HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Մրցավազք»՝ Կենտրոնական բանկի պահանջով. բանկերի կապիտալը

2014 թվականի դեկտեմբերին ՀՀ կենտրոնական բանկը փոփոխեց տեղական բանկերի համար սահմանված նորմատիվային կապիտալի նվազագույն չափը՝ 5 մլրդ դրամից դարձնելով 30 մլրդ դրամ։ Պահանջն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից։ Սա նշանակում է, որ այն բանկերը, որոնց նորմատիվային կապիտալը առաջիկա շուրջ երկու ամսում նվազագույնը 30 մլրդ դրամի չհասնի, կդադարեցնեն գործունեությունը որպես բանկ։ Հնարավոր է՝ որոշ բանկեր ստանան վարկային կազմակերպության կարգավիճակ, որոշներն էլ՝ պարզապես փակվեն։

Այս տարվա սկզբի դրությամբ Հայաստանում գործող առևտրային բանկերի թիվը  21-ն էր։ Տարվա ընթացքում այդ թիվը կրճատվեց 2-ով՝ նախ «Ինեկոբանկը» գնեց «ՊրոԿրեդիտ Բանկը», հետո՝ «Հայէկոնոմբանկը» գնեց «ԲՏԱ Բանկ»-ը։ Օրերս էլ պարզ դարձավ, որ 19  բակերից ևս մեկը միաձուլվում է և շուտով բանկերի թիվը կռադնա 18՝ «Արդշինբանկը» ձեռք բերեց  «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ»-ը։

Ի՞նչ վիճակում են մյուս բանկերը։ Վերջերս նրանք հրապարակել են իրենց միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները, որոնցում նշվում է նաև նորմատիվային կապիտալի ծավալները այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ։  «Հետք»-ը համադրել և ներկայացնում է այդ ցուցանիշները, որոնցից երևում է, որ սեպտեմբերի վերջի դրությամբ 30 մլրդ դրամի շեմը հաղթահարել են այդ պահին գործող 19 բանկերից 7-ը՝  «Ամերիաբանկը», «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը, «Արդշինբանկը», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը, «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը, «Ինեկոբանկն» ու «Արմսվիսբանկը»: Շեմին մոտ են և հավանաբար մինչև տարեվերջ ԿԲ պահանջը կհաղթահարեն «Կոնվերս Բանկ»-ը, «Հայբիզնեսբանկը» և «Հայէկոնոմբանկը»։  Սա սեպտեմբերի վերջի դրությամբ, այսինքն՝ ըստ բանկերի վերջին հաշվետվությունների։

Ու չնայած, որ այդ հաշվետվությունները բավականին թարմ են, սակայն հայտնի է, որ  այսօրվա դրությամբ ԿԲ պահանջը բավարարող բանկերի թիվն առնվազն 8-ն  է։ Վերևում նշված 7-ին միացել է նաև «Արարատբանկը»։ Վերջերս բանկը հաղորդագրություն տարածեց, որ կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով թողարկված  բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում  բաժնետերերը «Արարատբանկի» կապիտալը համալրել են  8.5 մլրդ դրամով`  գերազանցելով նորմատիվային կապիտալի համար սահմանված 30 մլրդ դրամի շեմը: Ենթադրվում է, որ մյուս հաշվետվության՝ դեկտեմբերի վերջի տվյալներով արդեն «Արարատբանկի» նորմատիվային կապիտալը  30 մլրդ դրամից ավելին կլինի։ 

Նշում ենք, որ այսօր ԿԲ պահանջը բավարարող բանկերի թիվն առնվազն 8-ն է, քանի  որ հնարավոր է՝ սեպտեմբերից հետո, բացի «Արարատբանկ»-ից, այլ բանկեր ևս մեծացրել են իրենց նորմատիվային կապիտալը։ Դա արդեն պարզ կդառնա գալիք հաշվետվությունից։ Իսկ ներկա դրությամբ վերևում գրված 8-ն են հայտնի որպես նորմատիվային կապիտալի պահանջվող շեմը հաղթահարած բանկեր։

Վերադառնալով սեպտեմբերի վերջին գրանցված տվյալներին՝ նշենք, որ այդ պահին գործող բանկերի շարքում  Հայաստանի բանկային համակարգում ամենափոքր նորմատիվային կապիտալն ունի «Առէքսիմբանկը»։ 


Create bar charts

Դատելով տվյալներից՝ մինչև տարեվերջ նորմատիվային կապիտալի համալրման առավել լուրջ խնդիրներ ունեն «Անելիք Բանկ»-ն ու «Զարգացման Հայկական Բանկ»-ը, որոնց կապիտալը 10 մլրդ դրամի էլ չի հասնում սեպտեմբերի վերջի դրությամբ։ Թեև «Արցախբանկի» դեպքում ցուցանիշը գերազանցում է 10 մլրդ դրամը, սակայն նույնպես բավականին ցածր մակարդակում է։

Բացի 30 մլրդ դրամի շեմին մոտ երեք բանկերից, որոնց մասին նշեցինք վերևում, միջանկյալ դիրքերում են նաև «Պրոմեթեյ Բանկ»-ը, «Յունիբանկը», «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն ու «Մելլաթ Բանկ»-ը։

Իսկ հիմա տեսնենք, թե ինչ փոփոխություններ են կրել բանկերի նորմատիվային կապիտալի ծավալներն այս տարվա ընթացքում։ Ներքևում գտնվող ինֆոգրաֆիկայում կնկատեք, որ տարեսզբի համեմատ զգալի առաջընթաց են գրանցել  «Ամերիաբանկը», «Արմսվիվբանկը», «Կոնվերսբանկը», «Հայէկոնոմբանկն» ու «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն։ Որոշ բանկերի դեպքում էլ նվազում է գրանցվել։

Ինֆոգրաֆիկայի երկրորդ էջում առավել մանրամասն ներկայացված է այս տարվա սեպտեմբերի վերջի փոփոխությունները տարեսկզբի համեմատ։


Create bar charts

Բանկային համակարգի այլ ցուցանիշների ևս առաջիկայում կանդրադառնանք։

Մեկնաբանություններ (2)

Սեդա
Հարգելի Հրաչ, եթե ավելի ուշադիր լինեք, կնկատեք, որ ինֆոգրաֆիկաների վերնագրերի կողքին գրված է` հազ. ՀՀ դրամ, այսինքն, օրինակ, Ամերիաբանկի դեպքում ոչ թե 78 210 827 է, ինչպես գրել եք, այլ՝ 78 210 827 000:
Հրաչ
Հարգելի նյութ պատրաստող, գրել եք, որ բանկերի կապիտալը 01,01,2017թ-ին պետք է լինի 30 մլրդ դրամ, բայց աղուսյակում նույնիսկ Ամերիա բանկի կապիտալը չի գերազանցում 79 մլ դրամը քանի-որ նշել եք հաշվել դրամով:(Ամերիա բանկ՝ 78 210 827) ուղեք, որ հասկանալի լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter