HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Օգնության ձեռք կառավարությանը. վերաֆինանսավորման տոկոսադրույքն այս տարի 7-րդ անգամ է իջեցվում

Երեկ ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) հայտարարեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.5%: Վերջին երկու ամսում սա արդեն երկրորդ անգամն է, որ ԿԲ-ն որոշում է իջեցնել այն։ Իսկ տարեսկզբից 7-րդ անգամ է իջեցվում։ 

Շատերին վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը, գուցե, ոչինչ չասի, սակայն իրականում այն կարևոր դեր է խաղում տնտեսական գործընթացներում։ 

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով ԿԲ-ն վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին:  Դրա նվազումը որոշ ժամանակ անց (սովորաբար դա ամիսներ է տևում) հանգեցնում է բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազմանը ու տնտեսությունը սկսում է ավելի ազատ շնչել։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը հանգեցնում է փողի էժանացմանը։ Իսկ տոկոսադրույքի աճի դեպքում թանկանում են վարկերն ու հետևաբար՝ փողը։ 

Այս տոկոսադրույքի փոփոխությունների միջոցով ԿԲ-ն կառավարում է գնաճը, վերահսկում բանկային տոկոսադրույքների մակարդակը։  Երբ գնաճի տեմպը բարձր է լինում և կանխատեսվում է այդ տեմպի պահպանում կամ նորից աճ, ԿԲ-ն բարձրացնում է այն՝ փորձելով զսպել գնաճը։ 

Այս անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման հիմքում ԿԲ  խորհրդի այն  գնահատականն է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ դեռևս չեն ակնկալվում: «2017թ. առաջին եռամսյակում ակնկալվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցում, ինչն առաջարկի գործոն է և միայն  կարճաժամկետ հատվածում կհանգեցնի գնաճի որոշակի նվազման: Այնուամենայնիվ, ԿԲ խորհուրդը կարծում է, որ միջնաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը պահպանվում են, որոնց ներկայումս ավելացել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության գործոնը: Այս պարագայում դեռևս նպատակահարմար է դրամավարկային պայմանների որոշակի թուլացումը»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ:    

Այս տարեսկզբում վերաֆիանսավորման տոկոսադրույքը 8.75% էր։ Այսինքն՝ ընթացքում այն նվազել է 2.25 տոկոսային կետով։  Ու դա կարևոր նախապայման է տնտեսության և հատկապես բիզնեսի աշխուժացման համար։ Այլ հարց է՝ արդյոք ԿԲ-ն չէ՞ր կարող ավելի արագ տեմպերով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։  Դեռ տարեսկզբից գրանցված նվազման արդյունքները, հնարավոր է, նոր միայն երևան: Տարվա վերջում, հավանաբար, արդեն հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ ազդեցություն է ունեցել վերաֆիանսավորման տոկոսադրույքի նվազումը բանկերի կողմից տրվող վարկերի ու ներգրավվող ավանդների տոկոսադրույքների ու դրանց ծավալների վրա, ինչպես նաև՝ այլ գործոնների։  

Թե որքանով կկարողանա օգտվել ՀՀ կառավարությունն այս նախապայմաններից, դժվար է ասելը։ Տեսակետ կա, որ հենց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությանն օգնելու համար է ԿԲ-ն նվազեցնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Հարցը կապվում է նաև եկող տարի Հայաստանում սպասվող ընտրությունների հետ։ Համենայնդեպս, փաստ է, որ վարկային տոկոսադրույքների պայմանները մեղմացվում են և կառավարությունը պետք է կարողանա օգտվել դրանից ու բաց չթողնել հերթական հնարավորությունը։ 

 Տվյալները՝ ՀՀ ԿԲ-ի 

2014 թվականին՝ մինչ տարեվերջ, վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազման միտում է գրանցել։ Սակայն, նույն տարվա դեկտեմբերից այն զգալի բարձրացավ, որի պատճառը դրամ-դոլար փոխարժեքի նույնքան զգալի տատանումներն էին ու դրա հետևանքով առաջացած շոկը։ 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ԿԲ-ն որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել միանգամից 1.75 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5%։ ԿԲ-ն հայտարարեց, որ տոկոսադրույքը բարձրացվում է ապագա գնաճային ճնշումները մեղմելու և առկա գնաճային սպասումները նպատակային ցուցանիշի շուրջ խարսխելու նպատակով։  Տարվա ընթացքում այն հասավ 10.5%-ի։ 

2014-ին ամենացածր  տոկոսադրույքը կազմել է 6.75-ը։ Սա նշանակում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն այս տարվա սեպտեմբերին միայն «ուշքի է եկել» և վերադարձել 2014-ի մակարդակին։ Իսկ երեկ արձանագրված  0.25 տոկոսային կետով նվազումն արդեն մեկ քայլ առաջ է 2014-ի մակարդակից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter