HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Բնակիչը պնդում է՝ կոյուղու վթարում է, կոմունալ բաժնի պետը՝ բնակիչների անփութությունն է

Արմինե Վարդանյանի ընտանիքը հինգ տարի առաջ Ռոստովյան 36 հասցեի իրենց բնակարանը գնելիս տեղյակ չի եղել, որ շենքը կոյուղու խնդիր ունի։ Ասում է՝ քանի որ առաջին հարկում պետք է բնակվեին, ցանկանում էին, որ նկուղն էլ չոր լիներ, այդ պատճառով մինչ տունը գնելը ուսումնասիրել են տարածքը, հարևաններից հետաքրքրվել և տեղեկացել, որ կոյուղու հետ կապված որևէ խնդիր չկա։

Արմինեի դիտարկմամբ՝ այդ խնդիրները ծագել են իրենց բնակարան տեղափոխվելուց մեկ տարի անց. նկատել են, որ բնակարանի նկուղ ջուր է լցվում, այնտեղից հոտ է գալիս։

«Նկուղում պահածոներ պահելու տեղ ունենք։ Լինում է՝ իջնում ենք ներքև, նկատում, որ ողջ հատակը՝ մի 15 սմ, ջուր է լցված։ Համատիրությունից կանչում ենք, գալիս են, նասոսով այդ ջուրը հանում են։ Մինչև խնդրում ենք, մինչ իրենք գալիս են... բացի այդ, պետք է շատ ուշադիր լինես, որ այդ ամենը տեղի ունենա։ Երկու-երեք ամիսը մեկ այս խնդրի առաջ ենք կանգնում։ Ամառը այդ կոյուղաջրերից հոտ է գալիս, հակասանիտարական վիճակ է ստեղծվում»,-ասում է նա։

Ամիսներ առաջ արված լուսանկար

Արմինեի ամուսինը՝ Հրանտը, շարունակում է կնոջ խոսքը՝ նշելով, որ իրականում խնդիրը չի լուծվում, վերացվում են միայն հետևանքները. «Այսինքն՝ գալիս, այդ կոյուղաջրերը մաքրում, գնում են, սակայն չեն փորձում պարզել, թե ինչի պատճառով են այդ կոյուղաջրերը լցվում շենքի նկուղը»։

Ըստ Հրանտի՝ համատիրությունը այդ հարցը «գցում է» ջրմուղի վրա, ջրմուղը՝ համատիրության։ Երբ դիմում են «Երևան ջուր» ընկերություն, ասում են՝ բակային տարածքներն իմը չեն, համատիրությունն էլ հայտնում է՝ շենքն է իմը, բակը մաքրում եմ, բայց կոյուղին, որը բակով է անցնում, ինձ չի պատկանում։ Հրանտը ամռանը քաղաքապետարան դիմում-նամակ է գրել, որին ի պատասխան՝  տեղեկացրել են, թե իրականում նման թյուրիմացություն կա, և այդ ծառայությունը որևէ մեկին չի պատկանում, պետք է սպասել. 2017թ.-ից կոյուղիների սպասարկմամբ զբաղվելու է նոր ընկերություն, որն անպայման այդ խնդիրը կկարգավորի։

Օրեր առաջ Ռոստովյան 36 հասցե են այցելել քաղաքապետարանի, թաղապետարանի և համատիրության ներկայացուցիչները։ Քաղաքապետարանի աշխատակիցը խոստացել է, որ կհետազոտեն ու քայլեր կձեռնարկեն խնդիրը լուծելու համար։

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման բաժնի պետ Էդվարդ Ենոքյանը «Հետք»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ Ռոստովյան 36 շենքում կոյուղագծերի որևէ լուրջ խնդիր, վթար չկա, և որ բնակիչների անփութության պատճառով է այդ խցանումը առաջանում։ Հավաստում է, որ ինչպես ցանկացած այլ կոյուղագծերի, դիտահորերի, այնպես էլ այս պարագայում լինում են խցանումներ, որոնց «Երևան ջուր»-ը արագ արձագանքում է։

«Այդ շենքի հետ կապված որևէ լուրջ խնդիր չկա, որ այն վերանորոգելու համար քայլեր ձեռնարկվեն։ Իսկ կոյուղաջրերը, որ նկուղ չլցվեն, պետք է մի փոքր էլ բնակիչները մտածեն. ամեն դիտահորը մաքրելիս բնակիչները տեսնում են՝ ինչ են գցած լինում մեջը և ինչ է դուրս գալիս։ Չի կարելի նման բաներ լցնել»,-ասում է Ենոքյանը։

Բաժնի պետի պնդմամբ՝ դիտահորերը մաքրելիս դուրս են բերվում բարձի երեսներ, սավանններ, այդ պատճառով էլ կոյուղու խցանում է առաջանում։

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter