HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Ձեռնարկությունների ինկուբատոր»-ի ստեղծած ընկերությունների բաժնետոմսերի ոդիսականը

Հայաստանում գործող «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ստեղծած ընկերություններում բաժնեմասերի օտարման գործարքներում խնդրահարույց կետեր ու օրենքի խախտումներ են հայտնաբերվել։

ՀՀ վերահսկիչ պալատը (ՀՀ ՎՊ) վերահսկողություն է իրականացրել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում։ Ուսումնասիրվել է 2006-2016թթ. ժամանակահատվածի գործունեությունը, այդ թվում՝ հիմնադրամի ստեղծած ընկերությունների բաժնետոմսերի օտարման գործարքները։ 

Հիշեցնենք, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ստեղծվել է 2001 թվականին՝ ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը միջազգային չափանիշներին հասցնելու նախապայմաններ ստեղծելու, ինչպես նաև Համաշխարհային բանկի կողմից տրամադրված «Ձեռնարկությունների ինկուբատոր» վարկային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով։ Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ կառավարության։ Համաշխարհային բանկի վարկային միջոցները տրամադրել է Հիմնադրամին` որպես դրամաշնորհ: Վարկի սպասարկման և հետագայում նաև մարման որևէ պարտավորություն Հիմնադրամը չունի: Այլ խոսքով՝ այն բաժնեմասերը, որոնք Հիմնադրամն ունեցել է տարբեր ընկերություններում և որոնց մասին խոսվում է հոդվածում, մեծ հաշվով՝ պատկանել է պետությանը։ Բագրատ Ենգիբարյանը Հիմանդրամի ստեղծման պահից առ այսօր Հիմնադրամի տնօրենն է: 

Ինչպես է հիմնադրվել «Սորսիո» ընկերությունն ու ամբողջությամբ անցել Հովհաննես Ավոյանի ձեռքը 

2005 թվականի դեկտեմբերին «Ձեռնարկությունների ինկկուբատոր» հիմնադրամն ու այդ ժամանակ հիմնադրամի խորհրդի անդամ հանդիսացող Հովհաննես Ավոյանը 50/50 տոկոս բաժնային մասնակցությամբ ստեղծել են «Սորսիո» ՓԲ ընկերությունը։ Կանոնադրական կապիտալը կազմել է 30,8 մլն դրամ։ Հիմնադրամի խորհուրդը հավանություն է տվել այս ընկերության ստեղծմանը։ 

«Սորսիո»-ն զբաղվում է համակարգերի ծրագրավորմամբ։ Հիշեցնենք, որ Հովհաննես Ավոյանը ներկայում հայտնի «Պիկսարտ» (Picsart) ընկերության հիմնադիրն է։ «Պիկսարտ»-ն, ինչպես կտեսնենք ներքևում, ծագել է հենց «Սորսիո»-ից։ 

Ըստ ՎՊ-ի՝  Հովհաննես Ավոյանի մասնակցությունն այստեղ հակասում է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջին, ըստ որի՝ Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների: Իսկ Հովհաննես Ավոյանն այդ ժամանակ եղել է հիմնադրամի մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի անդամ։ 

Մոտ կես տարի անց՝ 2006 թվականի հունիսին, Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը Խորհրդին հայտնել է, որ որոշ կազմակերպություններ հետաքրքրություն են ցուցաբերել «Սորսիո» ընկերությունում Հիմնադրամի բաժնեմասը ձեռքբերելու հարցում։ Նա առաջարկել է քննարկել այդ մասնակցությունը 20% հավելաճով օտարելու նպատակահարմարությունը, ինչն էլ լիազորվել է Խորհրդի կողմից՝ միայն ոչ թե 20% հավելաճով, այլ՝ ոչ պակաս, քան 20%-ով։ 

Հետագայում՝ 2007 թվականի մայիսի 12-ին և դեկտեմբերի 17-ին, «Սորսիո» ՓԲ ընկերության բաժնետոմսերը՝ 18.48 մլն դրամ ընդհանուր արժեքով, առանց Խորհրդի կողմից ընդունված համապատասխան որոշումների, օտարվել են Հ. Ավոյանին։ Նա այդ ժամանակ հանդիսացել է «Սորսիո» ՓԲ ընկերության հիմնադիրը, 50%-ի բաժնետերն ու ընկերության տնօրենը։ Իսկ Խորհրդի անդամի նրա լիազորությունները մինչ այդ դադարեցված են եղել։ 

Ստացվում է, որ Հովհաննես Ավոյանը, ի հակառակ օրենքի պահանջի՝ ինչպես համարում է ՎՊ-ն, Հիմնադրամի հետ ստեղծել է «Սորսիո» ընկերությունը։ Այնուհետև դուրս եկել հիմնադրամի խորհրդի կազմից ու գնել ընկերության մյուս 50% բաժնեմասը։ ՎՊ-ի հաշվետվությունում նշվում է, որ Խորհրդի անդամի նրա լիազորությունները դադարեցվել են 2006-ի հունիսին։ Ուշագրավ է, որ հենց 2006-ի հունիսին էր Բագրատ Ենգիբարյանը հայտնել, որ որոշ կազմակերպություններ Հիմնադրամի՝  «Սորսիո»-ում ունեցած բաժնեմասը գնելու ցանկություն ունեն։ 

Այս գործարքում ևս երկու ուշագրավ դրվագ կա։ Առաջինն այն է, որ ցանկություն հայտնած կազմակերպություններից հենց Հ. Ավոյանին է վաճառվել ընկերության 50% բաժնեմասը։ Երկրորդը՝ Խորհուրդը լիազորել էր այն վաճառել ոչ պակաս, քան 20% հավելաճով։ Պարզ հաշվարկով՝ Հ. Ավոյանին հենց լիազորված նվազագույն շեմով էլ վաճառվել է (կանոնադրական կապիտալը կազմել է 30,8 մլն դրամ, Հիմնադրամի բաժնեմասը՝ 15,4 մլն դրամ, 20% հավելաճով՝ 18,48 մլն դրամ)։ Հարց է առաջանում՝ եթե եղել են գնելու ցանկություն հայտնած այլ կազմակերպություններ, ապա չի՞ գտնվել որևէ կազմակերպություն, որը 20%-ից բարձր հավելաճ է առաջարկել։ Եթե անգամ չի գտնվել, ի՞նչ սկզբունքով է որոշվել հենց Հ. Ավոյանին վաճառել բաժնեմասը։ 

Այս հարցերի պատասխանները, սակայն, չկան, քանի որ ինչպես բացահայտել է ՎՊ-ն, Հիմնադրամում չեն պահպանվել բաժնեմասերի ձեռքբերման վերաբերյալ կազմակերպությունների առաջարկները վկայող փաստաթղթերը։ Մինչդեռ ՀՀ կառավարության «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» որոշման համաձայն՝ դրանք պետք է պահպանվեին։ 

Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ըստ ՎՊ-ի, Հիմնադրամի մասնակցությամբ «Սորսիո» ՓԲ ընկերության բաժնեմասը ոչ պակաս 20% հավելաճով օտարելու նպատակահարմարությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր Խորհրդին չի ներկայացրել: Այլ խոսքով՝ Հիմնադրամի բաժնեմասերն օտարվել են առանց Խորհրդի համապատասխան որոշումների: 

Հիմնադրամի բաժնեմասի վաճառքի նպատակահարմարությունը կասկածելի է, քանի որ դրանից առաջ ընկերությունն արդեն իսկ գործարկել է հաջողված ծրագրային համակարգեր («Մոնիտորաս» և «Մոնիտիս» անուններով) և ունեցել աճի հեռանկարներ։ 

ՓՄՁ ԶԱԿ-ը «Սորսիո»-ին 125 մլն դրամի վարկ է տրամադրել 

Ի դեմս մեկ այլ հիմնադրամի՝ պետությունը «Սորսիո» ընկերությունում հետագայում ևս բաժնեմաս է ունեցել ու նորից օտարել։ ՎՊ հաշվետվության մեջ գրված է, որ ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի որոշմամբ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի կողմից «Սորսիո» ՓԲ ընկերությանը տրամադրվել է 125 մլն ՀՀ դրամի վարկ՝ առանց գրավի, տարեկան 0.001% տոկոսադրույքով։ Վարկի տրամադրման համար հիմք է հանդիսացել ընկերության ներկայացրած բիզնես նախագիծը, որտեղ առանցքային տեղ է զբաղեցնում «Մոնիտիս» համակարգը. այն ներկայացվում է որպես «Սորսիո» ընկերության հաջողված և արժեքավոր արտադրանք: Վարկի տրամադրման վերաբերյալ նույնը կարդում ենք նաև ՓՄՁ ԶԱԿ 2009 թվականի տարեկան հաշվետվության մեջ, որը հրապարակվում է կենտրոնի պաշտոնական կայքում։ Այստեղ, հաշվի առնելով տոկոսադրույքի չափն ու գրավի բացակայությունը, երևում է, որ «Սորսիո»-ն բավական գրավիչ պայմաններով է վարկը ստացել։ 

Ըստ ՎՊ-ի՝ 2009-ի մայիսի 5-ին «Սորսիո» ՓԲ ընկերության կանոնադրական կապիտալն ավելացել է ու հասել 41,56 մլն դրամի: Արդյունքում, ՓՄՁ ԶԱԿ-ը «Սորսիո» ՓԲ ընկերությունում 2009 թվականի մայիսի 12-ի դրությամբ ունեցել է 25,9% բաժնեմաս։ Սական, դրա 6%-ն օտարել է 2009 թվականի սեպտեմբերին, իսկ մնացած 19,9%-ը՝ 2011 թվականի հուլիսին: Ուշագրավ է, որ ՓՄՁ ԶԱԿ-ն իր բաժնեմասն օտարել է այն ժամանակ, երբ ընկերությունն արդեն գործարկել էր հաջողված ծրագրային ևս մեկ համակարգ՝  «Պիկսարտ»-ը։ Բայց թե ու՞մ է օտարվել և ի՞նչ պայմաններով, չի նշվում ո՛չ ՎՊ-ի հաշվետվության մեջ, ո՛չ էլ՝ ՓՄՁ ԶԱԿ-ի հաշվետվություններում։ 

Այս հարցերի վերաբերյալ «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ օրեր առաջ ՓՄՁ ԶԱԿ-ից հայտնեցին, որ երկու դեպքում էլ բաժնետոմսերը վաճառվել են «Սորսիո» ՓԲԸ բաժնետեր Հ. Ավոյանին։ «Բաժնետոմսերի օտարման արդյունքում առաջացած 125 մլն ՀՀ դրամը փոխանցվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ ինչպես նախատեսված է եղել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև 11.03.2009թ. ստորագրված վարկային պայմանագրով»,- նշված է կենտրոնի պատասխանում: 

Ըստ ՎՊ-ի՝ Հիմնադրամի և ՓՄՁ ԶԱԿ-ի՝ «Սորսիո» ՓԲ ընկերությունում ունեցած բաժնեմասերն օտարելիս ընկերությունն արդեն գործարկել էր հաջողված ծրագրային համակարգեր (առաջին դեպքում «Մոնիտորաս» և «Մոնիտիս», երկրորդ դեպքում՝ «Պիկսարտ»), որոնց հաջողված և արժեքավոր լինելու հանգամանքը երկու դեպքում էլ պարզ էր թողարկումից կարճ ժամանակ անց: Պետական շահի տեսանկյունից անհասկանալի և ոչ շահավետ է բաժնեմասերի վաղօրոք և առանց իրական շուկայական գնի որոշման օտարումը: 

Նշված փաստերը ցույց են տալիս, որ «Սորսիո»-ի հիմնադիր Հ. Ավոյանը երկու դեպքում էլ ընկերությունում ունեցած Հիմնադրամների բաժնեմասերը գնել է այն ժամանակ, երբ ընկերությունն ունեցել է աճի հեռանկարներ և արդեն գործարկել հաջողված ծրագրեր։ Առաջին գործարքում մասնակցել է նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ առաջին հերթին առաջ քաշելով հիմնադրամի ունեցած բաժնեմասի վաճառքի հարցը։ 

Թե ինչ է մտածում ՎՊ-ի հաշվետվության վերաբերյալ Հ. Ավոյանը, պարզել չհաջողվեց, քանի որ «Պիկսարտ»-ի գրասենյակից օրեր առաջ մեզ հայտնեցին, որ նա Հայաստանում չէ, իսկ էլեկտրոնային փոստով նրան ուղարկված մեր գրությանը պատասխան չի տրվել:   

«Ձեռնարկությունների ինկուբատոր»-ը վաճառել է նաև «Էյ-Այ-Թի»-ում ունեցած բաժնեմասը 

ՎՊ-ի հաշվետվության մեջ բացահայտումներ են ներկայացված նաև «Էյ-Այ-Թի» ՓԲ ընկերության բաժնեմասերի վաճառքի վերաբերյալ։ Սա ևս այն ընկերություններից մեկն է, որում «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ը բաժնեմաս է ունեցել։ Ստեղծվել է 2006  թվականին՝ Հիմնադրամի 50% բաժնային մասնակցությամբ։ Մյուս 50%-ի բաժնետիրոջ կամ բաժնետերերի անունը հաշվետվությունում չի նշվում։ Ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է 30 մլն դրամ։ Ինչպես «Սորսիո»-ի, այնպես էլ «Էյ-Այ-Թի» -ի պարագայում Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին լիազորվել է որպես Հիմնադրամի ներկայացուցիչ  կնքել ընկերության հիմնադիր պայմանագիր և մասնակցել ընկերության հիմնադիր ժողովին:

2007-ի մայիսի «Էյ-Այ-Թի» ՓԲ ընկերության բաժնետոմսերը օտարվել են «Ավիաինֆոտել» ՓԲ ընկերությանը 20% հավելաճով՝ 18 մլն դրամ ընդհանուր արժեքով: Ուշագրավ է, որ Խորհուրդը որոշել էր դրանք օտարել անվանական արժեքով: 

Այս դեպքում ևս ոչ փաստաթղթերն են պահպանվել, ոչ էլ բաժնեմասի վաճառքի նպատակահարմարությունն է պարզ։ Իսկ առավել ուշագրավ է այն, որ Հիմնադրամի բաժնեմասերի իրական (շուկայական) արժեքների գնահատում չի կատարվել։ Այստեղ ռիսկն այն է, որ շուկայական արժեքով այն կարող էր ավելի բարձր գնահատվել, քան անվանական արժեքով։ 

ՎՊ-ն համարում է, որ անվանական արժեքով վաճառքը ևս հակասում է օրենքին. «Հիմնադրամի բաժնեմասը վաճառվել է կամայականորեն սահմանված (չհիմնավորված) 20% հավելյալ արժեքով՝ ընդամենը 18 մլն դրամ գումարով»: 

Այս և վերևում նշված փաստերի վերաբերյալ «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ը առարկություններ է ներկայացրել՝ մեծամասամբ չընդունելով, որ կատարվել են օրենքի խախտումներ։ 

«Ձեռնարկությունների ինկուբատոր»-ի գործունեության վերաբերյալ այլ բացահայտումներ ևս կան։ Թե ինչ ընթացք կստանան դրանք, ժամանակը ցույց կտա։ 

Լուսանկարները՝ Բագրատ Ենգիբարյանի և Հովհաննես Ավոյանի ֆեյսբուքյան էջից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter