
Հարկային և մաքսային արտոնություն` Սյունիքի պահածոների նոր գործարանի տերերին
Կառավարության հոկտեմբերի 27-ին կայանալիք նիստում առաջարկվել է հարկային և մաքսային արտոնություն տալ «Սյունիք Ֆուդ» ընկերությանը:
Ընկերությունը, ըստ ներկայացված նախագծի, ներդրումային ծրագիր է իրականացնում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մշակել է նախագիծ, որով առաջարկվում է 2016 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ «Սյունիք Ֆուդ»-ի կողմից ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Նախագիծը կառավարություն կներկայացնի նախարար Սուրեն Կարայանը:
«Սյունիք ֆուդ»-ը ներկայացրել է ներմուծվող ապրանքների ցանկը` նախնական արժեքներով: Ըստ այդմ ներմուծվելու է շուրջ 71 միլիոն դրամ արժողությամբ 3 հատ ավտոկլավ: Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է Սյունիքի մարզում զբաղվել մրգի և բանջարեղենի պահածոների վերամշակմամբ՝ «պահպանելով մթերքների բնական համն ու հոտը»։
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը պատրաստվում է կատարել ընդհանուր շուրջ 1,35 միլիարդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 400 միլիոն դրամ, որն էլ իր հերթին պետք է իրականացվի մի քանի փուլերով։
Վերը նշված շուրջ 71 մլն դրամի ապրանքների ներմուծումն առաջին փուլն է. ենթադրվում է, որ մյուս փուլերում ընկերությանը դարձյալ արտոնություններ են սպասվում:
Կառավարության տվյալներով` ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 210 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ.` 127 հազար դրամ, 2018թ.` 138 հազար դրամ և 2019թ.`180 հազար դրամ:
Նշենք, որ 2015թ. նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Սյունիք, այդ ընթացքում էլ նաև ծանոթացել ընկերության պահածոների գործարանի կառուցման աշխատանքներին: Նախագահականը անցած տարի հաղորդագրություն տարածեց, որում աշխատողների համար նախատեսված միջին ամսական աշխատավարձի այլ չափ էր նշվում` շուրջ 90 000 դրամ: Կառավարության նախագծում, ինչպես տեսնում եք, շեմը բարձրացվել է. չի բացառվում, որ նպատակը ընկերությանը տրվող հարկային և մաքսային արտոնությունը ավելի հիմնավոր դարձնելն է:
Գործարանի տարածքը, աղբյուրը` www.president.am
Գործարանի տարածքը գտնվում է Սյունիքի մարզի Սյունիք գյուղում: Ընկերության հիմնադիրն է Սարմեն Սարգսյանը, ով Սյունիքի համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի որդին է: Արտադրամասը` կից կառույցներով, ինչպես տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից, զբաղեցնում է գյուղի շուրջ 5200 քմ հողատարածք:
Առաջին լուսանկարում գործարանի հիմնադիր Սարմեն Սարգսյանը նախագահ Ս. Սարգսյանին է ներկայացնում նախագիծը, աղբյուրը` www.president.am-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել