
Ծովինար Հովհաննիսյան. «Մեր հիմնարկի հետ մի բան կատարվում է, բայց մենք տեղյակ չենք»
«Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ի ավտոմատացման բաժնի վարիչ Ծովինար Հովհաննիսյանը կարծում է, որ իրենց ՊՈԱԿ-ի հետ որևէ գործընթաց է կատարվում, սակայն իրենք տեղյակ չեն։
Մասնավորապես՝ բաժնի վարիչը մեզ հետ զրույցում նշեց, որ նախորդ շաբաթ գրապալատ է ժամանել Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը, ուսումնասիրել գրապալատի արխիվը, որից հետո բաժնի աշխատակիցները, ՊՈԱԿ-ի տնօրենից հետաքրքրվել են, թե որն է պատճառը, որ գրադարանի տնօրենը ծանոթացել է իրենց ՊՈԱԿ-ի աշխատանքներին, սակայն դրան ի պատասխան, ըստ բաժնի վարիչի, հիմնարկի տնօրենը հայտնել է, որ գաղտնիք է, չի կարող ասել։
«ՊՈԱԿ-ների կրճատման, վերամիավորման մասին վարչապետի հրահանգը հաշվի առնելով՝ մտածում ենք, որ մեր ՊՈԱԿ-ը կա՛մ վերամիավորում են ազգային գրադարանի հետ, կա՛մ մեզ տանում են գրադարանի շենք։ Մեր հիմնարկի հետ մի բան կատարվում է, բայց մենք տեղյակ չենք»,- «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Ծովինար Հովհաննիսյանը։
ՊՈԱԿ-ի ավտոմատացման բաժնի վարիչը պնդում է, որ դեմ են ՊՈԱԿ-ի՝ ազգային գրադարանին միացնելու գաղափարին, քանի որ, «Հայաստանի ազգային գրապալատ»-ը 94 տարվա կառույց է, և նախկին ԽՍՀՄ երկրներում գրապալատները պահպանված են, սակայն Հայաստանում ցանկանում են դրանք վերամիավորել որևէ կառույցի հետ. «Ուրեմն Վրաստանի չափ չկա՞նք, որ չկարողանանք առանձին գրապալատ պահենք»,-ասում է բաժնի վարիչը։
Ինչպես «Հետք»-ին պարզաբանեցին մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մշակույթի ոլորտում գործող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարության վերանայման մասին ՀՀ կառավարության հանձնարարականի համատեքստում՝ «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ հետագա կարգավիճակի հարցը ներկայումս քննարկման փուլում է։
«Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ը ազգային մատենագիտության, մամուլի մատենագիտական տեղեկատվության ու վիճակագրության, սոցիոլոգիական հետազոտությունների, կենտրոնացված քարտագրացուցակավորման, ինչպես նաև համահայկական տպագիր արտադրանքի անձեռնմխելի ազգային արխիվային ավանդադրված ֆոնդի պահպանության կենտրոնն է: Գրապալատը հիմնադրվել է 1922 թվականին և ունի 1920-ից հանրապետությունում և սփյուռքում լույս տեսած տպագիր ամեն տեսակ նյութերի (գրքեր, թերթեր, ամսագրեր, նոտաներ, գեղարվեստական ալբոմներ, քարտեզներ, գիտաժողովների նյութեր, թատերական և մշակութային միջոցառումների ազդագրեր, ծրագրեր, հրավիրատոմսեր և այլն) ավելի քան մեկ միլիոն հաշվվող անձեռնմխելի արխիվային հավաքածու: Գրապալատի հավաքածուները գոյանում են հանրապետությունում հրատարակչությունների կողմից լույս տեսած մամուլի, գրականության և այլ կարգի տպագիր արտադրանքների պարտադիր և անվճար օրինակների հատկացման, իսկ սփյուռքից՝ կամավոր նվիրատվությունների միջոցով:
Մեկնաբանել