Նախագահը խորհրդակցություն է հրավիրել` ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման աշխատանքների քննարկման նպատակով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասաակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԿԱ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը, գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը, ԿԱ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձինք:
Քննարկվել են ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի ծրագրի ներդրման հիմնական արդյունքներն ու ֆինանսական ցուցանիշները, ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների մշտադիտարկման վերաբերյալ նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրության եզրակացությունները:
Մինչ այդ Ս.Սարգսյանն իր մոտեցումներն ու դիտարկումներն է ներկայացրել քննարկվող թեմայի վերաբերյալ և տվել համապատասխան հանձնարարականներ:
«Ճանապարհային երթևեկության կարգավորման մասին մենք շատ ենք խոսել: Սա մշտական թեմա է, ուրեմն ուշադրությունն էլ անհրաժեշտ է, որ լինի մշտական: Երեք-չորս տարի առաջ, հաշվի առնելով Երևանում և ընդհանրապես հանրապետությունում մեքենաների թվի անշեղորեն աճը և սրա հետ կապված նաև անհարմարությունների ավելացումը, մենք, ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշում կայացրեցինք պետություն-մասնավոր համագործակցության միջոցով սկզբից Երևանում, այնուհետև նաև հանրապետության հիմնական մայրուղիներում ներդնել համապատասխան համակարգ, որի նպատակն էր քչացնել մարդկային գործոնի ազդեցությունն այդ պրոցեսների վրա, պետավտոտեսուչներին հնարավորինս զերծ պահել ճնշումներից, քչացնել նրանց կողմից կոռուպցիոն ռիսկերի առկայությունը: Արդյունքում մենք շատ լավ գիտակցելով, որ կունենանք դժգոհություններ, շահարկումներ, այսօր եկանք այն եզրակացության, որ, իհարկե, զգալի աշխատանք է կատարվել, թեև դրանից դժգոհությունները չեն քչացել: Հասկանալի է: Բայց մյուս կողմից մենք պարտավոր ենք արձանագրել, որ բարձրացել է վարորդների իրավագիտակցության մակարդակը, որոշակի խնդիրներ լուծվել են, սակայն ամեն հանգրվանում մենք պետք է ունենանք նոր մոտեցումներ:
Մեկ տարի առաջ մենք այստեղ խորհրդակցություն անցկացրեցինք, մեկ անգամ ևս ընդգծեցինք, որ այդ համակարգերի ներդրումը պայմանավորված չէր ֆինանսական ակնկալիքներով, և տուգանքները ոչ թե վարորդներից փող կորզելու միջոց են, այլ դրանք կանխարգելիչ բնույթ ունեն: Այսինքն` տուգանքը նպատակ չի, ընդամենը միջոց է, որպեսզի այդ խնդիրները կարգավորվեն: Եվ մենք հանձնարարություն տվեցինք համապատասխան մարմիններին՝ մեկ անգամ ևս ուշադրությամբ ուսումնասիրել ողջ գործընթացը, և եթե որոշակի խնդիրներ կային, ապա դրանց տալ լուծումներ: Սկսած հենց երթևեկության կանոնների կարգավորումից, ավարտած տուգանքների չափերով:
Այս խորհրդակցությունը երկու նպատակ ունի: Նախ՝ հասկանալ, թե նախորդ խորհրդակցության արդյունքում ի՞նչ է կատարվել և երկրորդ՝ հայտարարել, որ մեր կարծիքով, մենք եկել, հասել ենք այն փուլին, երբ այդ համակարգերը շահագործող ընկերությունները, կատարելով մեծ ներդրումներ, որոշակի ֆինանսական խնդիրներ են լուծել, և ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից: Ուրեմն, հանձնարարական կառավարությանը՝ լուծել այս հարցը` բնականաբար, հաշվի առնելով սեփականության անձեռնմխելիությունը ու նաև պետության ու համայնքի շահերը: Ես կարծում եմ, որ լուծումները կան և այդ լուծումները նաև պիտի բերեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Նույն հանձնարարությունը Ոստիկանապետին, Երևանի քաղաքապետին: Եվ ժամկետների առումով, կարծում եմ, որ մեկ շաբաթը կամ տասը օրը բավարար է, որպեսզի համապատասխան բանակցություններ վարվեն և որոշումներ կայացվեն: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ այս պարագայում ևս նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի, նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ստեղծումը:
Իմ կարծիքով, այս պարագայում ես սա ասում եմ որպես քաղաքացի, Երևանը շահեկանորեն առանձնանում է տարածաշրջանի այլ խոշոր քաղաքներից` երթևեկության կանոնների պահպանմամբ: Իսկ սա հարմարավետության նույն այս ոլորտի հետ կապված առաջին պայմանն ու ցուցիչն է»,- ասել է Ս. Սարգսյանը: Շարունակությունը` այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել