HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերժվեց «Սարի թաղի» գործով մեղադրյալների ներկայացրած երեք միջնորդությունները

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Հայկ Հովհաննիսյանի, Արման Մխիթարյանի, Նարեկ Սարգսյանի, Ալբերտ Ավագյանի քրեական գործը, որում որպես տուժողներ են ճանաչվել ոստիկանության 46 ներկայացուցիչներ: Ամբաստանյալները մեղադրվում են 2016թ.-ի հուլիսի 20-ին զանգվածային անկարգությունների ժամանակ իրենց ծառայողական պարտավորություններն իրականացնող ոստիկանների նկատմամբ բռնություն իրագործելու մեջ:

Դատարանի դահլիճում ամբաստանյալների և տուժողների ինքնությունը ճշտելուց հետո, մեղադրյալ կողմի պաշտպանները հանդես եկան միջնորդությամբ:

Տուժող 46 ոստիկաններից դատարան էին ներկայացել 15-ը:

Մեղադրյալներից Հայկ Հովհաննիսյանը ներկայացավ դատարանին և ասաց, որ սովորում է ՀՊՃՀ-ի չորրորդ կուրսում, նրա պաշտպան Աննա Ջուվանովան ներկայացրեց միջնորդություն` խափանման միջոցը փոխարինելու վերաբերյալ: Պաշտպանը նշեց, որ Հայկ Հովհաննիսյանի ազատության իրավունքն է խախտվում. «Հարցաքննվել են բոլոր վկաները, հավաքվել են բոլոր գրավոր փաստաթղթերը, հետևաբար քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է ազատ արձակել Հայկ Հովհաննիսյանին»,-նշեց պաշտպանը:

Աննա Ջուվանովան հայտնեց, որ ամբաստանյալն արդեն 5 ամիս է գտնվում է կալանքի տակ, զրկված է ընտանիքի անդամների հետ շփվելու իրավունքից, ազատությունից, զրկված է դասի հաճախելու հնարավորությունից, ապա դատարանին ներկայացրեց նաև Հայկ Հովհաննիսյանի մասին պատմող դրական բնութագրեր, և ավելացրեց, որ իր պաշտպանյալը  մի քանի գիտական աշխատանքի հեղինակ է, հեռանկար ունեցող մասնագետ:

Նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց միջնորդությունը:

Նարեկ Սաևգսյանի փաստաբան Արայիկ Պապյանը հանդես եկավ խափանման միջոցը գրավով կամ ստորագրությամբ փոխարինելու միջնորդությամբ:

Ամբաստանյալ Նարեկ Սարգսյանն էլ հանդես եկավ բանավոր միջնորդութմաբ և նշեց, որ չի կարող այս պահին խոչընդոտել գործի քննությանը, քանի որ գտնվում է անազատության մեջ, դատարանում, բայց ունի ծանրակշիռ փաստեր, որոնք ապացուցում են իր անմեղությունը.«Իմ կնոջ խնամքի տակ են անչափահաս 5 տարեկան որդիս և նրա հաշմանդամություն ունեցող մայրը, իսկ նրա աշխատելու ունակությունները սահմանափակ են, ես իմ ընտանիքի միակ կերակրողն եմ: Ես ուզում եմ ուղղակի ներկայացնել իմ խնդիրներն ու պահանջների պատճառները»:

Դատախազի դիրքորոշումը լսելուց հետո պաշտպան Արայիկ Պապյանը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ սա այն վայրը չէ որտեղ պետք է հանդես գալ միմյանց ներկայացրածի վերաբերյալ գնահատականներով.

«Վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ է տրվել խախտում և՛ իմ պաշտպանյալի, և՛ մյուս ամբաստանյալների նկատմամբ. կիրառվել է խափանման այսպիսի միջոց: Եթե կա հավանականությունը այլ անձանց վրա ազդեցություն գործածել, ապա օրենքը նախատեսում է նաև այդ անձանց նկատմամբ պաշտպանություն կիրառելը, ինչո՞ւ  վարույթն իրականացնող  մարմինը չի վարվել այսպես: 46 ոստիկանների նկատմամբ պաշտպանության միջոց կկիրառեին և այս անձինք  կլինեին ազատության մեջ, այսինքն չեն արել ուղղակիորեն նախատեսված իրենց պարտականությունները, ուղղակի հեշտ ճանապարհով են գնացել, անձանց  կալանավորել են և հիմա էլ դատախազը նշում է, որ հիմքերը պահպանվում են»:

Ներկայացված միջնորդությունը մերժվեց, մերժվեց նաև Ալբերտ Ավագյանի պաշտպան Սուզաննա Խչեյանի ներկայացրած միջնորդությունը, որտեղ  փաստաբանը նշել էր խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ փաստերը. ամբաստանյալն ապրում է անչափահաս քրոջ և տատի հետ, հիվանդության պատճառով բանակից վաղաժամկետ զորացրվել է, ունի դրական բնութագիր:

Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 25-ին:

Ամբաստանյալներ Հայկ Հովհաննիսյանի, Արման Մխիթարյանի, Նարեկ Սարգսյանի, Ալբերտ Ավագյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեկան օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ամալյա Մարգարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter