
Հայաստանում ամենահարուստներն ավելի են հարստացել, ամենաաղքատներն՝ աղքատ էլ մնացել
2015 թվականին Հայաստանի տնտեսության աճի տեմպը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 3%-ով, ինչը բավարար չէ երկրում աղքատության մակարդակի նվազման համար: 2015-ին աղքատության մակարդակը վիճակագրորեն չի փոփոխվել, նախորդ տարվա համեմատ այն նվազել է միայն 0.2 տոկոսային կետով (30.0%-ից 29.8 %):
2015-ին, ինչպես և նախորդ վեց տարիների ընթացքում Հայաստանում աղքատության մակարդակը դեռ գերազանցել է 2008-ի աղքատության մակարդակը (27.6%): Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» հրապարակման տվյալները։
2015-ին Հայաստանում աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 900 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` մոտ 310 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` 60 հազար մարդ: 29.8% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 8.4%-ը շատ աղքատ է (առանց ծայրահեղ աղքատների), իսկ 2.0 %-ը՝ ծայրահեղ աղքատ, մնացած 19.4%-ը՝ ուղղակի աղքատ է:
Հայաստանում աղքատության մակարդակի վերաբերյալ զեկույցում հետաքրքիր փաստերը շատ են։ Դրանցից առավել ուշագրավներից մեկը վերաբերում է սպառման ծավալներին, որոնք ուղղակիրոն ցույց են տալիս, որ Հայաստանում ամենաաղքատները համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո մնացել են նույն մակարդակում կամ հետընթաց են ապրել, իսկ ամենահարուստներն ավելի են հարստացել։
Այսպես, ԱՎԾ-ն արձանագրում է, որ ազգային մակարդակով, 2008-2015թթ. սպառման աճ չի նկատվել ամենաաղքատ (առաջին դեցիլի) բնակչության մոտ, իսկ աննշան աճ գրանցվել է երրորդ դեցիլի բնակչության մոտ (0.1%՝ յոթ տարվա ընթացքում): Նրանք երկրի ամենաաղքատ խավն են։ Սպառման ծավալների աճ չարձանագրվելն ուղղակիորեն նշանակում է, որ նրանք այս տարիներին առաջընթաց չեն ապրել՝ 2015-ին նույնքան աղքատ են եղել, որքան 2008-ին էին։ Ավելին՝ շատ հնարավոր է, որ ավելի են աղքատացել։
Իսկ առավել ամենամենահարուստներն ավելի են հարստացել։ Դրա մասին էլ վկայում է այն, որ նշված ժամանակահատվածում սպառման աճ է նկատվել մնացած բոլոր դեցիլային խմբերում, իսկ ամենաբարձր տեմպը գրանցվել է տասներորդ դեցիլի բնակչության մոտ (15.2%)։
«Ճգնաժամից ամենից շատ տուժել է ամենաաղքատ առաջին դեցիլային խումբը ք.Երևանում (2.6% անկում) և գյուղական բնակավայրերում (1.8% անկում), իսկ 49 ամենահարուստ 10-րդ դեցիլային խումբն ամենաշատն է շահել ճգնաժամից ք. Երևանում, իսկ Երևանից դուրս` այլ քաղաքներում այն անգամ նվազել է»,- նշված է ԱՎԾ հրապարակման մեջ։
Հավելենք, որ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:
2015-ին աղքատության ընդհանուր՝ վերին և ստորին, ինչպես նաև ծայրահեղ աղքատության գծերը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են` համապատասխանաբար 41 698 դրամ (կամ 87.2 ԱՄՆ դոլար), 34 234 դրամ (կամ 71.6 ԱՄՆ դոլար) և 24 109 դրամ (կամ 50.4 ԱՄՆ դոլար):
Մեկնաբանել