
Պատգամավոր Ռուստամ Գասպարյանը չի վճարում իր ավտոմեքենաների գույքահարկը
Արմավիրի մարզի համայնքներն այս տարի թերանում են հարկերի ու տուրքերի հավաքման գործում: Համայնքապետերը ստիպված գումարները հավաքելու համար դիմում են վարչական դատարան: Դատական գործեր են սկսվել նաև գումար ունեցող, բայց չվճարողների դեմ, որոնցից մեկն էլ ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանն է:
Արմավիրի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը ավտոմեքենաների գույքահարկի գծով Արմավիրի համայնապետարանին պարտք է 3 միլիոն 165 հազար դրամ:
Այս տարվա ընթացքում պատգամավորի դեմ երկու դատական գործ է սկսվել, որտեղ դիմողը Արմավիրի համայնքապետարանն է: Երկու հայցերն էլ լուծվել են համայնքապետարանի օգտին:
Հայցադիմումները դատարան մուտքագրվել են այս տարվա ապրիլի 4-ին: Դրանցից մեկով Ռուստամ Գասպարյանը չի վճարել 2008-2014 թվականների «Մերսեդես-Բենց GL450 4MATIC» մակնիշի ավտոմեքենայի գույքահարկը, որը կազմել է 2 միլոն 726 հազար դրամ, որից ապառք` 1 միլիոն 770 հազար դրամ, տույժ` մոտ 956 հազար դրամ:
Վարչական դատարանը եզրակացրել է, որ գույքահարկի գծով հարկային պարտավորություններ կարող էին առաջանալ 2014 թ. անմիջապես նախորդող երեք տարիների՝ 2014, 2013 և 2012 թվականների համար, իսկ մինչև 2012 թվականը պարտավորություններ չէին կարող առաջանալ։ Ըստ հարկային օրենսդրության՝ հարկային oրենuդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապեu հաջորդող երեք տարին լրացնելուց հետո։
Հենց այդ հիմքով դատարանը եզրակացրել է, որ հայցապահանջը՝ 2012-2014 թվականների համար հաշվարկած գույքահարկի պարտավորությունները բռնագանձելու մասով, ենթակա է բավարարման, իսկ մնացած մասով՝ մերժման՝ վարչական ակտը մասնակի ճանաչելով անվավեր: Այսպիսով Ռուստամ Գասպարյանից «Մերսեդես-Բենց GL450 4MATIC» մակնիշի ավտոմեքենայի համար բռնագանձվել է մոտ 878 հազար դրամ, որից ապառք` 576 հազար դրամ, տույժ` 302 հազար:
Նույն պատճառաբանությամբ քաղաքապետարանի հայցը մասնակի բավարարվել է նաև մյուս գործով: Մասնավորապես՝ 2008-2015 թվականների համար Ռուստամ Գասպարյանը չի վճարել իր «Նիսսան Արմադա 5.6» մակնիշի ավտոմեքենայի գույքահարկը, որը կազմել է 2 միլիոն 891 հազար դրամ, որից ապառք` 1 միլիոն 905 հազար դրամ, տույժ` 986 հազար:
Այս դեպքում էլ վարչական դատարանը Ռուստամ Գասպարյանից հօգուտ Արմավիր համայնքի բյուջեի բռնագանձել է 1 միլիոն 730 հազար 424 դրամ, որից գույքահարկի ապառք` 1 միլիոն 155 հազար դրամ, տույժ` 575 հազար 424 դրամ:
Ստացվում է, որ Ռուստամ Գասպարյանը շարունակում է չվճարել իր թանկարժեք ավտոմեքենաների գույքահարկը, որը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 3 միլիոն 165 հազար դրամ:
Դատական գործեր կսկսվեն նաև այլ համայնքներից
Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը հոկտեմբերի 13-ի նիստի ժամանակ նշել է, որ կհոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 1մլրդ 437 մլն 223 հազար դրամի դիմաց կազմել են 1 մլրդ 144 մլն 344 հազար դրամ, կատարողականը՝ 79,6%:
Վարազդատ Մկրտչյանի խոսքով` սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 3,1%, մասնավորապես` 10,9%-ով հողի հարկի, 2,3%-ով գույքահարկի և 4,7%-ով վարձակալական վճարների մասով:
Իսկ Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ հողի հարկի և գույքահարկի մասով պարտք ունի 24 համայնք:
Առաջիկայում դատական գործընթացներ է սկսվելու նաև այլ համայնքներում:
«Մարզի Ամբերդ, Նոր Կեսարիա, Շենիկ, Քարակերտ և Վանանդ համայնքների ղեկավարների կողմից կազմված հայցերը դատարան կներկայացվեն 2016 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում»,-տեղեկացրեց մարզպետը:
Էջմիածնի համայնքապետարանում վարչական վարույթ է սկսվել Էջմիածնի ծննդատան վերաբերյալ, որն ունի 2 միլին դրամից ավելի չվճարված գույքահարկ: Նման նիստ է հրավիրվել նաև «Ագրոսպասարկում» ընկերության վերաբերյալ: Վերջինիս ճվճարված հողի ու գույքահարկերի, տույժ տուգանքների հանրագումարն անցնում է 11 միլին դրամը:
Իսկ Բագարանի համայնքապետարանը ծանուցագրեր է ուղարկել հողի հարկի պարտավորություններ ունեցող «Գրանդ Վիլլա» և «Ագրինկո» ՍՊԸ-ներին, որպեսզի վերջիններս առանց դատական քաշքշուկների համայնքային բյուջե վճարեն համապատասխանաբար 2 միլիոն 729 հազար և 2 միլիոն 897 հազար դրամ:
Մեկնաբանել