HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակի նախագիծը ենթադրում է աշխատակիցների թվի աճ և 18,7 մլն դրամի չափով աշխատավարձի ֆոնդի ավելացում

Գայանե Սարգսյան

Վանաձորի քաղաքապետարանը նոյեմբերի 5-ին նշանակված  համայնքի ավագանու արտահերթ նիստի օրակարգում ներառել էր  համայնքապետարանի աշխատակազմի թվաքանակի, հաստիքացուցակի ու դրույքաչափերի հաստատման հարցը: Նիստն, ինչպես գիտեք, չկայացավ ընդդիմադիր երեք կուսակցությունները ներկայացնող ավագանու անդամների բոյկոտելու պատճառով: Օրակարգային հարցերն էլ, բնականաբար, կփոխանցվեն ավագանու հաջորդ նիստի օրակարգ:

Դեռևս հոկտեմբերի 17-ին՝ համայնքի նորընտիր համայնքապետի՝ Մամիկոն Ասլանյանի երդմնակալության օրը ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը անդրադառնալով Վանաձորի համայնքապետարանի ուռճացված աշխատակազմին, ասել էր. «Մենք ունենք շատ ուռճացված ապարատ: Վանաձոր քաղաքի շուրջ 2.3-2.4 մլրդ դրամ բյուջեի հիմնական մասը մենք ուղղում ենք միայն աշխատավարձ վճարելուն: Որտե՞ղ է լինելու այս քաղաքի զարգացումը, որտե՞ղ է լինելու այս քաղաքի ծրագրերի իրականացումը»:

Դ. Լոքյանը համայնքի ղեկավարի ու ավագանու առաջնահերթ լուծելիք խնդիրը համարել էր սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշի բարձրացումն ու ուռճացված աշխատակազմից ձերբազատումը:

Ակնկալվում էր, որ ուռճացված աշխատակազմից ձերբազատումը նորընտիր քաղաքապետն ու ավագանին կսկսեն հենց քաղաքապետարանից: Ավագանու նիստին ներկայացվելիք աշխատակազմի հաստիքացուցակի նախագիծը, սակայն, հուշում է ճիշտ հակառակը:

Նախարարի ուղերձից 20 օր հետո Վանաձորի քաղաքապետարանի նախկին 160 աշխատակցի փոխարեն այսօր արդեն ավագանուն է  ներկայացվում 178 աշխատակցի ցուցակ:

Հաստիքացուցակում որոշակի տեղաշարժեր են գրանցվել. որոշ բաժիններում մի քանի հաստիքներ կրճատվել են, որոշներում՝ ավելացել:  Երկու բաժիններ միավորվել են: Աշխատակիցների թվաքանակի էական նվազում, սակայն, դրա արդյունքում չի գրանցվել:

Այսպես, եթե Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը բավարարվում էր մեկ տեղակալով՝ 238 000 դրամ ամսական աշխատավարձով, ապա Մ. Ասլանյանը հարկ է համարել ունենալ երկուսը՝ 441 000 դրամ ամսական աշխատավարձի ֆոնդով: Փոխարենը վերջինս 81 000 դրամի չափով իջեցում է նախատեսել մամուլի քարտուղարի պաշտոն  զբաղեցնողի համար. մինչ այժմ քաղաքապետի մամուլի քարտուղարի աշխատավարձի չափը կազմում էր 190 000 դրամ, հաստատվելու դեպքում կկազմի 109 000 դրամ:

Ավագանու հավանությանն արժանանալու դեպքում քաղաքապետարանում կբացվի նոր՝ հանրային կապերի, լրատվության և արարողակարգերի բաժին՝ 6 աշխատակցով ամսական 1 մլն 898 հզր դրամ աշխատավարձի ֆոնդով: Ակնկալվում է, որ այս բաժնում պետք է ընդգրկվեին լուսանկարչի, օպերատորի հաստիքները ևս: Սակայն ոչ:

Քաղաքապետարանում հարմար են գտել լուսանկարիչ- օպերատորի հաստիքը ներառել տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ ենթավերնագրի տակ՝  պարետի, հավաքարարի, փականագործի, տնտեսվարի ու էլեկտրիկի հետ միասին:

Ընդ որում,  լուսանկարիչ-օպերատորի հաստիքի համար նախատեսվում է աշխատանքի ընդունել երկու անձի՝ 0.5 դրույքաչափով: Կես դրույքով աշխատող լուսանկարիչ-օպերատորներից յուրաքանչյուրի համար նախատեսելով  ամսական 95 000 դրամ աշխատավարձ: Այսինքն, ստացվում է, որ այս պաշտոնի 1 դրույքաչափի վարձատրության չափը ավելին է, քան քաղաքապետարանի ցանկացած բաժնի պետի աշխատավարձը՝ 175 000 դրամը:

Մինչ այժմ քաղաքապետարանի սպասարկող անձնակազմը ներառում էր էլեկտրիկի 1, հավաքարարի 7, փականագործի՝ 1, պահակի՝ 3, վարորդի՝ 4 հաստիք: Այժմ այս հաստիքներին ավելացել են պարետի, տնտեսվարի ու գործավարի հաստիքները, համապատասխանաբար 105 000, 100 000 և  78 000 դրամ ամսական աշխատավարձի ֆոնդով:

Նոր հաստիքացուցակով առաջարկվում է նաև 5 խմբակցություններից 2-ական աշխատակցի՝ գործավարի ու փորձագետի հաստիքներ՝պայմանագրային հիմունքներով աշխատելու համար, որոնցից յուրքանչյուրի ամսական աշխատավարձի չափը կկազմի 78.000 դրամ:

Ի մի բերելով հաստիքացուցակը, պարզ է դառնում, որ ավագանու կողմից հաստատվելու դեպքում համայնքապետարանի 178 հոգանոց աշխատազմի ամսական աշխատավարձի ֆոնդը կկազմի 16 մլն 347 հազար դրամ մինչ այժմ ուռճացված համարվող 160 հոգանոց աշխատակազմի 14 մլն 781 հազար 544 դրամի փոխարեն: Սա նշանակում է, որ համայնքի սուղ բյուջեից հատկացվելիք աշխատավարձի ֆոնդը ամսական կավելանա 1 մլն 565 հազար 456, իսկ տարեկան՝ 18 մլն 785 հազար դրամի չափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter