HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմա էլ «Ժողովուրդն» է դատի տալիս մարզպետին. օրաթերթը պահանջում է 1 լումա փախհատուցում

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը, ընդամենը մեկ անգամ մասնակցելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությանը՝ ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի, արձանագրեց, որ անգամ մարզպետի փաստաբանները չգիտեն՝ Պողոսյանը կաշառք վերցրե՞լ է, թե՞ ոչ: Նրանք փոխարենը հայտարարեցին, որ «Մարզպետը կաշառք է վերցրել» վերնագրով հոդվածը օրաթերթն իրավունք չուներ գրելու, քանի որ «մարզպետը հանրային անձ է»:

Այսպիսով, «Ժողովուրդ»-ը եկել է այն եզրակացության, որ ԲՀԿ-ական մարզպետը չարաշահել է իր իրավունքները: Նա դատարանում վիճարկվող հոդվածը տպագրելուց հետո, մեկամսյա ժամկետում «Ժողովուրդ»-ին հերքման պահանջ չի ներկայացրել, (որը ներկայացնելու դեպքում կտպագրվեր):

Սա նշանակում է, որ մարզպետն իրականում խնդիր է դրել օրաթերթից ստանալ 2 մլն դրամի փոխհատուցում (և 500 հազար դրամ՝ փաստաբանական ծախսեր)՝ «Ժողովուրդ»-ին ֆինանսական վնաս պատճառելու համար: Հայցվորն իր գործողություններով ցանկանում է նաև սահմանափակել օրաթերթի՝ տեղեկատվություն տարածելու իրավունքն ու ազատությունը, «Ժողովուրդ»-ին հարկադրել հրաժարվելու իր և իր գործունեության վերաբերյալ բացասական ինֆորմացիա տպագրելու և կարծիք արտահայտելու իրավունքներից:

Այս գործողություններով, ինչպես նաև իր հրապարակային արտահայտություններով Նվեր Պողոսյանը վիրավորել և զրպարտել է «Ժողովուրդ» օրաթերթի աշխատակազմին, քանի որ օրաթերթն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվել և ղեկավարվում է ՀՀ Սահմանադրության 27 և 42.1 հոդվածների, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի 1-ին կետի և 9 հոդվածի 2-րդ կետի պահանջներով: Օրաթերթն իրականացրել և իրականացնում է մասնագիտական օրինական գործունեություն՝ մասնավորապես, վիճահարույց հոդվածում բառացի վերարտադրելով ինչպես Աննա Թորոսյանի, այնպես էլ Նվեր Պողոսյանի խոսքերը:

Այսպիսով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի, 8-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, «Ժողովուրդ»-ը Նվեր Պողոսյանից պահանջում է ընդամենը 1 (մեկ) լումա: Իսկ դատական ծախսերը չի պահանջում, քանի որ դատարան դիմելով՝ ոչ թե ցանկանում է Նվեր Պողոսյանից գումար ստանալ, այլ պաշտպանել «Ժողովուրդ»-ի (խմբագրի և աշխատակազմի) պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը:

Դատարանը հակընդդեմ հայցի շրջանակներում պետք է քննի և պարտադրի ԲՀԿ-ական մարզպետին տպագրելու հետևյալ տեքստը. «Ես՝ Նվեր Պողոսյանս, ներողություն եմ խնդրում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանից և աշխատակազմից՝ նրանց պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու (վիրավորելու և զրպարտելու) համար»:

Վաղը՝ ժամը 11-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Ռուբեն Ափինյան), կքննվի «Ժողովուրդ»-ի դեմ ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանի ներկայացրած դատական հայցը: Հարությունյանը օրաթերթից պահանջում է 2 մլն դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթ

Մեկնաբանություններ (1)

Քաջիկ
Հարգելի խմբագրություն, ինձ թվում է, որ մի քիչ շտապում եք: Վնասի հատուցման հայցով կարող եք դիմել դատարան միայն այն բանից հետո, երբ դատարանը պաշտոնյայի հայցը համարի ակնհայտ անհիմն ու մերժի: Ստորև ներկայացնում եմ ՀՀ քաղ. դատ. օրենսգրքի համապատասխան հոդվածը. Հոդված 129. Ակնհայտ անհիմն հայց ներկայացրած անձի պատասխանատվությունը Ակնհայտ անհիմն հայցը դատարանի կողմից մերժվելու դեպքում պատասխանողն իրավունք ունի ընդդեմ հայցվորի հայց հարուցել նույն դատարան` իրեն պատճառած վնասները հատուցելու պահանջով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter