
«Անելիք բանկ»-ն ավելացրել է կանոնադրական կապիտալը. հայտնվել է օֆշորում գրանցված նոր բաժնետեր
«Անելիք բանկ»-ն ավարտել է լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման գործընթացը: Բանկը հայտնում է, որ բոլոր 405.511 բաժնետոմսերը տեղաբաշխվել են փակ բաժանորդագրությամբ: Համալրումն իրականացվել է բանկի նոր բաժնետիրոջ կողմից, ինչի արդյունքում բանկի կանոնադրական կապիտալն ավելացրել է 21,8 մլրդ ՀՀ դրամով:
Հիշեցնենք՝ «Անելիք բանկ»-ի կանոնադրական կապիտալը սեպտեմբերի 30-ի դրությամբ 9,8 մլրդ դրամ էր: ՀՀ կենտրոնական բանկը 2014 թվականի դեկտեմբերին փոփոխեց տեղական բանկերի համար սահմանված նորմատիվային կապիտալի նվազագույն շեմը՝ 5 մլրդ դրամից դարձնելով 30 մլրդ դրամ։ Սահմանված պահանջն ուժի մեջ է մտնելու 2017թ․-ի հունվարի մեկից:
«Բաժնետերերի կողմից ձևավորվել է բանկի նոր Խորհուրդ, որում ընդգրկվել են բանկային համակարգում բազմամյա փորձ ունեցող մասնագետներ: Հիմնվելով բանկի նոր բաժնետիրոջ թիմային փորձի վրա` բանկը որդեգրելու է նոր ռազմավարություն` նպատակ ունենալով առաջատար դիրքեր զբաղեցնել ՀՀ բանկային համակարգում: Հիմնվելով լավագույն միջազգային ֆինանսական համակարգերի փորձի վրա` «Անելիք բանկ»-ն առաջարկելու է իր հաճախորդների պահանջմունքներին համապատասխան թարմացված բանկային ծառայությունների տեսականի` համալրված առաջադեմ տեխնոլոգիական լուծումներով»,- այսօր տարածած հաղրոդագրության մեջ հայտնել է բանկը:
«Անելիք բանկ»-ի բաժնետոմսերի հաջող թողարկումը վկայում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա ներդրողների կողմից հետաքրքրվածության մասին, ինչն էլ հնարավորություն կտա առաջիկայում մեծացնել բանկի գործունեության շրջանակները»,- ասել է «Անելիք բանկի» խորհրդի նոր նախագահ Վարդան Դիլանյանը:
Հիմա տեսնենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել և ով է նորահայտ բաժնետերը:
«Անելիք բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990թ. օգոստոսի 1-ին թեթև արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների կողմից՝ որպես փայատիրական կոմերցիոն բանկ:
1996թ. «Անելիք» փայատիրական առևտրային բանկը գրանցվել է և սկսել է գործել որպես «Անելիք Բանկ» ՍՊԸ: 2007թ. «Անելիք բանկ» ՍՊԸ-ն վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության:
«Անելիք բանկ»-ի միակ բաժնետերը CreditBank S.A.L-ն էր: Սա լիբանանյան բանկ է, որի բաժնետերեըը լիբանանյան ծագման ընկերություններ և անձինք են: Կանոնադրական կապիտալի համալրումից հետո «Ալելիք բանկ»-ում CreditBank S.A.L-ի բաժնեմասը կազմում է 40 տոկոս: Իսկ 60 տոկոսի բաժնետերը Fistoco Ltd-ն է:
Fistoco Ltd-ն նոր ընկերություն է: Գրանցվել է Կիպրոսում 2016թ. հուլիսի 20-ին: Կիպրոսի ընկերությունների ռեգիստրից «Հետքի» ձեռք բերած փաստաթղթի համաձայն՝ Fistoco Ltd-ի միակ բաժնետերը «Անելիք բանկ»-ի խորհրդի նոր նախագահ Վարդան Դիլանյանն է: Թե ինչու է նոր նախագահը որոշել օֆշորային ընկերության միջոցով մուտք գործի «Անելիք բանկ», հայտնի չէ: Հայտնի է, սակայն, այն, որ Վարդան Դիլանյանը ֆինանսական տարբեր կառույցներում աշխատելու մեծ փորձ ունի:
Վարդան Դիլանյանի կենսագրության մեջ նշվում է, որ նա ծնվել է Մոսկվայում: 1994թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, այնուհետև` «Սկոլկովո» Մոսկվայի կառավարման դպրոցը: 2008-2011թթ. աշխատել է «ԲԻՆ բանկ» ԲԲԸ-ի տարբեր ղեկավար պաշտոններում: 2008թ. նշանակվել է «ԲԻՆբանկ» ԲԲԸ-ի նախագահ: «ԲԻՆ բանկ»-ը մասնավոր ֆինանսական ընկերություն է: 2011թ.-ից աշխատում է «Ակսենչեր» (Accenture PLC) խորհրդատվական ընկերությունում: Ներկայումս Ակսենչեր» Accenture PLC ներկայացուցչության ղեկավարն է /համատեղությամբ/, Ղազախստանում «Ակսենչեր Թեքնոլոջի Վեչրզ Բ.Վ.» ՍՊ ՓԲԸ մասնաճյուղի տնօրեն, ինչպես նաև` «Ակսենչեր» ՍՊԸ կառավարիչ-տնօրեն «Ֆինանսական ծառայություններ» գործառնական խմբում:
Բանկի խորհրդի կազմում է հայտնվել նաև մեկ այլ բինբանկցի՝ Մաքսիմ Մորոզովը: Նա էլ «ԲԻՆ Բանկ Ստոլիցա» ԲԸ վարչության նախագահն է:
Կիպրոսյան Fistoco Ltd-ն բանկային բիզնեսում և ընդհանրապես որևէ այլ ոլորտում կենսագրություն չունեցող ընկերություն է: 1000 բաժնետոմսից է բաղկացած բաժնեմասը, որից յուրաքանչյուրի արժեքը մեկ եվրո է: Թե որտեղից է ընկերությունը 21,8 մլրդ դրամ ներդրել «Անելիք բանկում» առանց որևէ գործունեություն ծավալալելու հայտնի չէ, քանի որ Կիպրոսի ընկերությունների ռեգիստրում որևէ նշում չկա: Չկան նաև բանկային վարկերի կամ պարտավորությունների մասին տեղեկություններ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել