HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Նորադուսցիներն ուզում են հանգիստ ապրել

Հունիսի 23-ին, ժամը 11-ից 13-ը նորադուսցիները փակել են Գավառ-Երեւան մայրուղին: Պատճառը գյուղում գործող տարբեր զինված խմբերի գործողություններն են:

Այս տարվա ընթացքում արդեն երկու անգամ մեծ ընդհարումներ են եղել գյուղում: Երկու դեպքում էլ օգտագործվել են հրազենի տարբեր տեսակներ: Գավառի ոստիկանությունը չի փորձում զինաթափել հանցագործ խմբերին: Խմբեր, որոնք տարիներ շարունակ մասնակից են եղել տարբեր սպանությունների, եւ գործերը միշտ փակվել են: Վերջին դեպքը լցրել է նորադուսցիների համբերության բաժակը: Ինչպես նշված էր ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ, հունիսի 12-ին նորադուսցիներ Ալիկ եւ Արա Բանդուրյանները ավտոմատից եւ որսորդական հրացանից կրակելովª վիրավորել են երեք հոգու, իսկ մեկին` դանակահարել: Վիրավորներից մեկը մահացել է, երկրորդը ծանր վիճակում է:

Բանդուրյանները փախուստի մեջ են: Նորադուսցիները համոզված են, որ այս դեպքն էլ կծածկվի, ինչպես գյուղում հրազենով կատարված շատ հանցագործություններ: Բողոքի դուրս եկած գյուղացիները պահանջում էին գյուղապետ Անդրանիկ Հակոբյանի հրաժարականը. hանցագործները վերջինիս քրոջ տղաներն են: Ա. Հակոբյանը Գեղարքունիքի նախկին մարզպետ Վահագն Հակոբյանի ազգականն է: Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Ստեփան Բարսեղյանը հանդիպել է մայրուղին փակած նորադուսցիներին: Նրա հորդորներով բողոքի մասնակիցները բացել են մայրուղին:

Մեր ունեցած տեղեկություններով, նույն օրը մարզպետն իր մոտ է հրավիրել գյուղապետ Ա. Հակոբյանին եւ առաջարկել հրաժարականի դիմում գրել: Գյուղապետը պատասխանել է, որ իրեն ժողովուրդն է ընտրել, եւ ինքը դիմում չի գրի: Նշենք նաեւ, որ Նորադուսում այս տարվա մարտին կատարված մեկ այլ հանցագործության առթիվ հարուցված քրեական գործն այսօր գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության վարույթում:

Սակայն այս գործում առայժմ որեւէ առաջխաղացում չկա, չնայած հանցագործության կատարման պահին այդ վայրում էին գտնվում մարզի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ շարքային ոստիկաններ:

Նրանց ներկայությամբ հանցագործ խումբը կրակում էր ավտոմատներից եւ ատրճանակներից, հաշվեհարդար տեսնում մարդկանց հետ: Սակայն առայսօր որեւէ զենք Նորադուսից չի բռնագրավվել, եւ որեւէ մեկը չի ձերբակալվել: Այս մասին շուտով կներկայացնենք մեր հետաքննությունը: Ինչպես տեղեկացրին նորադուսցիները, մի քանի օր առաջ Երեւանից գյուղ էր եկել ծնունդով նորադուսցի մի բարձրաստիճան ոստիկան եւ ասել` մի վեց ավտոմատ հանձնեք, եւ էդ գործերը փակեք: Ամենայն հավանականությամբ այդպես էլ լինելու է, քանի որ հանցագործությունների մասնակիցները «ձկի մաֆիայի» ներկայացուցիչներն են, որոնց գործունեությունն ապահովում են որոշ իրավապահներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter