HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նրանք հանցագործ չեն, հասարակ բանվոր տղաներ են, որոնց կարիքը մենք շատ ունենք»

Ամալյա Մարգարյան

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասություն դատարանում կայացավ Սարի թաղի չորս ամբաստանյալների գործով դատավարությունը: Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը, Էդուարդ Զեյթունյանը մեղադրվում են այս տարվա հունիսի 19-ին Խորենացի փողոցում յոթ ոստիկանների նկատմամբ բռնություն կատարելու մեջ:

Նիստը սկսվելուց հետո, նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ներկայացրեց կողմերին իրենց իրավունքները, այնուհետև հարցեր ուղղեց` ճշտելու ամբաստանյալների ընտանեկան և առողջական վիճակի մասին, պարզվեց նաև, որ նրանցից երեքը նախկինում ունեցել են դատվածություն` գողության, բանակից խուսափելու և դանակահարության համար:

Էդուարդ Զեյթունյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես եկավ միջնորդությամբ և ներկայացրեց, որ իր պաշտպանյալին պետք է կալանքից անհապաղ ազատ արձակել։ «Սույն քրեական գործով իմ պաշտպանյալի կալանքի տակ գտնվելու ժամկետը լրացել է և նա ենթակա է անհապաղ ազատ արձակվելու»,-այս մասին հայտարարեց փաստաբանը: 

Մեղադրող կողմը չընդունեց ներկայացված միջնորդությունը, իսկ դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնակուց հետո որոշեց միջնորդությունը մերժել: Փաստաբան Սիմոնյանը նշեց, որ դատավորի որոշումն անպայման բողոքարկելու է վերաքննիչ դատարանում:

Միջնորդությամբ հանդես եկավ նաև ամբաստանյալ Հրայր Իսախանյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը: Փաստաբանը ներկայացրեց խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին միջնորդություն: Անդրադարձավ քրեական նշանակություն ուեցող փաստերին և հիմնավորումներին և նշեց, որ սույն քրեական գործով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը նախաքննության մարմնի կողմից պատճառաբանվել է ըստ մեղադրվող արարքի ծանրությամբ և վտանգավորության աստիճանով. ամբաստանյալը թաքնվելով քննությունից  կարող է խոչընդոտել նախաքննության կատարմանը:

Փաստաբանը նշեց, որ որևէ հիմնավորում չի ներկայացվել, որ իր պաշտպանյալը կատարել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն: Դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց կիրառումը ընդունել է այն հանգամանքով, որ Հրայր Իսախանյանի ենթադրյալ հանցագործություն աստիճանն ու ծանրությունը բարձրացնում են հավանականությունը, որ նա կարող է  թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և խոչընդոտել դատավարությանը:

«Գործին առնչվող բոլոր մարդիկ արդեն հարցաքննվել են կամ իրենց դիրքորոշումն են հայտնել և նյութերում չկան փաստեր, որ իմ պաշտպանյալը կխոչընդոտի գործի քննությանը կամ առանց հարգելի պատճառի չի ներկայանա դատարան»,- նշեց փաստաբանը:

Փաստաբանը նաև նշեց, որ իր պաշտպանյալը խնամքի տակ ունի անչափահաս երեխաներ, ունի նաև առողջական խնդիրներ և մշտապես բժշկական հսկողության կարիք:

«Ազատության մեջ ոչ միայն չի կարող պատշաճ ապահովել այդ, այլ նաև կարող է վատթարանալ նրա առողջական վիճակը, նրա խնամքի տակ է գտնվում նաև հաշմանդամություն ունեցող եղբայրը»,-պարզաբանեց Գրիշա Բալասանյանը:

Փաստաբանի ներկայացրած միջնորդությունը` խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին որոշումը դատարանը կքննարկի հաջորդ դատական նիստին` նոյեմբերի 25-ին:

Ամբաստանյալ Էդուարդ Զեյթունյանի քույրը ներկա էր դատական նիստին, որի ընթացքում նա ներկայացրեց, որ Էդուարդը իր ընտանիքի միակ կերակրող ձեռքն է և ապրուսի միջոցը, նրա  խնամքին կա անչափահաս երեխա, կինը վատառողջ է, եղբայրն էլ սրտի և ողնաշարի խնդիր ունի։ «Մենք խնդրում ենք, որ մեր տղաներին ազատ արձակեն, չենք ասում, որ անկարգություն արել են կամ չեն արել: Եթե ՀՀ քաղաքացի է, խնդրում ենք մեղմ վարվել, որպեսզի այն չնչին տոկոսը, որ Հայաստանում է գտնվում, գոնե  փախուստի չդիմի: Տուժողների մեջ երևում է, որ ոչ մեկն այնպես չի տուժվել, որ կիրառվի ծանր հանցագործության համար պատիժ: Նրանք հանցագործ չեն, հասարակ բանվոր տղաներ են, որոնց կարիքը մենք շատ ունենք»,-նշեց տիկին Լուսինեն:

Ամբաստանյալներից Հարություն Թորթոսյանի մայրն էլ մեզ պատմեց, որ որդին զբաղվում է փայտի մշակմամբ․ «Նա լավ արհեստավոր է, մարդ ով չունի քրեական անցյալ, չի եղել դեպք, որ որևէ մի հարևան բողոքի նրա վարքի մասին, ես չեմ ուզում խոսել որպես մայր: Ստեղծեցին այնպիսի պայմաններ, որ Սարի թաղի ժողովուրդը դուրս գա հունից: Ինչպես կարող է 40 աստիճան շոգի մեջ մարդկանց առանց տրանսպորտային միջոցների թողնել: Ախր ուղիղ ճանապարհ չի, սար է, որ ոտքով իջնեն: Գազ չկար, ջուր չկար, հոսանք չկար: Փոխանակ պատժեն այն մարդկանց, ովքեր պատասխանատու են մի մեծ թաղամասում էդ վիճակը ստեղծելու համար, բերեցին էս ժողովրդին նստացրին հարյուր տարվա հանցագործների հետ մի խցում:

Դրդել են, երիտասարդ տղաներ են հունից դուրս են գալիս, երբ տեսնում են, որ ոստիկանը ձեռքը տանում է ատրճանակին կամ փորձում է հարվածել տարեց մարդուն: Նրանք էլ հունից դուրս են գալիս»:

Գործով ամբաստանյալների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter