HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏել»-ը 1,8 մլրդ դրամի փոխհատուցում է պահանջում իր նախկին աշխատակցից

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն 1 մլրդ 783 մլն դրամ է պահանջում ընկերության անվտանգության նախկին տնօրեն Աշոտ Պողոսյանից «ԱրմենՏել»-ին պատճառած վնասի համար: «ԱրմենՏել» ընկերությունն այսօր քաղհայց ներկայացրեց Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվում է Աշոտ Պողոսյանի մասով քրեական գործը:

Հիշեցնենք` ըստ մեղադրանքի՝ «Արմենտել» ՓԲԸ-ի շահերին հակառակ ստեղծվել է միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցվել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «Արմենտել» ՓԲԸ բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ, ՀՀ տարածքում օգտագործելով նաև «Արմենտել»-ի ենթակաոուցվածքը, սակայն այդ կապուղին շրջանցել է ընկերության հաշվարկային համակարգը։ Դրանով իսկ վնաս է հասցվել թե ընկերությանը, թե պետությանը: 

Աշոտ Պողոսյանին մեղադրում են այն բանի համար, որ վերջինս հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների համար տարածք է տրամադրել և այն հսկողության տակ պահել՝ օգտագործելով կարգադրիչ լիազորությունները: Աշոտ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով, դրանք են՝ ՀՀ ՔՕ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ապօրինի ձեռնարկատիրություն), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահել), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Համակարգչային տեղեկատվությունը փոփոխել) և 53-րդ հոդվածի 1-ին մասով (Համակարգչային սաբոտաժ):

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Հակոբ Գրիգորյանը նշեց, որ ընկերությունը, հիմնվելով դատաֆինանսատնտեսական փորձաքննության արդյունքների վրա, ավելացնում է հայցային պահանջի չափը` նախկին 1 մլրդ 746 մլն-ի փոխարեն այժմ պահանջում է 1 մլրդ 783 մլն դրամ:

Քաղհայցով պատասխանող ճանաչվեց Աշոտ Պողոսյանը, ով չէր կողմնորոշվում` ընդունել հայցի պահանջը, թե ոչ: Սկզբում, պատասխանելով դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին, թե ընդունում է հայցապահանջը, ասաց` այո: Սակայն քիչ անց, խորհրդակցելով փաստաբանի հետ, հայտնեց, որ փորձաքննության արդյունքների և հայցապահանջի գումարի գոյացման վերաբերյալ անհասկանալի մասեր կան, որի պարզաբանումից հետո կկարողանա հստակ պատասխանել` կընդունի, թե ոչ:

Աշոտ Պողոսյանի փաստաբան Մանվել Գրիգորյանը փորձում էր հարցերի միջոցով պարզաբանումներ ստանալ, թե ինչպես է գոյացել հայցապահանջում նշված գումարը, արդյոք հաշվարկային համակարգ չմտած զանգերի մեջ ներառված է ԱԱՀ-ն, թե ոչ, արդյոք այդ վնասը ներառում է նաև չպատասխանված զանգերի գումարները և այլն:

Փորձաքննության վերաբերյալ փաստաբան Գրիգորյանի հարցերից հետո մեղադրող Հայկ Հակոբյանը միջնորդեց դատարան հրավիրել փորձաքննությունն անցկացնող անձանցից որևէ մեկին` փորձաքննության վերաբերյալ հստակեցումներ մտցնելու նպատակով: Դատարանն այդ նպատակով հետաձգեց նիստը մինչև նոյեմբերի 11-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter