HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արդշինբանկ»-ը ձեռք է բերել «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ»-ը

2016թ.-ի հոկտեմբերի 7-ին ավարտվեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի «Ռեգիոն» Ֆինանսական Արդյունաբերական Կորպորացիայի կողմից ձեռքբերման գործարքը, որի միակ բաժնետերն է հանդիսանում «Արդշինբանկ» ՓԲԸ վերջնական շահառու և Խորհրդի նախագահ, Ռուսաստանում հայտնի գործարար Կարեն Սաֆարյանը։ Այս մասին հայտնում են երկու բանկերը` տարածած համատեղ հաղորդագրությամբ:

Հաջորդ փուլով, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «Արդշինբանկ» ՓԲԸ-ն մտադրություն ունեն նախաձեռնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բանկերի միացման գործընթաց, ինչի արդյունքում նախատեսվում է «Առէքսիմբանկ-ԳազպրոմբանկիԽումբ» ՓԲԸ միացումը «Արդշինբանկ» ՓԲԸ-ին:

Միացման արդյունքում ֆինանսական կառույցը կդառնա Հայաստանում ամենախոշոր բանկը՝ բանկային կապիտալի, ակտիվների և մասնաճյուղային ցանցի առումով ևս։ Միացումից հետո «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալը կկազմի մոտ 74 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները կհասնեն մոտ 540 միլիարդ ՀՀ դրամի, իսկ վաճառքի ցանցը բաղկացած կլինի թվով 72 ունիվերսալ մասնաճյուղերից:

Բանկերի միացումը վերջիններիս թույլ կտա լրացնել միմյանց՝ միավորելով ժամանակակից տեխնոլոգիաները, ծառայությունները և բարձրորակ մասնագետների ջանքերը։ Այս ամենը զգալիորեն կընդլայնի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հնարավորությունները՝ իր հաճախորդներին առավել լայն տեսականիով որակյալ բանկային ծառայություններ մատուցելու առումով՝ ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ բիզնեսի ոլորտում։ Այսպիսով, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն ավելի կամրացնի Հայաստանի բանկային համակարգում իր առաջատարի դիրքը և շուկայում կստանա մրցակցային նոր առավելություններ։

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն (մինչ 2014թ.-ի նոյեմբերը «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ) հիմնադրվել է 2003թ.-ին, ունի 56 մասնաճյուղ, 1 սպասարկման կետ և ներկայացուցչություն Փարիզում։ Ըստ բանկային հիմնական ցուցանիշների՝ այն մտնում է Հայաստանի բանկային համակարգի առաջին երեք առաջատար բանկերի մեջ։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին, ունի 16 մասնաճյուղ և 1 սպասարկման կետ։ Ըստ բանկային հիմնական ցուցանիշների՝ այն միջին դիրք է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում։ Մինչ 2016թ.-ի հոկտեմբերի 7-ը այն հանդիսանում էր «Գազպրոմբանկ» ԲԸ-ի (Ռուսաստանի Դաշնություն) դուստր բանկը։

Երկու կոմերցիոն բանկերն էլ տրամադրում են բանկային ծառայությունների ողջ սպեկտրը Հայաստանի և ԼՂՀ-ի տարածքում։

«Ռեգիոն» Ֆինանսական Արդյունաբերական կորպորացիան հիմնադրվել  է 2006թ.-ին և իր հիմնադրման օրվանից մինչ օրս ներդրումային գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում։

Մեկնաբանություններ (1)

nune
Ցաավալի է, որ ստեղծված կառույցները փակվում կամ տարրալուծվում են... Արդյոք աշխատակազմի կրճատում կլինի...???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter