HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնյաներն «օկուպացրել» են Մարցիգետը

Հայաստանի Հանրապետությունում 172 փոքր հիդրոէլեկտրակայանների 15%-ը գործում է Լոռու մարզում: Առաջիկա 1-2 տարում, կառուցման փուլում գտնվող փոքր հէկերի գործարկումից հետո, Լոռու մարզին բաժին կընկնի հանրապետության հէկերի 17%-ը:

Մարցիգետը Դեբեդի աջ վտակն է: Գտնվում է Լոռու մարզի Թումանյանի շրջանում: Երկարությունը 29 կմ է: Այս գետի 11 կմ-ը, այսինքն՝ գետի 38%-ը, երկու հէկի համապատասխան ջրի ճնշումն ապահովելու համար, անցնում է առավելապես խողովակների միջով: Երրորդը կառուցվել է Մարցիգետը սնուցող Սարաջուր վտակի վրա:

Մարցիգետի վրա առաջին և ամենամեծ հէկը 2011 թվականին կառուցել են Վանաձորի քաղաքապետն ու եղբայրը՝  Սամվել և Սեյրան Դարբինյանները: Նրանք հավասարապես տնօրինում են «Արգիշտի-1» ՍՊԸ-ի բաժնեմասը: Ընկերությունը շահագործում է 5000 կՎտ հզորություն ունեցող «Մարցիգետ փհէկ-2»-ը:

Լուս.՝ Դ. Բանուչյանի

էներգիա արտադրող կայանը ջուր է ստանում 6 կմ վերև կառուցված ջրահավաք ավազանից, որտեղ հերթապահում է պահակ Հայկ Վարդանյանը: Ձկնուղուց գրեթե ջուր չի հոսում: Բայց հենց մեր այցելության պահին ջուրն ավելանում է: Պարզվում է՝ այդ օրն ավելի վերև գտնվող հէկերից մեկում պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարվում, բոլոր հէկերն անջատվել են, և Մարցիգետի ջուրն ամբողջ ծավալով սկսում է հոսել: Պահակը թեև հավաստիացնում է, որ տեսել է ձկնուղով ձկների անցումները, բայց ձկան ծավալները նվազել են:  

Սեյրան Դարբինյանի հետ հեռախոսազրույցից հետո տնօրենը հրաժարվեց հարցազրույցից և արգելեց նկարահանել հէկի տարածքը: 

2013 թվականին Մարց համայնքի բնակիչները բողոքի ցույցեր կազմակերպեցին, կառուցվող հէկի խողովակները գլորեցին ձորը, փակեցին միջպետական ճանապարհը, այնուամենայնիվ, կառուցվեց ևս մեկ հէկ Մարցիգետի վրա: Համայնքի բնակիչներին ահաբեկեցին, քրեական հեղինակություններ միջամտեցին, ճնշումներ գործադրեցին, մի մասին էլ համոզեցին:

Հէկի կառուցմամբ տապալվել են մարցեցիների հեռանկարային ծրագրերը: Մարց գյուղի 78-ամյա բնակիչ Ջահան Ոսկանյանն այդ պայքարողներից մեկն էր: «Կուզեինք այգի գցել, կուզեինք այդ ջրի տակ մտցնել մեր հողեր, ոռոգման տակ մտցնեինք: Հնուց էլ ունեցել ենք մենք էդ ոռոգման համակարգը կանալով: Հմի ամեն ինչը, էն ոնց են ասում, շաբաթը ուրբաթի առաջն ընկավ: Մեկ էլ տեսանք, որ արդեն սարքում են, էլ ոչ մեկի կարծիքը չեն հարցնում: Ամեն ձևի պայքարել ենք, չեղավ, մեղավորը մենք դուրս եկանք: Թումանյանը լավ խոսք ունի, ասում ՝ իմ կտրածն ինչ է՝ երկու լատան, դրա համար էլ կանչին դատաստան...Մնացել ենք գաղութ: Էն գյուղի տակ որ թեքվում եք, չպիտի գրեն Մարց, պետք է գրեն Ծերանոց»,- 

Լուս.՝ Դ.Բանուչյանի

«Մարց էներջի» ՍՊԸ-ն 2014 թվականից գործարկել է 2000 կՎտ հզորություն ունեցող «Մարցիգետ-1» հէկը: Մոտ 5 կմ խողովակաշար էլ այս հէկի համար է անցկացվել: Խոշոր բաժնետեր է հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը: Նա այժմ վարում է «Կենտրոն» հեռուստաընկերության առավոտյան ծրագիրը: Չնայած տեղացիները որպես իրական սեփականատեր նշում են ոմն Արաբաջյանի ազգանունը: Նշենք, որ Ռաֆայել Ղազանչյանի հետ նույն հասցերում գրանցված է նաև Աննա Արաբաջյանը: 

Հէկի աշխատակիցները մեզ բարեհամբույր ընդունեցին, բայց հէկի մասին զրուցել որևէ մեկը չցանկացավ: 

Հէկերի ներկայացուցիչներից միայն երրորդ հէկի՝ «Այուդա-Լոս» ՍՊԸ հերթափոխի պետը համաձայնեց զրուցել: Միսակ Դավթյանը վստահեցրեց, որ իրենց հէկը նորմալ է գործում, բնապահպանական թողքը մշտապես պահպանում են, այլընտրանք չունեն:

«Ջրի 1/3-րդ մասը միշտ թափվում է, մնացած մասն օգտագործում ենք: Ինչքան էլ քիչ լինի ջուրը, ավտոմատ թափվում է: Ջուրը մինչև հէկի խողովակը մտնելը, և ընդհանուր թափվող ջրի մակարադակներն էն նախագծով են կառուցված, որ անպայման էդ տոկոսային հարաբերությունը պահպանվի, բնաս չտան բնությանը՝ ձկներին, կենդանիներին և այլն»,- ասում է Միսակ Դավթյանը: 

«Այուդա-Լոս» ՍՊԸ-ն Մարցիգետը սնուցող Սարաջուր վտակի վրա կառուցել է «Պոզիտրոն» հէկը: Այն 1600 Կվտ հզորություն ունի: Գործում է 2012 թվականից: Ընկերության բաժնետերերի գրեկշիռ մասը Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչների է պատկանում:  Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը 20% բաժնեմաս ունի, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգրայանը՝ 10%, իսկ տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանի որդին՝ վարչապետի նախկին խորհրդականի պաշտոնը վերջերս լքած Սերգեյ Լոքյանը՝ 20 %: 25%-ի սեփականատերը կանադահայ Հարայեր Սամուիել Սուղմունյանն է, 15 %-ի սեփականատերը՝ գյումրու ավագանու անդամ Արտակ Ադամյանը, իսկ «Արինվեստ Գրուպ»ՍՊԸ-ն ունի 10% բաժնետոմս:

Մեր այցելությունից ուղիղ մեկ տարի առաջ «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին' գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելել էր «Պոզիտրոն» հէկ: Արձանագրվել էր, որ ձկնանցարանն իր չափերով չի համապատասխանում նախագծային լուծումներին. նախագծով նախատեսված է 17.25մ երկարությամբ և 1,5 մ լայնությամբ ձկնանցարան: «Ձկնանցարանը լիարժեք չի կարող ապահովել գետում բնակվող ձկների բնականոն տեղաշարժը»,- նշված է մոնիտորինգի արդյունքներում: Ավելին, դիտարկման պահին բնապահպանական ելքի անցումը դեպի գետ ապահովված չի եղել ձկնանցարանով: Ջուրը դեպի գետ հոսել է փհէկի պատվարի վրայով: Նախագծով նախատեսված ծառատունկը ևս արված չէ: 

ՀՀ կառավարության «Կախված տեղանքի առանձնահատկություններից` յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» որոշմամբ (ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշում)  մակերևութային ջրերի որակի գնահատման համակարգը ջրի քիմիական որակի յուրաքանչյուր ցուցանիշի համար տարբերակում է կարգավիճակի հինգ դաս` «գերազանց» (1-ին դաս), «լավ» (2-րդ դաս), «միջակ» (3-րդ դաս), «անբավարար» (4-րդ դաս) և «վատ» (5-րդ դաս): ԲՆ «Հայէկոմոնիտորինգի»իրականացրած շրջակա միջավայրի էկոլոգիական մոնիտորինգի արդյունքների համաձայն,  2015թ.-ին Մարցիգետի ջուրը «միջակ» որակի է եղել(3-րդ դաս)` պայմանավորված թթվածնի քիմիական պահանջով (ԹՔՊ):

Թիրախում է հայտնվել նաև Դեբետի ձախ վտակը՝ Կաճաճկուտը, որի երկարությունն ընդամենը 11 կիլոմետր է: Մեկ հէկ, այն էլ՝ առանց ձկնուղու, արդեն գործում է գետի վրա: Երկրորդի համար պայքար է ընթանում կառուցողների և տեղացի բնակիչների միջև:

ՀԷԿ-ի կառուցմանն ընդդիմացող գյուղացիները երեք հիմնական պատճառ են նշում: Առաջին՝ այդ գետից սնվում է 20 հեկտար այգի, եւ ոռոգման այլ աղբյուր չկա: Երկրորդ՝  Հագվիում 2000 գլխի համար նախատեսված խոզաբուծարան կա, որը խորհրդային տարիներին ջուր է ստացել գետից: Այս պահին խոզաբուծարանը չի գործում, բայց սեփականաշնորհված է, և տերերը ցանկություն են հայտնել վերագործարկել այն: Երրորդ՝ Հագվիի վարելահողերն անջրդի են, և ոռոգման համար ջուր անցկացնելու միակ հնարավորությունն այդ գետն է:

«Սեդվի էներգո» ՍՊԸ-ի հիմնական բաժնեմասը պատկանում է ամերիկյան օֆշորում գրանցված մի ընկերության՝ «Հելլեսդոն» ՍՊԸ-ին: Այս ընկերությունում բաժնեմաս ունի եւս երկու հոգի՝ Աքորիի նախկին գյուղապետ Կամո Սիմոնյանը և Սարգիս Գաբայանը: Գաբայանը հէկեր նախագծող «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի սեփականատեր Գրիգոր Գաբայանի և այդ ընկերության տնօրեն Ինեսա Գաբայանի որդին է:

Գաբայաններն ասում են, որ Հագվիի հետ հէկի առնչությունը միայն հավելյալ՝ «դոտացիոն» ջրի մասով է, ինչը կավելացնի ջրի ճնշումը հէկի համար: Իսկ ազդակիր համայնքներն ավելի շատ Կաճաճկուտն ու Աքորին են, որոնք արդեն տվել են իրենց համաձայնությունը:

Գաբայանները պատրաստ են նորմատիվով նշված հեկտարի համար ջուր տալ իրենց հէկի խողովակաշարից: Ըստ նրանց հաշվարկի՝ դրա համար վայրկյանում 30 լիտր ջուր կպահանջվի: Սակայն գյուղացիներն իրենց պահանջներն են առաջ տանում: Համաձայնություն այս հէկի համար դեռևս չկա: Գյուղացիները համաձայնություն չեն տվել, Գաբայանները մտադիր են մինչև վերջ գնալ:  

«Սեդվի» հէկի համար նախատեսված է անցկացնել ավելի քան 5 կմ խողովակաշար: Արդեն գործող հէկի հետ միասին՝ խողովակաշարի մեջ կվերցվի գետի 8 կմ-ը: Այսինքն՝ Կաճաճկուտ գետի 70 տոկոսից ավելին, բնապահպանական թողքը չհաշված, կհոսի խողովակների միջով: 

 

Հոդվածի և ֆիլմի պատրաստմանն աջակցեց Լարիսա Փարեմուզյանը

Մեկնաբանություններ (1)

ՀԱՐԳԵԼԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Տարրական արդարությունն ու տրամաբանությունը պահանջում են փոքր գետակներն ու մանր հեկ - երը հանձնել տեղի համայնքներին: Թող ժողովուրդը ինքը որոշի էներգիա արտադրեն, դաշտերը ջրեն, թե՝ ձուկ ուտեն: Արդեն կատարված ներդրումներն ու ստացած շահաբաժիները կարելի է վերահաշվարկել ու ներկա տերերին փոխհատուցել: Գեւորգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter