
Մեծամորում հարկերը դժվարությամբ են հավաքում, բայց ավագանու անդամներն արտոնություններ են տալիս իրենց ու մերձավորներին
2016թ. 3-րդ եռամսյակում Մեծամոր քաղաքային համայնքի շենքերի և շինությունների գույքահարկի հավաքագրումը կատարվել է պլանավորվածի 57,7%-ի չափով, իսկ հողի հարկը՝ 52,4%, փոխադրամիջոցներինը՝ 125,4%:
Շենքերի և շինությունների գույքահարկի հավաքագրման ցածր ցուցանիշը չի սթափեցրել Մեծամորի ոչ համայնքապետին, ոչ ավագանու անդամներին: Վերջիններս, օրինակ՝ օգոստոսի 19-ի որոշումով զիջել են համայնքի թվով 5 բնակիչների շենք-շինությունների, հողի հարկի և ավտոմեքենաների գույքահարկի պարտքերը: Ընդ որում՝ նշված 5 քաղաքացիներից 4-ը եղել են ավագանու անդամներ կամ նրանց ազգականները: Նշված ավագանու անդամները մասնակցելով քվեարկությանը, խախտելով ՏԻՄ մասին օրենքի պահանջը, կողմ են քվեարկել իրենց կամ մերձավոր ազգականների օգտին կայացված որոշմանը:
Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետ. Համայնքի ավագանու անդամը պարտավոր է. «չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին»: |
Մասնավորապես՝ զիջվել է Սլավիկ Ղումաշյանի շենք-շինությունների գծով ունեցած 356 400 դրամ պարտքը: Սլավիկը ավագանու անդամ Սուրեն Ղումաշյանի եղբայրն է:
Զիջվել է նաև ավագանու անդամներ Արարատ Մարտիրոսյանի կուտակած 455 700 դրամ ավտոմեքենայի գույքահարկը, Գնել Գաբոյանի 195 400 դրամ շենք-շինությունների, Արմեն Արտենյանի 20 350 դրամ հողի հարկի պարտքերը: Նշված ավագանու անդամները մասնակցել են նիստին և քվեարկել իրենց պարտքը զիջելու օգտին:
Բանը հասել է նրան, որ ավագանու անդամները զիջել են նաև աղբի և բնակարանների սպասարկման իրենց ունեցած պարտքերը: Օրինակ՝ նույն օրվա որոշմամբ զիջվել է ավագանու անդամ Գևորգ Հովհաննիսյանի 8200 դրամ աղբի և 35 600 դրամի չափով բնակարանային սպասարկման վարձավճարները: Ինչպես նաև զիջվել են ավագանու անդամ Մասիս Ղուլիջանյանի եղբոր՝ Արարատ Ղուլիջանյանի ունեցած 14 500 դրամ աղբի և 49 500 դրամ բնակարանի սպասարկման վարձավճարները:
Արմավիրի մարզում դժվար է գտնել մեկ համայնք, որտեղ ավագանու անդամները որոշումներ կայացնելիս շահերի բախման մեջ չհայտնվեն: Նրանք անտեսելով օրենքի պահանջը համայնքային բյուջեից արտոնություններ են ստանում կամ «լավություն» անում մերձավոր բարեկամներին:
Մեկնաբանել