ ասաց, որ իր նկատմամբ որևէ ուղղիչ աշխատանք չի արվել, և դրա կարիքն էլ չունի. «Միայն մի անգամ մասնակցել են շախմատի մրցումների, իսկ մյուս միջոցառումը սեղանի թենիսն էր, բայց քանի որ չեմ տիրապետում, չեմ մասնակցել»:
Հստակեցնելով նաև, որ ՔԿՀ-ը արված ուղղիչ աշխատանքների մասին որևէ փաստաթղթում նշում, արձանագրություն չի արվում, դատավորը ասաց. «Ես մի բան չեմ հասկանում` ձեր քրեակատարողական հիմնարկը հիմնա՞րկ ա, թե՞` ոչ հիմնարկ: Այն գործողությունները, որ մարդ կատարում է, արձանագրվում է, պիտի գնաք ասեք, որ գա էսպիսի միջոցառման, թե չէ` էս մարդն իր խցի մեջ նստած` ի՞նչ պիտի իմանա:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել