
«Գյումրի գարեջուր» ընկերությունը նվազեցրել է հարկային պարտավորությունները. ՏՄՊՊՀ-ն գործը կուղարկի ՊԵԿ
Գարեջրի շուկայի ուսումնասիրության ընթացքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բացահայտել է նաև մեկ այլ գերիշխող ընկերության՝ «Գյումրի գարեջրի» գործունեության հետ կապված խնդիրները: Ինչպես տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն, գնային բարձրացում է արձանագրվել նաև այս ընկերության մոտ, ինչի կապակցությամբ ՏՄՊՊՀ-ը պահանջել է ներկայացնել համապատասխան հիմնավորումներ:
Ըստ «Գյումրի գարեջրի» պարզաբանումների, ավելացել են որոշ ծախսեր, ինչն էլ անդրադարձել է ինքնարժեքի ձևավորման վրա: Սակայն, Հանձնաժողովի ուսումնասիրությունները պարզել են, որ փաստաթղթերում նշված ծախսերը ուռճացված են և կրում են ձևական բնույթ:
Մասնավորապես, այն պարագայում, երբ ընկերության իրացման ծավալները նվազել են շուրջ 17 տոկոսով, տրանսպորտային ծախսերը, որոնք անմիջականորեն կապված են իրացման ծավալների հետ, աճել են շուրջ 86 տոկոսով: Խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ ընկերությունը սեփական մեքենաները անհատույց կերպով տրամադրել է իր հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության և վերջինից վարձակալել նույն մեքենաները, ինչի արդյունքում տրանսպորտայի մասով տարեկան ծախսերը կազմել են շուրջ 276 մլն դրամ: Պարզվել է նաև, որ ընկերությունը իր մի քանի նախկին աշխատակիցների, ինչպես նաև որոշ անհատ ձեռնարկատերերի պատվիրել է իրականացնել շուկայի վիճակագրական ուսումնասիրություն կամ մատուցել մարքետինգային ծառայություններ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը հասնում է մինչև 29 մլն դրամի: Ընդ որում այս ծառայությունների մատուցման վերաբերյալ որևէ փաստ կամ պատշաճ հաշվետվություն առկա չէ:
Անիրատեսական ծախսերի ավելացման միջոցով «Գյումրի գարեջուրը» փորձել է նվազեցնել հարկային պարտավորությունները
Վերը նշված, ինչպես նաև մի շարք այլ բացահայտումներ, հիմք են տալիս եզրակացնելու, որ մարքեթինգային և տրանսպորտային ծախսերի անվան տակ «Գյումրի գարեջուր» ընկերությունը արհեստական կերպով բարձրացրել է ծախսերը, ինչն էլ իր հերթին ազդել է վերջինիս եկամտաբերության վրա: Ըստ Հանձնաժողովի, նմանատիպ ծախսեր ցույց տալու միջոցով ընկերությունը փորձել է նվազեցնել հարկային պարտավորությունները: Նկատի ունենալով ընկերության փաստաթղթերում բացահայտված խնդրահարույց հանգամանքները, Հանձնաժողովը որոշեց ուսումնասիրության արդյունքները ուղարկել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ հետագա ընթացքն ապահովելու համար:
Մեկնաբանել