HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Բողոք ենք պատրաստում». Հովհաննես Ավոյանը՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն առարկություններ է ներկայացրել ՀՀ Վերահսկիչ պալատի (ՀՀ ՎՊ) «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ կազմված ընթացիկ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվության) վերաբերյալ։ 

Այդ թվում՝ հիմնադրամն առարկություններ է ներկայացրել իրենց կողմից ստեղծված ընկերություններում բաժնեմասի օտարման վերաբերյալ ՎՊ-ի նշած դրույթների մասով, որը ներկայացրել ենք նախորդ հոդվածում:  

Մեր հոդվածի հրապարակումից հետո էլեկտրոնային փոստով ուղարկած գրությանը, որն ուղարկել էինք նոյեմբերի 7-ին, պատասխանեց նաև  «Սորսիո» (Sourcio) և «Պիկսարտ» (Picsart) ընկերությունների հիմնադիր Հովհաննես Ավոյանն, ով այս պահին Հայաստանում չէ։ Հիշեցնենք, որ նա «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ ստեղծել է «Սորսիո» ընկերությունն ու հետագայում հիմնադրամի բաժնեմասը ևս ձեռք բերել։  Այնուհետև գնել է նաև Հայաստանի ՁՄՁ ԶԱԿ-ի ունեցած բաժնեմասը։ Այս ամենի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ նախորդ հոդվածում։ 

Նա նշեց, որ ՎՊ-ի հաշվետվությունում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ պատրաստվում են բողոք ներկայացնել։  «Բավականին սխալ ինֆորմացիա կա մեր մասին և մենք պատրաստում ենք պաշտոնական բողոք Վերահսկիչ Պալատին։ Ցավոք, ապատեղեկատվությունները տարածվում են և բացասական անդրադառնում մեր և մեր երկրի իմիջի վրա»,- նշեց Ավոյանը՝ ավելի ուշ հավելելով, որ «բազմաթիվ անճիշտ և ազատ մեկնաբանություններ կան»։ 

Առաջիկայում սպասում ենք բողոքի վերաբերյալ ավելի հստակ տեղեկությունների, այդ թվում՝ թե կոնկրետ ով է բողոք պատրաստում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրա՞մը, թե՞ անձամբ ինքը՝ Հ. Ավոյանը։  

Իսկ մինչ այդ հիմնադրամի առարկությունների մասին։ Հիմնադրամի առարկության մեջ «Հիմնադրամի կողմից ստեղծված ընկերություններում բաժնեմասի օտարման վերաբերյալ» հատվածը 6-7 էջ է, որը փորձենք ներկայացնել առավել  համառոտ։ 

Այսպես, «Սորսիո» ընկերության ստեղծման հարցում այդ ժամանակ հիմնադրամի խորհրդի  անդամ հանդիսացող Հովհաննես Ավոյանի 50% բաժնային մասնակցության մասին  հիմնադրամը ներկայացրել է հետևյալ առարկությունը. «Հիմնադրամին պատկանող բաժնետոմսի վաճառքի գործարքը մի իրավաբանական անձի հետ, որի բաժնետոմսերը պատկանում են Հիմնադրամի խորհրդի անդամի չի կարող հանդիսանալ Հիմնադրամի գույքի օգտագործում «ի շահ» խորհրդի անդամի, քանի, որ նախ նման գործարքի կատարումը ինքնին «ի շահ» չէ՝ այն կարող է նաև վնասաբեր լինել, բացի այդ գործարքի մյուս կողմում ոչ թե անմիջականորեն խորհրդի անդամ հանդիսացող անձն է այլ միանգամայն այլ իրավաբանական անձ, որի բաժնետոմսերի մի մասը պատկանում է խորհրդի անդամին։ Բացի այդ պետք է ընդգծենք, որ նշված գործարքով Հ.Ավոյանը որպես խորհրդի անդամ չի քվեարկել խորհրդի որոշման կայացման գործընթացում՝ բացառելով շահերի հնարավոր բախումը»։ 

ՎՊ-ի հաշվետվությունում նաև նշվում է, որ չեն պահպանվել մշտական պահպանության ենթակա փաստաթղթերը, մասնավորապես՝ «Էյ Այ Թի» ՓԲԸ-ում և «Սորսիո» ՓԲԸ-ում հիմնադրամի ունեցած  բաժնետոմսերի օտարման վերաբերյալ։ «Որպես որոշակի փաստաթղթեր պահպանելու Հիմնադրամի պարտականության իրավական հիմքն Հաշվետվության մեջ վկայակոչվում է ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի 3 ցանկը հաստատելու մասին» թիվ 351-Ն որոշումը, նշենք որ տվյալ իրավական ակտը չի կարող Հիմնադրամի համար հանդիսանալ որոշակի փաստաթղթերի պահպանման պարտավորություն առաջացնող իրավական հիմք, քանի որ ՀՀ կառավարության վերը նշված որոշման 1-ին կետի բ) մասի համաձայն՝ տվյալ որոշման գործողությունը չի տարածվում այլ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության արդյունքում առաջացած փաստաթղթերի վրա, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Իր հերթին «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի (ինչպես նաև մեզ հայտնի որևէ այլ օրենքի) շրջանակում նման կարգավարում առկա չէ»,- նշվում է հիմնադրամի առարկության մեջ՝ նաև հավելելով, որ Պալատի կողմից հիշատակվող փաստաթղթերն ամեն դեպքում պահպանվել են այլ պետական մարմիններում, Հիմնադրամն այս առումով չի հանդիսանում պահպանության պարտականություն կրող միակ և առաջնային մարմինը:   

Հիմնադրամի հաջորդ առարկությունը վերաբերում է առանց խորհրդի կողմից ընդունված համապատասխան որոշման բաժնետոմսերի օտարմանը։ Հիմնադրամը շեշտում է, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը հիմնադրամի գույքի օտարումը չի սահմանում որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասության մեջ ներառված հարց:  Գույքի օտարման իրավասությունը բացակայում է նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» կանոնադրության 67-րդ հոդվածով նախատեսված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բացառիկ իրավասությունների ցանկում: «Այլ խոսքերով, Հիմնադրամի գույքի՝ այդ թվում և բաժնետոմսերի օտարման իրավունքը «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 1) կետի ուժով հանդիսանում է տնօրենի իրավասությունը, հոգաբարձուների խորհուրդը զուտ սահմանում է գույքի տնօրինման կարգը»,- առարկում  է հիմնադրամը: 

Իսկ որոշակի արժեքով բաժնետոմսերի օտարելու նպատակահարմարությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր խորհրդին չներկայացնելու մասով հիմնադրամը նշում է, որ  քննարկվող իրավահարաբերության նկատմամբ կիրառելի օրենսդրությամբ նախատեսված չէ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին բաժնեմասի օտարման նպատակահարմարությունը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման որևէ պարտականություն: 

Հիմնադրամի կողմից ստեղծված ընկերությունների բաժնետոմսերի իրական արժեքի գնահատման և դրանց վաճառքի հավանական գնի որոշման վերաբերյալ էլ նշվում է, որ  բաժնետոմսերի իրական արժեքը դա սկզբնական արժեքն է, ինչ վերաբերվում է վաճառքի հավանական գնին ապա արժեթղթերի շուկայի բացակայության պարագայում վաճառքի հավանական գին կարող է համարվել 20% հավելաճը սկզբնական արժեքի նկատմամբ։ Հիշեցնենք, որ ըստ ՎՊ-ի. «Ձեռնարկությունների ինկուբատոր»   հիմնադրամի և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի՝ «Սորսիո» ՓԲ ընկերությունում ունեցած բաժնեմասերն օտարելիս ընկերությունն արդեն գործարկել էր հաջողված ծրագրային համակարգեր (առաջին դեպքում «Մոնիտորաս» և «Մոնիտիս», երկրորդ դեպքում՝ «Պիկսարտ»), որոնց հաջողված և արժեքավոր լինելու հանգամանքը երկու դեպքում էլ պարզ էր թողարկումից կարճ ժամանակ անց: Պետական շահի տեսանկյունից անհասկանալի և ոչ շահավետ է բաժնեմասերի վաղօրոք և առանց իրական շուկայական գնի որոշման օտարումը»: 

Իսկ հիմնադրամը առարկում է, որ իրական արժեքի գնահատման մեթոդների, հայեցակարգային մոտեցումների և օրենսդրության պահանջների անտեսում տեղի չի ունեցել, քանի որ Հիմնադրամն առաջնորդվել է 39 ստանդարտի՝ վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներին վերաբերվող պահանջներով։ «Բաժնետոմսերի օտարման գործընթացի վերաբերյալ Պալատի դիտարկումների մասով կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Հիմնադրամը ոչ առևտրային իրավաբանական անձ է (Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1ին մաս) և Հիմնադրամի կողմից համապատասխան ներդրումներ կատարելը հետապնդել է ոչ թե եկամուտ ստանալու նպատակ այլ, Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված նպատակների (օրինակ ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստելու) իրականացման խնդիր։ Այլ խոսքերով բաժնետոմսերի օտարման շահութաբեր լինելը Հիմնադրամի առաջնային խնդիրը չէր կարող լինել»,- նշվում է հիմնադրամի առարկության մեջ։ 

Լուսանկարը՝  ԻՏՁՄ պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter