
Գևորգ Սաֆարյանը պնդում է, որ իր նկատմամբ հարուցված գործը շինծու է
Ամալյա Մարգարյան
«Այսօր մենք մի անգամ ևս տեսանք, որ այս քրեական գործը ամբողջությամբ շինծու է. վկան միայն մի քանի անգամ պնդել է, որ ինքը նախաքննության ընթացքում դիտել է միայն մեկ տեսագրություն և տեսագրության մեջ որևէ մեկին մատնացույց չի արել, լինի քաղաքացի, թե ոստիկան»,- մեղադրող կողմի վերջին վկայի հարցաքննությունից հետո դատարանի դահլիճում հայտարարությամբ հանդես եկավ Գևորգ Սաֆարյանը:
Շարունակելով ցումունքն ամբաստանյալն ավելացրեց. «Վկան նաև ասաց, որ քննիչն է վկային փաստացի հուշել տեսանյութում ներկայացված մարդկանց տարիքը, և հոգեբանական ներգործություն է ունեցելնրա վրա»:
Դատական նիստի ընթացքում մեղադրող կողմի վկա Կարեն Հովհաննիսյանը, պատասխանելով կողմերի հարցերին, ասաց, որ 2015-ի դեկտեմբերի 31-ի երեկոյան աշխատանքի է եղել Երևան քաղաքի Ազատության հրապարակի հարակից ստորգետնյա ավտոկայանատեղիում և լսել է հրապարակից լսվող աղմուկ: Իր աշխատակցի հետ մոտեցել է և մոտ 15- 20 մետրից նկատել իրարանցումը ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև: Տեղացող առատ ձյան պատճառով չի կարողացել տեսնել նրանց դեմքերը. «Հավաքվածները մեկը մյուսին հարվածում էին, ոստիկաններն էին վազում»,- նշեց վկան:
Վկա Կարեն Հովհաննիսյանը նշեց նաև, որ իր կոլեգաների հետ Նոր տարին նշելուց հետո, երբ նորից ավտակայանատեղիից բարձրացել են հրապարակ, չեն լսել ձայներ:
Վկան չի տեսել Գևորգ Սաֆարյանին, չի նկատել նաև տոնածառի համազգեստով որևէ մեկին, միայն նկատել է գետնին ընկած տոնածառի կտորներ:
Վկային լսելուց հետո դատախազը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի ընթերցվեն նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը, քանի որ պնդում էր, որ այդ երկու ցուցմունքների մեջ կան հակասություններ:
Նախաքննության ընթացքում տրված ցուցմունքն ընթերցելուց հետո կողմերը շարունակեցին իրենց հարցերն ուղղել վկային, և ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը հարցրեց, թե արդոք վկան որևէ մեկի դեմքը տեսել է և արդյոք տեսագրության մեջ որևէ մեկին մատնացույց արել է թե, ոչ, այս հարցերին վկան տվեց մերժողական պատասխաններ:
Վկային լսելուց հետո պաշտպանող կողմի վկա Վահրամ Պետրոսյանը ներկայացավ դատարան և պատմեց Ամանորի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները:
Վկան նշեց, որ իր երեխաների հետ է եղել Ազատության հրապարակում և նախօրոք տեղյակ է եղել այնտեղ կազմակերպվող միջոցառման մասին, հրապարակում է նաև Ձմեռ պապի հանդերձանքով տղամարդ, ով ձեռքին պահել է եղևնի:
«Երբ Ձմեռ պապը բարձրացավ ավտոկայանատեղիից, անմիջապես նրա դեմը փակեցին ոստիկաններ, սկսեցին քաշքաշել, մոտեցան այլ ոստիկաններ, որոնց թվում նաև գնդապետ Օսիպյանն էր: Ամենից շատ տպավորվել է այն, որ այդտեղ ներկա էր նաև գնդապետ Օսիպյանը, ով մի կողմից խոսում էի քաղաքացիների հետ, մյուս կողմից փորձում ջարդել տոնածառը, որն արդեն խլել էին: Տեղի ունեցավ բավականին մեծ քաշքշուկ: Այս դեպքից մի քիչ հետո, Ազատության հրապարակի մի հատվածում նկատեցի իրարանցում, մոտեցա և տեսա, որ մեր ընկերներից Հովհաննես Ղազարյանը գետնին է, և ոստիկանները հարվածում էին նրան, հայհոյում»,-նշեց վկան:
Ցուցմունքի ընթացքում վկան ավելացրեց, որ ինքը չի տեսել և վստահ կարող է ասել, որ Սաֆարյանը ոչ մեկին չի հարվածել: Ավելացրեց նաև, որ տոնածառի ճյուղերն ամրացված են եղել թելերով:
Իսկ քննիչի մոտ եղած ժամանակ վկան տեսել է մի տեսագրություն, որտեղ տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանը սայթաքում և ընկնում է.«Կադրում այդ պահին երևում է մի ոտք, քննիչը պնդել է, որ այդ ոտքն է եղել ոստիանին հարվածողը, որը պատկանել է Գևորգ Սաֆարյանին»: Տեսագրության մեջ նա չի տեսել, որևէ մեկի բռունցքը, որով հարված է հասցվել տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանին:
Վկա Վահրամ Պետրոսյանը նշեց նաև, որ իրադարձության ընթացքում ինքը նույնպես հարված է ստացել ոստիակնների կողմից քունքի շրջանում, բայց լարված իրադրության մեջ կարողացել է իրեն տիրապետել: Հետո նշեց, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ պարբերաբար եղել են բռնություններ, որոնցից մեկն էլ մահափորձի տեսքով է եղել, բայց բոլորը աչք են փակել:
Մեկնաբանել